Որովհետեւ տեղական պոտենցիալ հովանավորներից ոչ մի ոգեւորություն չտեսանք. «Բամբիռը»`ամերիկյան շրջագայության եւ SXSW փառատոնին մասնակցելու մասին

12:28   18 փետրվարի, 2014

«Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբի` մարտին կայանալիք ամերիկյան շրջագայության եւ SXSW փառատոնին մասնակցելու մասին NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է: Խումբը Հայաստանից առաջինն է ու միակը, որը հրավիրված է մասնակցելու այս փառատոնին: Այն անցկացվելու է Թեխաս նահանգի Օստին քաղաքում: Փառատոնում ելույթ ունենալուց հետո «Բամբիռը» մեկնելու է Չիկագո, ուր հրավիրվել է ձայնասկավառակ ձայնագրելու, այնուհետեւ խումբը կսկսի շրջագայությունը ամերիկյան մի շարք քաղաքներում` Լոս Անջելես, Բոստոն, Նեշվիլ, Նյու Յորք եւ այլն:

ԱՄՆ մեկնելուց առաջ NEWS.am STYLE-ը զրուցել է խմբի տղաների հետ` պարզելու համար, թե ինչ ակնկալիքներ եւ սպասումներ ունեն փառատոնից եւ շրջագայությունից, որն է մեկնելու նպատակը եւ այլն:

«Դառնալ աշխարհի ամենաճանաչված խումբը»,- նշում է խմբի վոկալիստ, կիթառահար Նարեկ Բարսեղյանը եւ հավելում. «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել փառատոնի կազմակերպչական ամբողջ խմբին, որոնք մեզ մասնակցության հրավեր են ուղարկել եւ հնարավորություն ստեղծել` ներկայանալ նման խոշորագույն միջոցառմանը: Ակնկալիքները եւ սպասումները շատ են:

«Բամբիռը» լինելով Հայաստանի մեծ պատմություն ունեցող խմբերից մեկը, չեմ վախենա նշել` ամենամեծ պատմություն ունեցողը, ժամանակակից rock, rock’n roll եւ այլ ոճերի հետ մեկտեղ մեծ տեղ է տվել հայկական ժողովրդական երաժշտական ոճին: Ներկայանալով այս փառատոնին` մենք հնարավորություն ենք ունենում ոչ միայն ներկայացնել մեր աշխատանքը, այլեւ Հայաստանի մշակույթի մի մասը»:

Խոսելով հրավերը ստանալուց հետո իրենց ապրումների եւ զգացողությունների մասին, տղաներից ամեն մեկը տարբեր պատասխան է տալիս:

«Զբաղվածություն»,- նշում է Նարեկը: «Վերապրում»,- ասում է վոկալիստ, բաս կիթառահար Արման Քոչարյանը: Վարդան Փարեմուզյանը (հարվածային գործիքներ, վոկալ) ոգեւորություն է զգում, իսկ Արիկ Գրիգորյանը (բաս-կիթառ, վոկալ) հավելում. «Ուրախ եմ, որ սկիզբ կհանդիսանա նոր, ավելի լայն, տարբեր լսարանի առջեւ ներկայանալու եւ սկսելու մի նոր էջ «Բամբիռի» պատմության մեջ»:  

Տղաների խոսքով, «Բամբիռը» նոր ծրագիր է մշակում, որն էլ հենց պատրաստվում են ներկայացնել փառատոնի ժամանակ: «Պոզիտիվ եւ վայրենի, էթնիկ եւ բարձրաձայն»,- խոսելով ծրագրի մասին` նշում է Նարեկ Բարսեղյանը:

 

«Բամբիռը» Չիկագոյում պատրաստվում է ձայնասկավառակ ձայնագրել, որում, Արիկ Գրիգորյանի խոսքով, կներառվեն խմբի վերջին մեկ տարվա ընթացքում գրված երգերը, ներառյալ`մի քանի միջնադարյան հայկական ստեղծագործություններ: Իսկ Նարեկ Բարսեղյանի փոխանցմամբ, ստեղծելու են մեղեդային, տաքարյուն, ռիթմիկ մի կտավ:

Խոսելով արդեն բուն շրջագայության մասին, որը տղաները պատրաստում են իրականացնել փառատոնին մասնակցելուց հետո, նրանք նշեցին, որ շրջագայությունն իրականացնելու համար որոշեցին կազմակերպել վերջերս տարածված համացանցային նորաձեւ «crowdfunding» հանրադրամահավաք կայքում:

«Որովհետեւ տեղական պոտենցիալ հովանավորներից ոչ մի ոգեւորություն չտեսանք»,- ավելացնում է Արման Քոչարյանը:



© NEWS.am STYLE