Կայացավ «Երեւան Մոլ»-ի հանդիսավոր բացումը (ֆոտոռեպորտաժ)

18:35   20 փետրվարի, 2014

Այսօր՝ փետրվարի 20-ին, կայացավ «Երեւան Մոլ»-ի՝ երկար սպասված հանդիսավոր բացումը:

«Երեւան Մոլի» կառուցումը Հայաստանի խոշորագույն նախագծերից է, որը մեկնարկել է 2010 թվականից եւ այսօր հանրությունը կարող է գնահատել եվրոպական չափանիշներով կառուցված առեւտրի եւ զվարճանքի ամենամեծ կենտրոնը։

«Երեւան Մոլն» առեւտրի եւ զվարճանքի կենտրոն է, որը զբաղեցնում է 59.900 ք.մ. ընդհանուր տարածք, առանձնահատուկ ճարտարապետական կերպար ունի, իսկ շենքի ներքին դիզայնում կարելի է տեսնել ուրարտական ժամանակաշրջանի սեագիր արձանագրություններ:

«Երեւան Մոլի» ճարտարապետական նախագծերը մշակել եւ իրականացրել է «Բրոդվեյ Մալյան» կազմակերպության «Արխանգել» ճարտարապետական ընկերությունը:

«Ինչպես տեսնում եք՝ կառույցը ժամանակակից լուծումներով է արված: «Երեւան Մոլ»-ի լոգոտիպն ու բրենդային տարրերն արվել են Երեւան քաղաքի հետ ասոցացվող գույներով»,- ասաց կառույցի գլխավոր ճարտարապետ Արտակ Կնյազյանը:

Առեւտրի կենտրոնի հարկի տակ ներկայացված է 120 խանութ, ստեղծվել է շուրջ 2.000 աշխատատեղի հնարավորություն: «Երեւան Մոլի» կառավարումն իրականացվում է եվրոպական չափանիշներով, հանրահայտ «Տրիգրանիտ» ընկերության խորհրդատվությամբ: Ի դեպ, այն Եվրոպայում անշարժ գույքի կառավարման եւ զարգացման՝ թվով երրորդ ընկերությունն է, որն ավելի քան 20 հաստատությունների զարգացման եւ կառավարման խորհրդատվություն է իրականացրել:

«Երեւան Մոլի» շնորհիվ Հայաստանում առաջին անգամ ներկայացված են լինելու բազմաթիվ հանրահայտ ապրանքանիշեր. F&F, Mac Cosmetics, 7 Camicie, R.Zengarini, Zippy, CLics Toys, Mini Raxevski, Polin City, Richi Art եւ այլն: Բացի այդ, այստեղ ներկայացվելու են հագուստի, սննդի եւ զվարճանքի միջազգային լավագույն ապրանքանիշերը. Zara, Pull and Bear, New Yorker, Stradivarious, Coin Cassa, Bourger King, Julia Bergovich, Levis, Faina, I Electronics եւ այլն։

«Երեւան Մոլի»-ի հանդիսավոր բացման գլխավոր հյուրերն էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արարատյան Հայրապետական թեմի հոգեւորականներ, պաշտոնատար անձինք։ 

Իսկ այցելուների առջեւ «Երեւան Մոլը» դռները կբացի փետրվարի 21-ին, ժամը 18:00-ին: Բացմանը բազմաթիվ անակնկալներ են սպասվում։

Լրագրող՝ Մելինե Տոնոյան

Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE