11:05 28 դեկտեմբերի, 2025Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ներկայացման պրեմիերան։
Բեմականացման հեղինակ ու բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանի խոսքով, սա ներկայացում է փոքրերի և մեծերի համար, նոր մոտեցմամբ ու նոր լուծումներով և կարգախոսն է՝ երբ երեխաները երազում են, իսկ մեծերը վերադառնում են իրենց մոլորակ։

Փոքրիկ իշխանի դերակատարման համար ռեժիսորն ընտրել է Դիանա Մալենկոյին։ Դերասանուհին նշում է, որ իր համար դա անակնկալ էր։

«Մեր մարքետինգային խումբն առաջարկեց իմ թեկնածությունն ու Գրիգն էլ ասաց, որ համամիտ է։ Միակ համամիտ չլինողը ես էի, - ժպտում է Դիանան և հավելում - բայց եթե Գրիգը տեսնում է մեկին դերի մեջ, աշխարհն էլ շուռ գա, էդպես կլինի»։

Աղվեսի կերպարի դերակատար Լիդիա Գրիգորյանի խոսքով, սա թերևս միակ դերն է, որն ինքն է առաջարկել իրեն տալ։

«Աղվեսն այն կերպարն է, որը հնչեցնում է կյանքի լավագույն օրենքները՝ սեր, ընկերություն, մարդկային բարձր արժեքներ և պատասխանատվություն նրանց հանդեպ, ում ընտելացրել եք։ Իմ քսան տարվա կարիերայի ընթացում սա, իրոք, միակ դեպքն է, որ ես իմ ցանկությունը հայտնեցի ռեժիսորին, քանի որ անչափ սիրում եմ այդ կերպարը»։

Առանձնակի պետք է նշել նկարչական ձևավորումը և զգեստները, որը հեղինակել է լեհ դիզայներ Իզաբելլա Թչիխոնսկան։ Հանդիսատեսը հայտնվում էր Փոքրիկ իշխանի երազային, լուսավոր աշխարհում անիմացիոն պատկերների և նորագույն տեխնոլոգիաների միջոցով։

