LVMH-ը հայտնում է վաճառքի աճի մասին, սակայն Բեռնար Արնոն զգուշացնում է՝ շքեղության շուկան «անկանխատեսելի» է

17:30   28 հունվարի, 2026

LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոն ասել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական անկայունությունը դժվարացնում է 2026 թվականի համար «լուրջ կանխատեսումներ» անելը, չնայած չորրորդ եռամսյակում առաջատար շքեղության խմբում վաճառքի աճին, գրում է FT-ն։

Louis Vuitton-ի և Dior-ի սեփականատիրոջ օրգանական վաճառքի աճը չորրորդ եռամսյակում կազմել է 1%՝ հասնելով 22,7 միլիարդ եվրոյի՝ մի փոքր գերազանցելով վերլուծաբանների սպասումները և պահպանելով նախորդ եռամսյակի թափը: Սա մի քանի ցավալի տարիներից հետո շքեղության արդյունաբերության աստիճանական վերականգնման հույսեր է արթնացրել:

«Ես լավատես եմ միջնաժամկետ հեռանկարում, բայց կարճաժամկետ հեռանկարում դժվար է լուրջ կանխատեսումներ անել»,- ասել է Առնոն՝ վկայակոչելով մի շարք երկրներում կառավարության որոշումների անկանխատեսելիությունը:

Արդյունաբերությունը դժվար տարի է ունեցել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային լարվածության պատճառով. շքեղության երկու խոշորագույն շուկաները, շարունակում են ազդել ոլորտի վրա: Լարված աշխարհաքաղաքական իրավիճակը շարունակվում է մինչև 2026 թվականը, ներառյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ եվրոպական երկրներին բարձր մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքները։

LVMH-ի ֆինանսական տվյալները ցույց են տալիս, որ խումբն անելիքներ ունի: Նորաձևության և կաշվե իրերի հիմնական բաժնում, որն ապահովում է ընկերության շահույթի կեսից ավելին, գործառնական շահույթը նվազել է 13%-ով՝ մինչև 13,2 մլրդ եվրո, մինչդեռ հագուստի և պայուսակների վաճառքը նվազել է 3%-ով։

Ասիայի տարածաշրջանում, բացառությամբ Ճապոնիայի, որտեղ գերիշխում է Չինաստանը, չորրորդ եռամսյակում վաճառքներն աճել են 1%-ով, ինչը նկատելի բարելավում է տարվա ընթացքում կտրուկ անկումից:

LVMH-ի գործառնական շահույթը 2025 թվականին նվազել է 9%-ով՝ հասնելով 17,8 մլրդ եվրոյի, թեև դա ավելի լավ էր, քան վերլուծաբանների սպասումները (կանխատեսվում էր անկում 12,4%-ով): Barclays-ը նկարագրել է արդյունքները որպես «խառը պատկեր»՝ վկայակոչելով իր նորաձևության և կաշվե իրերի բաժնի թույլ արդյունքները:

Ֆինանսական տնօրեն Սեսիլ Կաբանիսն ընդգծել է, որ անկման ժամանակ բրենդների և այլ նախաձեռնությունների «ստեղծագործական թարմացումը» վստահություն է տվել 2026 թվականին կատարողականի աստիճանական բարելավմանը, սակայն զգուշացրել է.

Վերլուծաբաններն ակնկալում են, որ 2026 թվականին վաճառքի աճը կաջակցվի ամերիկյան սպառողների կողմից, մինչդեռ նոր դիզայներների դեբյուտը, ներառյալ Ջոնաթան Անդերսոնը Dior-ում, կօգնի թարմացնել խոշոր ապրանքանիշերի արտադրանքի գիծը:

Ամենամեծ հարվածը հասցվել է գինու և ալկոհոլային խմիչքների բաժնին, որի գործառնական շահույթը նվազել է 25%-ով՝ մինչև 1 մլրդ եվրո՝ Չինաստանում և ԱՄՆ-ում կոնյակի վաճառքի անկման պատճառով: Սակայն ժամացույցների և ոսկերչական իրերի ստորաբաժանումը, ներառյալ ամերիկյան Tiffany ապրանքանիշը, չորրորդ եռամսյակում ցույց է տվել օրգանական վաճառքի 8% աճ:



© NEWS.am STYLE