Ժիզել Բունդխենը գաղտնի ամուսնացել է

12:08   21 դեկտեմբերի, 2025

Սուպերմոդել Ժիզել Բունդխենը կրկին ամուսնացել է։ 45-ամյա աստղը ամուսնացել է բրազիլական ջիու-ջիթսուի մարզիչ Ժոակիմ Վալենտեի հետ՝ Ֆլորիդա նահանգի Սըրֆսայդ քաղաքում գտնվող նրանց տանը՝ գաղտնի արարողության ժամանակ։

Daily Mail-ի փոխանցմամբ՝ ամուսնության վկայականը տրվել է դեկտեմբերի 1-ին, իսկ հարսանիքը՝ դեկտեմբերի 3-ին։ Բունդխենի ներկայացուցիչները դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։

Սա Ժիզելի երկրորդ ամուսնությունն է, որը տեղի է ունեցել ամերիկյան ֆուտբոլի լեգենդ Թոմ Բրեդիից նրա ամուսնալուծությունից ավելի, քան երեք տարի անց։ Զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ նույն օրը ավարտելով բոլոր ձևականությունները։ Հարսանիքը տեղի է ունեցել զույգի կյանքի կարևորագույն իրադարձությունից հետո. այս տարվա սկզբին Բունդխենը և Վալենտեն որդի են ունեցել։ Page Six-ի աղբյուրները պնդում են, որ Ժոակիմը «անչափ երջանիկ է», որ նրանք վերջապես հաստատել են իրենց հարաբերությունները երեխայի ծնունդից հետո։ Ժիզելը նաև երկու երեխա ունի Թոմ Բրեդիի հետ ամուսնությունից՝ 16-ամյա Բենջամինը և 13-ամյա Վիվիանը։

Չնայած հարսանիքը տեղի է ունեցել փակ միջավայրում և առանց որևէ պաշտոնական հայտարարության, TMZ-ի աղբյուրները նշում են, որ հրավիրված են եղել մերձավոր ազգականներ։

Ժիզել Բունդխենը և Ժոակիմ Վալենտեն հանդիպել են 2021 թվականի դեկտեմբերին, երբ մոդելը և նրա երեխաները սկսել են մարզվել Valente Brothers-ում։ Այդ ժամանակ նա դեռ ամուսնացած էր Բրեդիի հետ, բայց լրատվամիջոցներում արդեն լուրեր էին շրջանառվում նրանց հարաբերություններում ճգնաժամի մասին։



© NEWS.am STYLE