Շակիրայի և Ռոջեր Ուոթերսի անձնական կղզին վաճառքի է հանվել 30 միլիոն դոլարով

23:01   30 հունվարի, 2026

Բահամյան կղզիներում գտնվող մասնավոր կղզին, որը մի ժամանակ նախատեսված էր որպես հայտնիների հանգստավայր, 20 տարվա ընթացքում առաջին անգամ վերադարձել է շուկա, այն բանից հետո, երբ ներդրողների խումբը, այդ թվում՝ Շակիրան և Pink Floyd խմբի երաժիշտ Ռոջեր Ուոթերսը, չկարողացան իրականացնել իրենց հավակնոտ նախագիծը։

Բոնդս Քեյ անունով հայտնի կղզին գտնվում է Բերի կղզիներում և նախկինում պատկանում էր ներդրողների խմբի, որոնք այն գնել էին 2006 թվականին։ Ըստ ծրագրի՝ նախատեսվում էր 800 ակր տարածք զբաղեցնող կարիբյան դրախտը վերածել շքեղ համալիրի, որը կներառեր բուտիկ հյուրանոց, բնակարաններ և առանձնատներ, մասնավոր լողափեր և բարձրակարգ արվեստի հանգստավայր՝ մի քանի ընտրյալների համար։

Գաղափարն այն էր, որ ստեղծվեր բացառիկ համայնք, որտեղ ներդրողներից մի քանիսը կարող էին բնակվել առնվազն կես դրույքով, իսկ նկարիչները կարող էին ցուցադրել իրենց աշխատանքները կղզու հարուստ բնակիչներին և այցելուներին։

Սակայն այս ծրագիրը երբեք չիրականացավ, և այժմ կղզին վերադարձել է շուկա՝ առաջարկելով հազվագյուտ հնարավորություն ձեռք բերելու դրախտի անխաթար անկյուն՝ Ֆլորիդայից ընդամենը մեկ ժամվա թռիչքի հեռավորության վրա։

«Սա Բահամյան կղզիների ամենահիասքանչ մասնավոր կղզիներից մեկն է. 650 ակր անաղարտ բնություն՝ սպիտակ լողափերից մինչև մղոններ ձգվող փիրուզագույն ծանծաղուտներ: Այս չափի կղզի գտնելը, որը լիովին անձեռնմխելի է մնում, չափազանց հազվադեպ է»,-նշում է Corcoran CA Christie Bahamas-ի անշարժ գույքի գործակալ Գևին Քրիստին։

Մինչդեռ Շակիրան, Ուոթերսը և նրանց ներդրողները չկարողացան իրականացնել արվեստի դրախտի մասին իրենց երազանքը, Քրիստին նշում է, որ նրանց ծրագրերը կարող են ոգեշնչման աղբյուր լինել ապագա գնորդների համար։

30 միլիոն դոլար գնով Բոնդս Քեյը Բահամյան կղզիների ամենաթանկ մասնավոր կղզիներից մեկն է։



© NEWS.am STYLE