11:33 20 փետրվարի, 2014Դիզայներ Աննա Շահբազյանը, ով դիզայներական գործունեությունը սկսել է դեռեւս 2005 թվականին Հայաստանում, այժմ գործունեություն է ծավալում Մոսկվայում: Հայտնի հայերից Աննան աշխատում է երգչուհի Արմինկայի հետ, սակայն, նրա խոսքով, Հայաստանում չկա նորաձեւություն, եւ փակ են բոլոր ճանապարհները: Ստորեւ ներկայացնում ենք NEWS.am STYLE-ի զրույցն Աննա Շահբազյանի հետ:
Որո՞նք են դիզայներ դառնալու ճանապարհին դժվարությունները Երեւանում եւ Մոսկվայում: Ինչպե՞ս է ընթացել Ձեր ուղին այստեղ եւ այնտեղ:
Ես գործունեությունս սկսել եմ 2005 թվականին եւ շատ արագ հասա իմ նպատակներին: 2006-ին եղավ իմ առաջին ցուցադրությունը: Դժվարություն գրեթե չեմ ունեցել, որովհետեւ բավական ինքնավստահ եմ եղել եւ հաստատ իմացել եմ, թե ինչ է ինձ պետք: Բացի այդ, կողքիս են եղել իմ ընտանիքի անդամները, հատկապես հայրս, ով իմ առաջին եւ ամենամեծ քննադատն է մինչեւ հիմա: Նույնիսկ այսպիսի հեռավորությամբ նա աչալուրջ հետեւում է իմ բոլոր քայլերին, պայմանավորվածություններին եւ, եթե հարկ լինի, նա նույնիսկ կղեկավարի իմ ապագա նորաձեւության տունն այստեղ՝ Մոսկվայում: Երեւանում իրար հաջորդեցին իմ ցուցադրությունները, միանգամից ձեռք բերեցի հաճախորդների մեծ բանակ:
Իմ ուղին Մոսկվայում սկսվեց 2009 թվականից` ռուս հայտնի դիզայների խորհրդով, նրա հետ մտերմության եւ նրա կողմից անմիջական ջերմության հիման վրա: Ես շատ հպարտ եմ իմ գործընկերներով, նրանց հետ ջերմ հարաբերություններով, մտքերի փոխանակումներով եւ անհամբեր սպասում եմ հերթական նորաձեւության շաբաթներին, որտեղ կրկին ու կրկին կհանդիպեմ նրանց:

Ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան նորաձեւությունը: Ըստ Ձեզ, այս ոլորտում առաջընթաց կա՞:
Հայաստանում չկա նորաձեւություն, կան լավ մասնագետներ, բայց չկա դաշտ, չկան նորաձեւության շաբաթներ եւ, ցավոք, ես չկամ հայկական նորաձեւության դաշտում եւ ցանկություն էլ չունեմ լինելու: Ես արդեն մի քանի տարի է` համարվում եմ ռուսական դաշտում գործող դիզայներ, ով շատ շուտով հանդես կգամ թե՛ հագուստի զանգվածային, թե՛ անհատական ցուցադրությամբ:
Հայաստանի ամենամեծ խնդիրն այն է, որ չկա դաշտ եւ չկա լուրջ վերաբերմունք այս արվեստին, բացարձակ: Նույնիսկ ես մի բան նկատեցի. դիզայներների շրջանում իրար հանդեպ հակակրանքը: Չնայած կարող են դեմքիդ ժպտալ, հրավիրել ինչ-որ միջոցառումների, սակայն այստեղ (Մոսկվայում-խմբ.) չկան նման երեւույթներ եւ այդ գալիս է Վյաչեսլավ Միխայլովիչ Զայցեւից: Նա մեծություն է եւ համարվում է բոլոր դիզայներների ուսուցիչը: Ես շատ հպարտ եմ, որ բոլորովին վերջերս ես էլ ընդգրկվեցի նրանց շարքերում:
Ամենամեծ «ստոպը», որի պատճառով շուկան չի զարգանում, հաճախորդներն են: Հայ ազգը սովոր է միշտ փնովել, վատաբանել, դրա համար չկա զարգացած շուկա:

Ո՞րն եք համարում ձեր ամենամեծ ձեռքբերումն այս ասպարեզում:
Ամենամեծ ձեռքբերումը հաճախորդի վստահությունն է, որ ունեցել եմ միշտ. թե’ հայ, թե’ ռուս:

Բացի Արմինկայից, այլ հայտնի անձանց հետ աշխատո՞ւմ եք:
Ցավոք, Արմինկայից բացի ուրիշ ոչ ոք իմ ուզած չափանիշներին չհամապատասխանեց: Շատերն են ցանկացել հագնվել ինձ մոտ, սակայն չստացվեց:

Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի հետ կապված:
Ծրագրերը շատ-շատ են: Ծրագրերում կա նոր հավաքածու ավարտին հասցնել եւ ցուցադրել:
