Սեր, հումոր ու Արցախ․ ներկայացում, որը տաքացնում է սիրտը

10:30   8 փետրվարի, 2026

Սեր, որը ծնվում է պարզ մարդկանց սրտերում, Արցախյան բարբառի մեղմ հնչյունների, անկեղծ ժպիտների ու հումորի միջով։ «Արցախյան սիրո հեքիաթ կամ Արա, պա ստի պեն կինի՞» ներկայացումը բեմ է բերում ոչ թե մեծախոս զգացմունքներ, այլ այն մաքուր ու ազնիվ սերը, որը մեզ բոլորիս ծանոթ է՝ բայց հաճախ մոռացված։

Սա պատմություն է մարդկանց մասին, որոնք ապրում են պարզ, սիրում են ամբողջ սրտով և նույնիսկ դժվարությունների մեջ չեն կորցնում ջերմությունը։ Ներկայացումը շնչում է Արցախի միջավայրով՝ իր անմիջականությամբ, բնական գեղեցկությամբ ու բարբառի գողտրիկ հմայքով, որը հանդիսատեսին ոչ թե դիտողի, այլ մասնակցի դեր է տալիս։
Ալեքսանդր Մանասյանի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրված այս ներկայացումը ոչ միայն սիրո պատմություն է, այլև թատրոնի միջոցով ապրեցնելու փորձ՝ մեր հոգսաշատ ժողովրդին հիշեցնելու, թե ինչ ուժ ունի պարզությունն ու մարդկային ջերմությունը։ 

Ռուզաննա Խաչատրյանի բեմադրությամբ, Մարիամ Մուրադյանի նկարչական ձևավորմամբ և Էդգար Կարապետյանի պարային լուծումներով, բեմում ստեղծվում է մի աշխարհ, որտեղ ծիծաղն ու հուզմունքը քայլում են կողք կողքի։

Ներկայացումը հրավիրում է մի պահ դադար առնել, ժպտալ, հուզվել ու հավատալ, որ մաքուր սերը դեռ կա։



© NEWS.am STYLE