11:11 25 հունվարի, 2026Nemra-ն վաղուց դուրս է եկել, պարզապես, ռոք խումբ լինելու գաղափարից: Տարիների ընթացքում խումբն իր երաժշտության միջոցով սկսեց թելադրել ճաշակ ու իր շուրջը համախմբեց մի ամբողջ մոլորակի, որի «բնակիչներն» իրենց անվանում են «նեմռացիներ»: Nemra-ում սիրված է յուրաքանչյուր անդամ, և նեմռացիներին հետաքրքիր է սիրելի խմբի ներկայացուցիչների մասին ցանկացած տեղեկություն: Խմբի անդամներից շատերը, սակայն, իրենց մասին սիրում են պատմել երաժշտության միջոցով. այնուամենայնիվ, բաս կիթառահար և Nemra-ի համահիմնադիր Վասպուր Եղիազարյանը, որը նաև հանդիսանում է Nemra-ի մի շարք երգերի հեղինակն ու գործիքավորողը, թեև հաճախ հարցազրույցներ չի տալիս, NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսել է 2025 թ-ի Լավագույն ռոք խմբի երաժշտության ու ոգեշնչումների մասին՝ երաժշտության մեջ ու դրանից դուրս…
Ինչպե՞ս Վասպուրի հեղինակած She’s Beautiful երգը նոր էջ բացեց խմբի համար, արդյոք պատրաստվո՞ւմ է ինքն էլ երգել, որո՞նք են այն կետերը, որոնք իրականացնելու է 2026-ին և ինչ 3 փաստ կա, որի մասին չգիտեիք... այս ամենի մասին, և ոչ միայն, Վասպուրը պատմել է NEWS.am STYLE-ին։

Վասպուր, սովորաբար, բենդերում երկրպագուների առավելագույն ուշադրությունը ստանում են վոկալիստները, բայց Nemra-ի դեպքում այդ սերը բաշխվել է բոլոր անդամների միջև, ու եթե հարցնես նեմռացիներին, թե ով է բենդի իրենց ամենասիրելի անդամը, քո անունը ևս շատ հաճախ է շոշափվում. ի սկզբանե, սպասո՞ւմ էիր նման ուշադրության քո հանդեպ:
Իհարկե, խումբը ստեղծելիս դա ինքնանպատակ չի եղել , մանավանդ որ Հայաստաում նման բան քիչ է տեղի ունենում, բայց շատ հաճելի է վայելել լսարանի մեծ սերը, ինչն էլ ավելի է մոտիվացնում ստեղծագործելու ու նոր երգեր ներկայացնելու:
Ի՞նչ ես կարծում՝ ի՞նչն է ձեր խմբի անդամներին դարձնում այդքան հետաքրքիր երկրպագուների համար, ընդ որում՝ այն պարագայում, երբ դուք, նույնիսկ, չեք բացահայտում անձնական սկանդալներ ու մանրամասներ և հայտնի եք բացառապես ձեր գործունեությամբ:
Սա ռոքն ռոլ է, այստեղ կարևորը բեմում տիրող էներգետիկան է և անկեղծությունը: Մեզ լսում են մարդիկ, ում առաջին հերթին հետաքրքրում են մեր երգերը, որոնք, բարեբախտաբար, այնքան շատ են, որ այլ ձևերով հետաքրքրություն առաջացնելու կարիք չունենք: Հաճելի է նաև, որ մեր լսարանում կան տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչներ:

Խումբը տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ լսարան նաև հայտնի մարդկանց շրջանում, օրինակ՝ Սերժ Թանկյանի, Բրայան Մեյի… Նրանց կողմից ճանաչումը նաև քո շնորհիվ է, քանի որ ամեն ինչ, կարծես, սկսվեց She’s Beautiful երգով, որի հեղինակը դու ես: Ինչպիսի՞ն էր քո արձագանքը, երբ Թանկյանը կիսվեց քո ստեղծագործությամբ:
Ֆանտաստիկ զգացողություն էր, առավոտյան աչքերս բացեցի ու տեսա ծանուցում է եկել, որ Սերժ Թանկյանն իր էջում կիսվել է իմ հեղինակած երգով և գրել՝ «Cool band from Armenia»: Երբ 14-15 տարեկանում անդադար լսում էի System of a Down-ի և Սերժ Թանկյանի երգերը, չէի էլ կարող պատկերացնել, որ մի օր նման բան կարող է լինել: Հիշարժան էր նաև Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյի հետ հանդիպումը և նրա հետ նույն բեմում նվագելը: Ելույթից հետո նա մոտեցավ և գովասանքի խոսքեր ասաց մեզ: Մեծագույն պատիվ է այդպիսի համաշխարհային լեգենդների կողմից նման գնահատականի արժանանալը։

Ե՞րբ ես, սովորաբար, գրում, ինչ հանգամանքների ներգործությամբ:
Կարևորը կիթառի և ոգեշնչման աղբյուրի առկայությունն է: Տեղը և ժամանակը կարևոր չեն: Հիմնականում սկզբից մտքումս պտտվում է մեղեդին, որից հետո, կախված ոգեշնչման աղբյուրից, գրում եմ խոսքերը:
Երբևէ փորձե՞լ ես ինքդ կատարել հեղինակած երգերդ. կա՞ն նման մտադրություններ առաջիկայում:
Խմբի ստեղծման առաջին օրվանից Վանը փորձում է համոզել, որ երգեմ իմ գրած երգերից որևէ մեկը, երևի մի օր կստացվի:
Բոլորին հայտնի է, որ դու և Վանը եղբայրներ եք: Առօրյայում է՞լ են ձեր խոսակցությունները միայն Nemra-ի մասին, թե՞ տանը աշխատում եք այլ թեմաներով շփվել:)
Nemra-ն ստեղծելու օրվանից սկսած մեր խոսակցությունների մեծ մասը խմբի մասին է, ցանկացած այլ թեմա միևնույնն է աստիճանաբար վերածվում է Nemra-ի մասին քննարկման: Արդեն չեմ էլ հիշում՝ մինչև խումբը ստեղծելը ինչի մասին էինք խոսում ընդհանրապես:)

Վասպուր, բացի այն, որ խմբի բաս կիթառահարն ես, համահիմնադիրը, հայտնի երգերից շատերի հեղինակն ու բեք վոկալիստը, նաև Nemra-ի երգերի հիմնական գործիքավորողն ես, դրանց թվում են՝ I’m Afraid of Stars-ը՝ Սերժ Թանկյանի հետ, ձեր կատարմամաբ ամենահայտնի «Նարե» երգը , I’m a Liar-ը… Կպատմե՞ս նաև գործիքավորման ընթացքի մասին:
Երգերի գործիքավորում անելն իմ ամենասիրած գործընթացներից է: Շատ մեծ բան է կախված նրանից, թե ինչպես է հնչելու երգը, ինչ գործիքներ են օգտագործվելու: Շատ պատասխանատու գործ է, քանի որ նաև դրանից է կախված երգի՝ հաջողության հասնելը: I’m Afraid of Stars երգն առաջին անգամ փորձատեղում լսելիս միանգամից մտքումս պատկերացրի այն հնչողությունը, որը լսում եք ձայնագրության մեջ: Brevis Recording Studio-ի Լևոն Հախվերդյանի շնորհիվ ստացանք այն, ինչ պատկերացրել էի մտքումս: Աննկարագրելի զգացողություն էր, երբ ստուդիայում առաջին անգամ լսեցի մեր հեղինակային երգը Սերժ Թանկյանի՝ հզոր և հարազատ դարձած ձայնով:
Նշիր երեք փաստ քո մասին, որոնց մասին նեմռացիները չգիտեն:
Երևի չգիտեն, որ բացի ֆուտբոլը նաև շատ եմ սիրում հոկեյ, սիրում եմ լուսանկարել մանավանդ, երբ խմբով շրջագայում ենք տարբեր երկրներով, և սիրում եմ ձմերուկ (ժպտում է):
2026-ին ի՞նչ wish list ես կազմել. թվարկիր 5 կետ:
Սյունե Առաքելյան