18:01 31 հունվարի, 2026Ֆրանսիական «Ձայնը» նախագծի ֆինալիստ Հակոբը (Հակոբ Ղասաբյան) առաջին անգամ մենահամերգ ունեցավ Երևանում՝ հայ հանդիսատեսին իր հետ տանելով Փարիզ։ Սիրո տոնի՝ Սուրբ Սարգսի նախօրեինn Հակոբը ֆրանսիական սիրո երեկո պարգևեց՝ ֆրանսալեզու հայտնի երգերի կատարմամբ, որոնք ներկայացնում էին սեր՝ ինչպես սիրած անձնավորության, այնպես էլ հայրենիքի հանդեպ։
Երիտասարդ երգիչը, որը ծնվել ու մեծացել է Ֆրանսիայում, հանդիսատեսին ողջունեց հայերենով, և ողջ երեկոյի ընթացքում զրույցը շարունակեց մայրենի լեզվով։ Հայոց լեզվի ու մշակույթի իմացության շնորհը Հակոբը վերագրում է ծնողներին, որոնք տանը միշտ հայերեն են խոսել ու հայրենքի հանդեպ սերը փոխանցել օտար երկրում մեծացած որդուն։
Посмотреть эту публикацию в Instagram
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հակոբը խոստովանեց, որ բեմ բարձրանալուց առաջ հիշել էր իրեն՝ մանուկ հասակում, երբ հարազատները խնդրում էին իրենց համար որևէ բան կատարել, իսկ ինքը միշտ հուզվում էր։ Այս համերգին էլ նույն հուզմունքն էր ապրում, չէ՞ որ առաջին անգամ էր մենահամերգով հանդես գալիս Հայաստանում։ Թեև երգչի անմիջականությունն ու հումորի զգացումը՝ բեմական պատմություններին զուգորդված, ծածկում էին նրա հուզմունքը Cafesjian Center-ում՝ հանդիսատեսին փոխանցելով փարիզյան խաղաղություն՝ համեմված հայկական ոգով։
Չնայած կրում էր «La Vie en Rose» խորագիրը և կոչվում էր ֆրանսիական, երգիչը կատարեց նաև հայերեն ու անգլերեն հիթեր։
Ֆրանսիական հանրությանը Հակոբը լայն ճանաչում ձեռք բերեց «Prodiges» և «The Voice France» հեռուստածրագրերի շնորհիվ, սակայն նրա կարիերան շարունակվեց հեռուստատեսությունից դուրս՝ աշխարհի տարբեր բեմերում։ Տարիների ընթացքում նա մասնակցել է բազմաթիվ միջազգային մյուզիքլների և երաժշտական ներկայացումների՝ հանդես գալով Եվրոպայում, Ասիայում և Ամերիկայում։
Նրա կյանքում շրջադարձային էր լեգենդար Շառլ Ազնավուրի հետ հանդիպումը։ Այդ հանդիպման մասին խոսելիս Հակոբի աչքերը կրկին փայլում են․ դա տեղի է ունեցել, երբ երգիչը պատանի էր, ով համերգներից մեկի ժամանակ ետնաբեմում՝ հանդերձասրահում, հանդիպեց լեգենդար արտիստին։ Հակոբը հիշում է՝ Ազնավուրն իրեն ջերմորեն գրկեց․ «Հայերեն կխոսի՞ս, հարցրեց նա։ Երբ պատասխանեցի, որ խոսում եմ, կատակեց՝ ռուսերեն բառերով հայերեն, թե՞ արևելահայերեն, ես ռուսերեն լավ չեմ հասկանում»»։
Հակոբը հավելեց՝ Ազնավուրն իրեն մի շարք արժեքավոր խորհուրդներ է տվել։ Երիտասարդ երգիչը հիշում է, թե ինչպես համերգներից մեկի ժամանակ, Ազնավուրը, ով արդեն հոգնած էր ու հազիվ էր քայլում, չզլացավ մոտենալ ու ողջագուրվել իր հարազատների ու իրեն սպասողների հետ․ նույնը նա խորհուրդ է տվել Հակոբին՝ անկախ հաջողությունից՝ չմեծամտանալ ու կարևորել իր կյանքում նշանակալից տեղ զբաղեցնող մարդկանց։
Հակոբը հաճախակի է համերգներով հանդես գալիս․ վերջերս Մայամիում համատեղ համերգի է մասնակցել Անդրեի ու Գոհար Հովհաննիսյանի հետ։ Սիրո մասին երգող երգիչն այսօր էլ է նույն ծրագրով հանդես գալու Cafesjian Center-ում։ Հարցին՝ արդյոք իր երգերն ունե՞ն կոնկրետ հասցեատեր, Հակոբը խորհրդավոր ժպիտով պատասխանեց․ «Այո, իմ կյանքում կա Նա, ով ինձ երջանկացնում է»։
Սյունե Առաքելյան