20:05 5 հունվարի, 2026Ну-ка, все вместе! նախագիծը Էլեն Բադալյանին բերեց ոչ միայն հաղթանակ, այլև սեր։ Հենց այդ նախագծից հետո հայ երգչուհուն բազմահազար հեռուստադիտողների մեջ նկատեց նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և գերմանական «Բորուսիա Մյոնխենգլադբախի» խաղացող Հրանտ-Լեոն Ռանոսը, իսկ օրերս ֆուտբոլիստն առաջարկություն արեց սիրելիին, որը բուռն տարածում գտավ հայկական մամուլում։
NEWS.am STYLE-ի հետ բացառիկ հարցազրույցում Էլենը պատմել է իր և Հրանտի ծանոթության ու սիրելիի անակնկալ առաջարկության մասին։

Էլենն ու Հրանտը ծանոթացել են առցանց՝ Instagram-ի միջոցով։ Երաժշտական մրցույթից հետո, որտեղ Էլենը գրավեց ոչ միայն առաջին տեղը, այլև հանդիսատեսի սրտերը, Ռանոսը ևս նրանով գերված՝ նամակ գրեց նրան, ինչը երգչուհին անպատասխան չթողեց։
«Հրանտն ինձ գրեց, ես նրան պատասխանեցի, ու այդպես ամեն ինչ ինքնըստինքյան ստացվեց»,-NEWS.am STYLE-ին պատմում է Էլենը։
Էլենը խոստովանում է՝ մինչև Հրանտի հետ ծանոթությունը, ժամանակ առ ժամանակ, ֆոտբոլ դիտում էր, բայց հիմա դա ավելի հաճախ է անում։ «Ինձ շատ հետաքրքիր է այդ սպորտաձևը և երբեք բաց չեմ թողնում Հրանտի մասնակցությամբ խաղերը։ Հրաշալի է, որ Ռուսաստանում ևս այդ խաղերը հեռարձակում են։ Ես մի քանի անգամ ներկա եմ գտնվել մեր հավաքականի հանդիպումներին և կարող եմ ասել, որ շատ հուզիչ է, հատկապես, կենդանի հետևել այդ ամենին»։

Երգչուհուն և ֆուտբոլիստին կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի յուրաքանչյուրը հասկանար, որ գտել է իր կյանքի կեսին։ Ռանոսի սիրո առաջարկությունը երկար սպասեցնել չտևեց, թեև Էլենի համար դա անսպասելի էր, իսկ հայկական մեդիայում դսարձավ վիրուսային։

«Չէի սպասում, որ այդ լուրն այդքան աղմուկ կառաջացնի»,-անկեղծ ժպիտով ասում է Էլենը,-«Շատ հաճելի խոսքեր ենք լսել, ինչն անգնահատելի է։ Ամեն ինչ տեղի ունեցավ Դուբայում՝ Downtown-ի տեսարանի առաջ։ Երեկո էր, հանգիստ ու ամեն ինչ շատ իսկական էր։ Հրանտը հաճախ արձակուրդ չի ունենում, դրա համար մենք որոշեցինք ճանապարհորդություն կատարել մեկ շաբաթով։ Մենք հազվադեպ ենք հանդիպում հեռավորության պատճառով, այդ պատճառով այս ճանապարհորդությունը առանձնահատուկ ջերմ անցավ մեզ համար։ Ես, իհարկե, միայնակ չէի գնացել․ ինձ հետ էին նաև մայրս և քույրս»։

Անդրադառնալով սիրելիի անակնկալ առաջարկությանը՝ Էլենը նշում է․ «Ես, իհարկե, երջանիկ էի։ Երջանիկ եմ, որ Աստված ինձ մոտ է ուղարկել նման մարդու։ Նա շատ բարի է, սիրալիր ու իսկական»։
Ինչ վերաբերում է զույգի առաջիկա հարսանիքին, Էլենը հավելում է՝ դեռևս չեն շտապում։ «Հարսանիքի հետ կապված չենք շտապում, որովհետև մեզանից յուրաքանչյուրն ունի իր աշխատանքն ու ծրագրերը։ Ես ուրախ եմ, որ մենք մեր հարաբերությունները շարունակում ենք նոր կարգավիճակում, դա շատ բան է փոխել մեր կյանքում»։
Սյունե Առաքելյան