19:17 21 փետրվարի, 2014Աղանդերի սովորական գդալը դիզայներ Լուսինե Նիկողոսյանի ձեռքում նոր կյանք ու պատմություն է ստանում՝ դառնալով արվեստի գործ։ Նրա յուրաքանչյուր աշխատանքը փոքրիկ հեքիաթ է, չպատմված պատմություն՝ խորհրդավորություններով լի։
Այս զարդերը դիտելիս դրանց դիպչելու ու հոգին զգալու անհաղթահարելի ցանկություն է առաջանում։ Թվում է, թե կարո՞ղ է, արդյոք, առարկան հոգի ունենալ, սակայն Նիկողոսյանի աշխատանքների դեպքում կասկած չի մնում։

Յուրաքանչյուր աշխատանքում նկատվում է հեղինակի հոգու մասնիկը, ջերմությունն ու սերը մարդու, աշխարհի ու կյանքի նկատմամբ։ Նիկողոսյանի աշխատանքներն իրենց մեջ ներառում են բոլոր տարերքները, որը նրանց զարմանալիորեն «երկրային է» դարձնում, սակայն, դրա հետ մեկտեղ, հոգին չի կորչում։

Իր առաջին զարդը Նիկողոսյանը սնկից է պատրաստել։ Այն զարդ է եղել, որը «ձեռքի հմուտ շարժումով» հովհար է դարձել։
«Ինձ ամեն բան ոգեշնչում է. ծառերը, բույսերը, քարերը։ Սակայն ոգեշնչման հիմնական աղբյուրը մարդն է։ Հենց մարդիկ են իմ մուսան դառնում։ Երբեմն նրանք բույսերի են նման, երբեմն՝ քարերի, հաճախ՝ անձրեւի կամ արեւի շողի։ Եվ այսպես ծնվում են զարդերը»,- ասում է Լուսինեն։

Իր աշխատանքներում նա արտասովոր նյութեր է օգտագործում։ Օրինակ՝ մամուռ, որը հենց հողով տեղավորում է մատանու կենտրոնում կամ նույն սնկերը, նարնջի չորացրած կեղեւը, բնական քարերը, ինչպես նաեւ գդալները, պատառաքաղները, բաժակի տակդիրները։ Այս բոլորը, որոնք առաջին հայացքից կարող են անհամապատասխան թվալ, կենդանանում են, սկսում ներկայանալ բոլորովին այլ՝ զարմանալիորեն կախարդական գույներով։

Խոսելով սովորական գդալներից պատրաստված կախազարդերի շարքի մասին՝ Նիկողոսյանը պատմում է, որ այդ գաղափարը հանկարծակի է ծնվել։ «Մորաքույրս, իմանալով իմ զբաղմունքի մասին, ինձ հին ու անպետք գդալներ էր տվել։ Անկեղծ ասած, սկզբում դրանցից չոգեշնչվեցի։ Հայտնի է, որ կենցաղը դժվար է հրաշալի դարձնել։ Բայց հետո ես սկսեցի «խաղալ» ձեւի հետ՝ փորձելով զգալ, այդտեղից էլ ծնվեց միտքը»,- ասում է նա՝ հավելելով, որ չի պատրաստվում միայն գալների վրա կենտրոնանալ։

«Իրականում գաղափարներ շատ ունեմ, այնքան, որ ստիպված եմ լինում գրի առնել, որպեսզի չմոռանամ։ Երբ ոգեշնչվում եմ, չեմ կարողանում կանգ առնել, ժամանակն անհետանում է»,- ծիծաղում է Լուսինեն։

Գեղարվեստի ակադեմիայի կերամիկայի ֆակուլտետի շրջանավարտը շուրջ մեկ տարի առաջ է սկսել զարդեր պատրաստել։ Այս կարճ ժամանակահատվածում նա հասցրել է իր առաջին ցուցահանդեսը կազմակերպել «Արտ-Բրիջ» սրճարանում, իսկ այս տարվա մայիսին նոր հավաքածուի թողարկման առիթով երկրորդ ցուցահանդեսն է ծրագրվում։

«Հիմա ես տղամարդկանց զարդերի հավաքածու եմ մշակում»,- ասում է նա ու հավելում, որ ապագայում պատրաստվում է հագուստի սեփական հավաքածուն ստեղծել։ Լուսինե Նիկողոսյանի աշխատանքներին կարելի է ծանոթանալ նրա Facebook-յան էջում։


Յուլիա Վարդանյան