11:05 4 փետրվարի, 2026«Բլոկադա» ներկայացման գաղափարը պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի մոտ առաջացել է տարբեր երկրներում հայերի հետ շփումից: «Հասկացա, որ շատ ենք ուշադրություն դարձնում, թե ով որտեղից է, և դա պատճառ է հանդիսանում մարդուն սիրելու կամ չսիրելու: Բայց հենց դժվարության մեջ ենք հայտնվում, համախմբվում ենք: Իսկ սա սիրո պատմություն է՝ նեղության ու դժվարության մեջ: Սեր՝ միմյամց ու հայրենիքի հանդեպ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Մենչը:
Ներկայացման կիզակետում Արցախցի մի ընտանիք է, որին, ճակատագրի բերումով, հյուր է գալիս Երևանից մի ընտանիք, իսկ ավելի ուշ սկսվում է բլոկադան: Այս երկու՝ առաջին հայացքից միմյանցից տարբեր ընտանիքները, պետք է ամբողջ աշխարհից կտրված՝ գոյատևեն ու ապրեն մեկ տան մեջ, և ոչ ոք չգիտի, թե ինչով կավարտվի ամեն ինչ․․․
Ներկայացման բեմադրող ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, պրոդյուսերները՝ Արմեն Պետրոսյանը և Սոֆիա Ղուլյանը, պիեսի հեղինակ՝ Անի Մաղաքյան։ Հերոսներին մարմնավորում են Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Վաչե Երիցյանը, Մարիամ Ալեքսանյանը, Բորիս Մելքոնյանը և Էլեն Գևորգյանը։

«Երկար ենք մտածել դերասանական կազմի շուրջ, ի վերջո, կանգ առա հենց այս կազմի վրա, որովհետև նրանցից ամեն մեկին առանձին-առանձին տեսել եմ, ու պատկերացրի իրենց դերերում»,-ասում է պրոդյուսերը:
Ներկայացման դերասանական կազմում եղել է փոփոխություն. ի սկզբանե, Շանթ Հովհաննիսյանի փոխարեն ընդգրկված էր Լևոն Հարությունյանը, սակայն քանի որ ներկայացումներ են ունենալու ԱՄՆ-ում, Եվրոպայում ու Ռուսաստանում, դիմել են փոփոխության, քանի որ Լևոն Հարությունյանն ուներ այլ զբաղվածություն ևս:
«Բլոկադա» ներկայացումը կունենա նաև սաունդրեք, որը հեղինակել է Արտեմ Վալտերը: Արմեն Պետրոսյսնի խոսքով՝ այն արդեն պատրաստ է և կներկայացվի հենց պրեմիերային, որը կկայանա փետրվարի 23-ին ու 24-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում:
Մենչը հավելում է՝ հումորային ու ժամանցային նախագծերից հետո այս լուրջ ու կարևոր թեմային անդրադառնալն իր համար «շատ ցանկալի ու պարտադիր փորձ էր», որի մասին ամբողջ կյանքում երազել է:
«Այս ներկայացման ամենակարևոր հաղորդագրությունը սերն է՝ միակ բանը, ինչը կարող է մեզ փրկել, և առաջին հերթին՝ սերը միմյանց հանդեպ՝ անկախ նրանից, թե ով որտեղից է ծնունդով, կարևորը՝ մենք բոլորս հայ ենք, և եթե մենք իրար չսիրենք, պետք չէ ակնկալել, որ որևէ այլ ազգ մեզ կսիրի»,-ասում է նա՝ նշելով, որ ներկայացման հետ կապված մեծ ծրագրեր ունեն. «Ուզում ենք, որ հնարավորինս շատ հայ տեսնի այն, որովհետև, իմ կարծիքով, սա այսօր բոլորիս է պետք»:
Սյունե Առաքելյան