Հոլիվուդյան սարսափներ. Ռեժիսոր Ռոբ Ռեյների և նրա կնոջ սպանության գործով նոր ողբերգական մանրամասներ

15:05   24 դեկտեմբերի, 2025

«Page Six»-ը հաղորդում է, որ ռեժիսոր Ռոբ Ռեյների և նրա կնոջ՝ Միշել Ռեյների սպանության վերաբերյալ նոր ողբերգական մանրամասներ են ի հայտ եկել այն բանից հետո, երբ Լոս Անջելեսի շրջանի առողջապահության դեպարտամենտը հրապարակել է նրանց մահվան վկայականները։

Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ զույգը մահացել է մեկ այլ հարձակվողի կողմից դանակով հասցված բազմաթիվ վերքերից մի քանի րոպե անց։ Քննիչները հաստատել են, որ մահվան պատճառը սպանությունն է։

Ռոբի և Միշելի մարմինները դիակիզվել են, իսկ նրանց մոխիրը տրվել է զույգի որդուն՝ Ջեյք Ռեյներին։ Լրատվամիջոցները նախկինում հայտնել էին, որ զույգին մահացած է հայտնաբերել նրանց 28-ամյա դուստրը՝ Ռոմի Ռեյները, Լոս Անջելեսի Բրենթվուդ թաղամասում գտնվող ընտանեկան տանը։ Աղբյուրների համաձայն՝ երկուսի կոկորդներն էլ կտրված են եղել։

Նրանց որդին՝ Նիք Ռեյները, նշվել էր որպես գործի գլխավոր կասկածյալ և ձերբակալվել էր ողբերգությունից մի քանի ժամ անց։ Նրա մոտ նախկինում ախտորոշվել էր շիզոֆրենիա, նա տարիներ շարունակ պայքարել է թմրամոլության դեմ։

Նիքին մեղադրանք է առաջադրվել առաջին աստիճանի սպանության երկու դրվագով՝ ծանրացնող հանգամանքով՝ բազմակի սպանություններ կատարելու համար։ Նա կպահվի մենախցում մինչև հունվարի 7-ին նշանակված դատավարությունը։ Պաշտպանական կողմը, ինչպես սպասվում է, կհայտարարի անմեղսունակության մասին՝ խելագարության պատճառով։

Քննիչների խոսքով՝ ողբերգությունից մեկ օր առաջ Նիքի ծնողները նրան տարել են Քոնան Օ'Բրայենի տանը կազմակերպված Սուրբ Ծննդյան երեկույթի՝ վախենալով նրան մենակ թողնել նրա վատթարացող հոգեկան վիճակի պատճառով։ Ականատեսները պնդում են, որ նա այդ միջոցառման ժամանակ տարօրինակ է վարվել և կոնֆլիկտի մեջ է մտել ծնողների հետ։ Սպանությունից մեկ ամիս առաջ բժիշկները փոխել են նրա դեղորայքը, ինչը, ըստ աղբյուրների, հանգեցրել է ավելի անկայուն և վտանգավոր վարքագծի։

Photo: Amanda Edwards/WireImage



© NEWS.am STYLE