11:35 16 փետրվարի, 2026Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը նախորդ տարի դարձել է Ամերիկայի Կինեմատոգրաֆիայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ։ Նա առաջին հայ կոմպոզիտորն է, որն անդամակցում է այդ հեղինակավոր ակադեմիային։ Ակադեմիան հայտնի է ամբողջ աշխարհում իր ամենամյա «Օսկար» կինոմրցանակով։
Անդրանիկ Բերբերյանը երաժշտություն է հեղինակել մի շարք ֆիլմերի համար, այդ թվում՝ «Վարդապետի լռությունը», «Կյանք ու կռիվ», «Էրկեն կիշեր», «Սողոմոնի երգերը», «Արշալույսի լուսաբացը», «Ամերիկացի», «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը», «Մեդալի հակառակ կողմը» և այլն: NEWS.am STYLE-ը զրուցել է կոմպոզիտորի հետ այդ կարևոր իրադարձության մասին և ոչ միայն:

Կպատմե՞ք, թե ինչպես է ընթանում անդամակցության գործընթացը․ ինչպես է որոշվում, թե ով կարող է դառնալ Ամերիկայի Կինեմատոգրաֆիայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ։
Անդամակցության գործընթացը բավական մանրամասն և պատասխանատու փուլեր ունի։ Նախ անհրաժեշտ է, որ թեկնածուն ունենա ակնառու մասնագիտական ուղի, միջազգային կամ ազգային նշանակալի ձեռքբերումներ կինոարվեստի ոլորտում։ Դրան հաջորդում է հրավերի կամ առաջադրման փուլը՝ գործող անդամների կողմից։ Յուրաքանչյուր հայտ մանրակրկիտ ուսումնասիրվում է՝ մասնագիտական գործունեության, ստեղծագործական ներդրման և ազդեցության հիման վրա։ Այս ամենից հետո միայն հնարավոր է ստանալ լիիրավ անդամ դառնալու հրավեր։
Որպես առաջին հայ կոմպոզիտոր, ով դարձել է Ակադեմիայի անդամ, ի՞նչ նշանակություն ունի այս ընտրությունը Ձեր և հայ երաժշտական մշակույթի համար։ Ի՞նչ պատասխանատվություն եք զգում, երբ Ձեր անունը ներկայացվում է նման բարձր հարթակներում։
Այս ընտրությունն ինձ համար նախ վստահության մեծ նշան է՝ իմ կատարած աշխատանքի և տարիների ստեղծագործական ուղու նկատմամբ։ Միաժամանակ, այն պատասխանատվություն է՝ ներկայացնելու իմ երաժշտական մտածողությունը համաշխարհային կինոարվեստի կենտրոններում։ Երբ հայտնվում ես նման հարթակներում, սկսում ես ավելի հստակ գիտակցել, որ քո յուրաքանչյուր որոշում, հնչյուն և գաղափար կարող է ձևավորել պատկերացում քո երկրի մշակույթի մասին։ Այդ գիտակցումը պարտավորեցնում է լինել առավել խորքային և ազնիվ իմ արվեստում՝ մնալով հավատարմորեն կապված իմ ազգային արմատներին։

Տեղյակ եմ, որ Արման Նշանյանը կարևոր դեր է ունեցել Ձեր ստեղծագործական կյանքում։ Ըստ Ձեզ՝ ո՞ր ֆիլմը դարձավ ամենամեծ խթանն այս ճանապարհին։
Արման Նշանյանի հետ մեր համագործակցությունը ձևավորվեց համատեղ ստեղծագործական հավատից։ Մեր ամենակարևոր նախագծերից մեկը, որը դարձավ շրջադարձային, «Ամերիկացին» ֆիլմն էր։ Այդ ֆիլմը ոչ միայն բարձրացրեց հայկական կինոյի որակը միջազգային հարթակներում, այլև բացեց նոր դռներ՝ ցույց տալով, թե ինչ կարող է անել համատեղ աշխատանքը՝ երբ միավորված են պրոֆեսիոնալիզմը, սերն ու հավատը գաղափարի հանդեպ։
Ի՞նչ աշխատանք է Ձեզ սպասվում, որոնք են Ձեր երկարաժամկետ նպատակները որպես այս կառույցի անդամ։
Ակադեմիայի անդամ դառնալն ոչ միայն պատիվ է, այլ նաև պարտավորություն՝ շարունակական զարգացման և մասնագիտական ներդրման։ Պատրաստվում եմ ակտիվ մասնակցել Ակադեմիայի կոմիտեների աշխատանքներին, ինչպես նաև ներկայացնել հայկական կինոյի և երաժշտության նոր անուններ միջազգային հարթակներում։ Երկարաժամկետ նպատակս է՝ ստեղծել կամուրջներ Հայաստանի և համաշխարհային կինոարտադրության միջև՝ հատկապես երաժշտական ոլորտում, նպաստելով մեր մշակույթի ճանաչմանը։
Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարող է այս անդամակցությունը նպաստել հայկական կինոարվեստի և երաժշտության միջազգային ճանաչմանը։
Ակադեմիայի անդամ դառնալը նոր դռներ է բացում հայկական երաժշտության և կինոյի համար։ Դա հնարավորություն է ուղղակի կապի՝ միջազգային կինոարտադրողների, կոմպոզիտորների և մասնագետների հետ։ Վստահ եմ, որ մեր մշակույթի ներկայությունը նման բարձր հարթակներում կուժեղացնի Հայաստանի դիրքը համաշխարհային մշակութային համայնքում և կխթանի նոր համագործակցություններ ու նախագծեր։
Սյունե Առաքելյան