11:30 14 մարտի, 2026Տասնամյակներ շարունակ Համազգային թատրոնը չուներ սեփական շենք։ Սեփական բեմ ունենալու գաղափարը երկար ժամանակ գոյություն ուներ որպես երազանք, որը փոխանցվում էր սերունդներին՝ արվեստագետներից մինչև հանդիսատես։ Թատրոնի նախկին տնօրեն Ղուկաս Մադոյանը հիշում է այդ ճանապարհը՝ դժվարություններով, հավատով և վերջապես իրականություն դարձած գաղափարով։
Տարիներ շարունակ Համազգային թատրոնը չուներ սեփական շենք։ Ո՞րն էր այդ բացակայության ամենացավոտ կողմը։
Ամենացավոտը թատրոնի ինստիտուցիոնալ կայունության բացակայությունն էր։ Երբ թատրոնը չունի սեփական տարածք, շատ դժվար է կառուցել երկարաժամկետ ստեղծագործական ռազմավարություն, տեխնիկական հնարավորություններ զարգացնել և ձևավորել այն միջավայրը, որտեղ թատրոնը դառնում է ոչ միայն ներկայացումների վայր, այլ նաև մշակութային կենտրոն։
Ի՞նչ զգացողություններ եք ունեցել, երբ թվում էր՝ սեփական բեմ ունենալը գրեթե անհնար է։
Այդ պահերին ամենակարևորը սառնասրտությունը պահպանելն էր։ Մենք փորձում էինք հարցին նայել ոչ թե որպես անհնար երազանքի, այլ որպես բարդ կառավարչական խնդրի, որը պետք է բաժանել փուլերի և լուծել քայլ առ քայլ։ Բայց միևնույն ժամանակ միշտ կար վստահություն, որ եթե այս գաղափարը այսքան երկար է ապրում մարդկանց մեջ, անհնարին է, որ իրականություն չդառնա։

Ո՞րն էր առաջին կոնկրետ քայլը, որը այս երազանքը դարձրեց իրական գործընթաց։
Առաջին կարևոր քայլը խնդրի հստակ ձևակերպումն էր պետական և գործընկերային մակարդակներում։ Այդ պահից մենք սկսեցինք համակարգված աշխատել միաժամանակ մի քանի ուղղություններով՝ պետական ինստիտուտների հետ համագործակցության և ֆինանսական ու հովանավորչական ռեսուրսների ներգրավման վրա։
Միևնույն ժամանակ մենք գործի դրեցինք բոլոր հնարավոր ռեսուրսները՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս։ Իրականացրինք տասնյակից ավելի հանդիպումներ պոտենցիալ աջակիցների և հովանավորների հետ, ներկայացրինք նախագծի գաղափարն ու դրա մշակութային նշանակությունը։ Շատ կարևոր էր նաև այն, որ կարողացանք ներգրավել շահագրգիռ մարդկանց և գործընկերների, որոնք հավատացին այս գաղափարին և պատրաստ եղան մասնակցել դրա իրականացմանը։
Այդ փուլում երազանքը արդեն դադարեց լինել միայն ցանկություն․ այն դարձավ կոնկրետ նախագիծ՝ իր գործընկերներով, ռեսուրսներով և իրականացման ճանապարհային քարտեզով։
Ինչպե՞ս փոխվեց թատրոնի ներսում մթնոլորտը, երբ արդեն հստակ էր, որ շենքը բացվելու է։
Թատրոնում ձևավորվեց շատ հստակ աշխատանքային մթնոլորտ։ Երկար տարիների սպասումից հետո վերջապես երևում էր լույսը, և դա մեծ էներգիա էր տալիս ամբողջ թիմին։
Ամեն մարդ ուներ իր հստակ դերը շենքի բացման նախապատրաստական աշխատանքներում։ Մենք նաև շատ լավ գիտակցում էինք, որ սա պետական մակարդակով աննախադեպ երևույթ է անկախ Հայաստանի պատմության մեջ, և որ այս բացումը պետք է իրականացվի հնարավորինս բարձր մակարդակով։

Ինչո՞ւ հենց «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ընտրվեց որպես բացման ներկայացում։ Դա խորհրդանշակա՞ն ընտրություն էր։
Նախ և առաջ, երբ Նարինե Գրիգորյան ընտրություն է կատարում, թե ինչ պետք է բեմադրվի, պարզապես պետք է վստահես և աջակցես նրան, որովհետև գիտես, որ արդյունքում ծնվելու է մի նոր հրաշալի ներկայացում, որի նմանը հաճախ չես տեսնի մեր թատերական միջավայրում։
Իսկ կոնկրետ այս ընտրությունը ինձ համար նաև որոշ չափով խորհրդանշական էր։ Այս պիեսը խոսում է հավատքի և հրաշքի մասին, իսկ մեր պատմության մեջ նույնպես կար երկարատև սպասում, որը վերջում վերածվեց իրականության։
Բացման երեկոյին ի՞նչ զգացողություն ունեիք՝ որպես ղեկավար և որպես արվեստի մարդ։
Որպես ղեկավար՝ դա առաջին հերթին երեք տարիների քրտնաջան աշխատանքի և անքուն գիշերների արդյունքն էր։ Պատասխանատվությունը շատ մեծ էր, որովհետև տարիներ շարունակ այս խնդիրը կարծես անլուծելի էր թվում, իսկ հիմա վերջապես հնարավոր եղավ այն լուծել։ Բացման երեկոյին ներկա էին պետական գործիչներ, արվեստագետներ, գործընկերներ, և ինչ-որ իմաստով այդ օրը նաև մեր կատարած աշխատանքի հաշվետվությունն էր։ Կարծում եմ՝ այն ընդունվեց շատ լավ, որովհետև վերջապես ստեղծվեց այն շենքը, որի մասին Համազգայինում խոսվել էր տասնամյակներ շարունակ։
Իսկ որպես արվեստի մարդ կարող եմ ասել, որ թատրոնի համար շենքի բացումը վերջնակետ չէ, այլ մեկնարկային կետ։ Թատրոնի առջև դեռ շատ աշխատանք կա, բազմաթիվ ստեղծագործական ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք ևս մեկ անգամ կամրապնդեն թատրոնի առաջատար դերը հայկական թատերական կյանքում։

Ի՞նչ է փոխվում թատրոնի ստեղծագործական մտածողության մեջ, երբ այն վերջապես ունենում է իր տունը։
Փոխվում է մտածողության հորիզոնը։ Սեփական բեմ ունենալը հնարավորություն է տալիս կառուցել երկարաժամկետ ռեպերտուարային քաղաքականություն և ստեղծել կրթական և մշակութային նոր ծրագրեր։
Թատրոնը դառնալու է յուրատեսակ «արտ հաբ», որտեղ հանդիսատեսը կարող է գտնել լավագույն ներկայացումները և բազմազան մշակութային իրադարձություններ։ Միևնույն ժամանակ թատրոնը ձգտելու է լիարժեք օգտագործել իր տարածքի ամբողջ ներուժը՝ ստեղծելով ակտիվ մշակութային միջավայր։
Ձեր կարծիքով՝ սա միայն թատրոնի՞ հաղթանակն էր, թե նաև մշակութային միջավայրի։
Սա նաև մշակութային միջավայրի կարևոր ձեռքբերում է։ Անկախ Հայաստանի պատմության մեջ սա առաջին թատրոնն է, որը կառուցվել է զրոյից, և դա ցույց է տալիս, որ մշակութային ենթակառուցվածքների զարգացումը կարող է դառնալ պետական և հանրային օրակարգի մաս։
Եթե հետ նայեք այդ ամբողջ ճանապարհին, ո՞ր պահն է Ձեզ համար ամենախորհրդանշականը։
Ինձ համար ամենախորհրդանշական պահերից մեկը Սոս Սարգսյան-ի հետ իմ հանդիպումն էր, երբ ես դեռ 16 տարեկան էի։ Մենք հանդիպեցինք հին թատրոնի շենքում՝ իր աշխատասենյակում, որը տարիներ անց դարձավ նաև իմ աշխատասենյակը։ Հանդիպման ավարտին նա մի թղթի վրա ստորագրեց և գրեց․ «Ղուկասին՝ շատ մեծ հաջողություններ բեմում և կյանքում, թող լինի իմ օրհնությամբ»։
Այդ խոսքերը ինչ-որ իմաստով դարձան պատգամ։ Տարիների ընթացքում թատրոնի շենքի կառուցումն ու այդ երազանքի իրականացումը վերածվեցին հստակ նպատակի, ճանապարհային քարտեզի և հետևողական աշխատանքի։

Երբ բացվեց վարագույրը առաջին անգամ նոր բեմում, ի՞նչ մտածեցիք այդ պահին։
Վերջապես։
Եթե այս պատմությունը մեկ նախադասությամբ նկարագրեք, ինչպե՞ս կձևակերպեք։
Սա մի երազանքի պատմություն է, որը երկար ժամանակ ապրում էր մարդկանց սրտերում և այսօր դարձել է իրականություն, որը պետք է պահպանել ու փայփայել։
Այսօր Համազգային թատրոնը արդեն ունի իր տունը, իր բեմը և իր պատմության նոր էջը։ Իսկ այն երազանքը, որի մասին տարիներ շարունակ խոսել են թատրոնի մարդիկ, հիմա ապրում է ոչ միայն հիշողության մեջ, այլ նաև ամեն երեկո բացվող վարագույրի հետևում։
Եվ գուցե հենց այդ պատճառով այս պատմությունը պարզապես շենքի կառուցման մասին չէ։ Դա հավատքի, համառության և այն մարդկանց մասին պատմություն է, որոնք երկար տարիներ շարունակել են հավատալ, որ մի օր այս բեմը անպայման կբացվի։ Իսկ երբ այն վերջապես բացվեց, պարզ դարձավ՝ որոշ երազանքներ իսկապես ժամանակ են պահանջում, բայց եթե դրանք ապրում են մարդկանց սրտերում, անպայման իրականություն են դառնում