Ծաղիկներով գլխազարդեր. ավելի հեշտ չի լինում

16:10   19 փետրվարի, 2014

Նախորդ տարի ծաղիկներով գլխազարդերն իսկական բում արեցին եւ ինչ-որ տեղ նաեւ թարմություն բերեցին նորաձեւություն: Անչափ նուրբ եւ կանացի այս աքսեսուարը սիրվեց շատ աղջիկների կողմից: Այն սկսեցին կրել ինչպես երեկույթների եւ միջոացռումների ժամանակ, այնպես էլ առօրյայում: Ծաղիկներով գլխազարդերը մտան նաեւ հարսանյաց նորաձեւություն, եւ նորահարսերը քողի փոխարեն սկսեցին գլխազարդեր կրել:

 

Ծաղիկներն այս տարի չեն պատրաստվում «նահանջել», մանավանդ որ շուտով գարուն է, ուստի ժամանակն է աքսեսուարները համալրել եւս մեկով` ծաղիկներով գլխազարդով: Եթե չեք գտնում ձեր նախընտրած տեսակի գլխազարդը, ուրեմն պետք է ինքնուրույն պատրաստել, ինչը մեծ ջանքեր եւ ժամանակ չի խլում:

 

Ձեզ անհրաժեշտ են արհեստական ծաղիկներ, որոնք կարող եք գնել դիզայներեկան պարագաների ցանկացած խանութից, սիլիկոնե սոսինձ եւ մետաղյա կամ պլաստմասե երիզ, որի վրա էլ պետք է ամրացնել ծաղիկները: Իսկ մինչ այդ, երիզը պետք է պատել փափուկ ժապավենով, որպեսզի այն չցավեցնի գլխի մաշկը: Երբ ժապավենն ամրացված է, մնում է դրա վրա զգուշորեն ծաղիկներն ամրացնել` ինչ հերթականությամբ որ ցանկանում եք:



© NEWS.am STYLE