«Ես տեսա մեր ժողովրդին այս պատմության մեջ». Սև Օհանյանը՝ Օսկարին առաջադրված «Մեղսավորները» ֆիլմի և իր հայկական ինքնությամբ հպարտանալու մասին

21:05   5 փետրվարի, 2026

Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը «Մեղսավորները»/Sinners ֆիլմի շուրջ աշխատելիս չի էլ պատկերացրել, որ այն ունենալու է պատմական հաջողություններ և ռեկորդային թվով անվանակարգեր ամենահեղինակավոր մրվցանակաբաշխություններում, այդ թվում՝ «Օսկար»-ում։  NEWS.am STYLE-ի հետ նոր հարցազրույցում նա խոսում է «Մեղսավորներ»-ի անցած ուղու մասին՝ ստեղծագործական վաղ փուլերից մինչև աննախադեպ «Ոսկե Գլուբուս», «Գրեմմի» և «Օսկար»։ Օհանյանն անկեղծությամբ և երախտագիտությամբ նկարագրում է ոչ միայն ֆիլմի հաջողությունը, այլև ողջ կյանքի երազանքի իրականացումը, որը ձևավորվել է ընտանիքի, ժառանգության և համառության շնորհիվ, նաև զուգահեռներ է անցկացնում Sinners-ի հերոսների և հայ ժողովրդի միջև։ 

«Երբ ավարտեցինք «Մեղսավորներ»-ի նկարահանումները, նույնիսկ նախքան մոնտաժային աշխատանքները սկսելը, ես արդեն գիտեի, որ իսկապես շատ յուրահատուկ ֆիլմ ենք ստեղծել»,-ասում է Օհանյանը։ «Դա միշտ չէ, որ պատահում է, քանի որ յուրաքանչյուր ֆիլմ շատ դժվար է նկարահանել՝ ներառյալ «Մեղսավորները», բայց երբեմն դու, պարզապես, ունենում ես այդ զգացողությունը։ Բայց այդ պահին ես չգիտեի՝ արդյոք հանդիսատեսը նույնկերպ կարձագանքի՞, և ես շատ ուրախ եմ, որ նրանք ևս զգացել են այն, ինչ ես։

Այս բոլոր մրցանակային ճանաչումները... ես երբեք չէի սպասում դրանց: Բայց այն փաստը, որ ոլորտի մարդիկ, քննադատները, լրագրողները և կինոգործիչները տեսնում են այս ֆիլմի արժեքը և մեր ներդրած ծանր աշխատանքը, ամեն ինչ է ինձ համար»:

Մրցանակային ճանաչում և պատմական նվաճումներ

Թողարկումից ի վեր «Մեղսավորները» դարձել է տարվա ամենաքննարկվող ֆիլմերից մեկը՝ արժանանալով բոլոր հեղինակավոր մրցանակաբաշխությունների ճանաչմանը:

Ֆիլմը ստացել է «Ոսկե գլոբուս»-ի յոթ անվանակարգ՝ արժանանալով երկու մրցանակի՝ «Լավագույն օրիգինալ երաժշտություն» և «Կինեմատոգրաֆիկ և տոմսարկղային նվաճումներ» անվանակարգերում: Critics' Choice Awards-ում «Մեղսավորները» առաջատարն էր տպավորիչ 17 անվանակարգով՝ հաստատելով քննադատների կողմից ուժեղ ընդունելությունը:

Sinners-ի սաունդթրեքը և օրիգինալ երաժշտությունը նույնպես լայնորեն գնահատվեցին՝ արժանանալով «Գրեմմիի» հինգ անվանակարգի և հաղթելով դրանցից երկուսում՝ «Վիզուալ մեդիայի լավագույն երաժշտության» և «Վիզուալ մեդիայի լավագույն կոմպիլյացիոն սաունդթրեքի» համար:

Մրցանակաբաշխությունների սեզոնը հասավ պատմական գագաթնակետին, երբ «Մեղսավորները» ստացավ «Օսկար»-ի 16 անվանակարգ, որը մրցանակաբաշխության պատմության մեջ ամենաբարձր թիվն է: Իսկ Սև Օհանյանը դարձավ այն եզակի ամերիկահայ պրոդյուսերներից մեկը, որը երբևէ առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

««Օսկար»-ի առաջադրվելը դեռևս իրական չէ»,-խոստովանում է Օհանյանը: «Թվում է, թե դա պատահել է ուրիշի հետ: Հիշում եմ, մի ժամանակ՝ որպես երիտասարդ ամերիկահայ, երազում էի դառնալ կինոռեժիսոր և մտածում, թե դա հնարավոր չէ: Անկախ նրանից, թե ինչ կպատահի հաջորդիվ, այս ճանապարհորդությունն արդեն իսկ ինձ մոտիվացիա է տվել, որ շարունակեմ ստեղծագործել»:

37f8c665-4146-4054-9df7-2c0d6960b69e.jpeg (100 KB)

Հայկական ինքնությունը, ընտանիքը և ֆիլմերի միջոցով պատմություններ ներկայացնելը

Օհանյանը հաճախ է խոսել այն մասին, թե որքան խորն է իր հայկական ինքնությունը ազդում իր աշխատանքի վրա: Մեծանալով՝ նա անթիվ ժամեր է անցկացրել հոր հետ ֆիլմեր դիտելով՝ պահեր, որոնք նա համարում է պատմություն պատմելու իր ոգեշնչումը:

«Երբ այսօր ֆիլմեր եմ նկարահանում, հաճախ մտածում եմ հայրիկիս մասին, որը դիտում է դրանք»,-ասում է նա: «Նույնիսկ «Մեղսավորներ» ֆիլմի հետարտադրական աշխատանքների ժամանակ ես ինքս ինձ հարցնում էի, թե ինչ կմտածեր հայրիկս որևէ տեսարանի մասին՝ ոչ թե որպես մեկը, ով մեծացել է Ամերիկայում, այլ որպես մեկը, ով պարզապես ցանկանում է հուզվել լավ պատմությամբ և գրավիչ կերպարներով»:

Այդ անձնական կապն ավելի ամրապնդվեց, երբ Օհանյանն առաջին անգամ կարդաց «Մեղսավորներ» ֆիլմի սցենարը։

30650d81-9fbb-4dde-ad0f-6f4fd8fc8482.jpeg (75 KB)

«Իմ անմիջական արձագանքն այն էր, թե որքանով եմ ես կապված այս պատմության հետ որպես հայ։ «Մեղսավորներ»-ը մարդկանց մասին է, ովքեր գտնում են ուրախություն, սեր և տոնակատարություն՝ չնայած դժվարություններին։ Սա մեր պատմությանը խորապես ծանոթ բան է»։

Ռեժիսոր Ռայան Քուգլերի հետ նրա առաջին զրույցը կենտրոնացած էր հենց այդ գաղափարի վրա։ «Մենք խոսեցինք ավարտի և այն մասին, թե ինչ էր այն նշանակում անձամբ ինձ համար, թե ինչպես էի ես տեսնում իմ սեփական ժողովրդին դրանում։ Սա Ռայանի տաղանդն է. նա գրում է իր նախնիների մասին շատ հատուկ մի բան, բայց միևնույն ժամանակ կարողանում է բացահայտել ընդհանուր մարդկայնություն, որը բոլորը կարող են ճանաչել»։

Հայկական արմատներից մինչև հոլիվուդյան հաջողություն

Ինչպես ավելի վաղ նշել էինք NEWS.am STYLE«ArmenՅԱՆs» շարքի համար արված հարցազրույցում, Սև Օհանյանը ծնվել է Գերմանիայում՝ հայկական ընտանիքում, որը մեծ նշանակություն էր տալիս մշակույթին, պատմությանը և կրթությանը։ Նրանք Միացյալ Նահանգներ են տեղափոխվել, երբ Սևը 4 տարեկան էր: Նրա ճանապարհորդությունը դեպի կինո ընթացել է ոչ թե արդյունաբերական կապերով, այլ նվիրվածությամբ, համառությամբ և պատմություն ստեղծելու հանդեպ անսասան հավատով։

Սևը սովորել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիայի դպրոցում, որտեղ նա հանդիպել է իր ամենակարևոր գործընկերներից երեքին՝ կնոջը՝ Նատալի Քասաբյանին, սցենարիստ- գործընկեր Անիշ Չագանտիին և կինոռեժիսոր Ռայան Քուգլերին

Օհանյանը առավել հայտնի է Քուգլերի հետ իր երկարատև ստեղծագործական համագործակցությամբ։ Միասին նրանք ստեղծել են վերջին տասնամյակի ամենաազդեցիկ ֆիլմերից մի քանիսը, այդ թվում՝ «Ֆրութվեյլի կայարան» (2013), «Քրիդ» (2015), «Սև Հովազ» (2018), «Սև Հովազ.  հավերժ Վականդա» (2022), «Մեղսավորներ» (2025):

d75c1e05-9fcd-4939-bfbe-5ae7b8ad343b.jpeg (102 KB)

Հոլիվուդյան հաջողություններին զուգահեռ, Օհանյանը մշտապես ընդգծել է իր հայկական ծագումը: «Բըրբենքի իմ գրասենյակում կախված է «Մեղսավորներ»-ի պաստառը, և դա հայկական պաստառ է: Սա ևս մեկ ձև է մեր ժողովրդի հանդեպ իմ հպարտությունը ցուցաբերելու»:

Ինչի մասին է «Մեղսավորները» ֆիլմը

Ռեժիսոր Ռայան Քուգլերի կողմից գրված և նկարահանված «Մեղավորները» գերբնական դարաշրջանի մասին դրամա է, որի գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին: Ֆիլմը պատմում է երկվորյակ եղբայրների՝ Սմոքի և Սթեքի մասին (երկուսին էլ մարմնավորում է Մայքլ Բ. Ջորդանը)՝ Առաջին համաշխարհային պատերազմի վետերաններ, որոնք վերադառնում են տուն՝ հույս ունենալով իրենց համայնքի համար ուրախ հավաքատեղի կառուցել: Նրանց երազանքը վերածվում է մղձավանջի, երբ մի խորհրդավոր գերբնական ուժ իջնում ​​է քաղաք՝ ստիպելով նրանց և նրանց սիրելիներին դիմակայել ինչպես պատմական տրավմաներին, այնպես էլ չարիքին։ Ֆիլմի պրոդյուսերներն են Սև Օհանյանը, Զինզի Քուգլերը և Ռայան Քուգլերը։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Սև Օհանյանի ինստագրամյան էջից 



© NEWS.am STYLE