15:21 18 մարտի, 2026Ամիսներ շարունակ աջակողմյան տեխնոլոգիական միլիարդատեր Պիտեր Թիլը զգուշացնում էր այն բանի մասին, ինչը նա համարում է անխուսափելի սպառնալիք՝ Հակաքրիստոսի մասին։
Արհեստական բանականության ներդրող Թիլը պնդում է, որ հիմնվում է Աստվածաշնչյան մարգարեությունների վրա՝ զգուշացնելու Հակաքրիստոսի մասին, որը կխոստանա անվտանգություն գոյաբանական ռիսկերից, ինչպիսիք են միջուկային պատերազմը, կլիմայի փոփոխությունը և արհեստական բանականությունը, բայց, ի վերջո, կբերի ավելի վատ բանի՝ տոտալիտար համաշխարհային կառավարության, գրում է «Նյու Յորք Թայմսը»։
Այժմ պարոն Թիլը կաթոլիկ եկեղեցու ներսում քրիստոնյա մտածողների դիմադրության է բախվում հենց այնտեղ, որտեղ նա փորձում է աջակցություն ստանալ իր գաղափարների համար՝ Հռոմում՝ Վատիկանի «տիրապետության» մեջ։
Այս շաբաթ պարոն Թիլը ժամանել է Հռոմ՝ Հակաքրիստոսի մասին չորս դասախոսություն կարդալու համար։ Կիրակի օրը սկսված շարքը ուսումնասիրում է, թե ինչպես են «գաղտնի ուժերը անդադար գործում՝ մտադրված ոչնչացնել Արևմուտքի մնացորդները»։
Ի պատասխան՝ կաթոլիկները կտրուկ դատապարտել են Թիլի տեսլականը վերջին շաբաթվա ընթացքում մի քանի հոդվածներում։ Մեկը վերնագրված էր. «Ամերիկյան հերետիկոսություն. պե՞տք է այրենք Պիտեր Թիլին»։
Թիլը նմանատիպ դասախոսություններ է կարդացել Սան Ֆրանցիսկոյում անցյալ տարի, և Փարիզում՝ հունվարին, սակայն քրիստոնյա մտածողների կողմից համեմատաբար քիչ արձագանք է ստացվել։ Սակայն Վատիկանի հետ նրա մոտիկությունը, ըստ երևույթին, որոշ կաթոլիկ մեկնաբանների դրդել է ավելի լուրջ արձագանք տալ։ Իր «Ամերիկյան հերետիկոսություն» ակնարկում Վատիկանի արհեստական ինտելեկտի հարցերով խորհրդական Հայր Պաոլո Բենանտին պարոն Թիլի փաստարկները որակել է որպես «անհանգստացնող»։
Հայր Բենանտին պնդել է, որ Թիլը՝ PayPal-ի, Facebook-ի և Palantir տվյալների վերլուծական ընկերության հիմնադրման գործում կարևոր դեր խաղացած ռիսկային կապիտալիստը, փորձում է արագացնել լիբերալ ժողովրդավարության անկումը՝ իր ընկերությունների գործունեությունը հեշտացնելու համար։
Հայր Բենանտին կարծում է, որ Թիլը վերցրել է արևմտյան արժեքային համակարգի երեք հիմնական բաղադրիչներ՝ մրցակցություն, տեխնոլոգիա և անհատականություն, և այնքան է աղավաղել դրանք, որ դրանք կարող են հանգեցնել «ընդհանուր ժողովրդավարական նախագծից արմատապես տարբերվող արդյունքների»։
Ֆրանսիական Le Grand Continent կայքում շաբաթ օրը հրապարակված ակնարկում Հայր Բենանտին պարոն Թիելին նկարագրել է որպես «լիբերալ կոնսենսուսի դեմ հերետիկոսության շարունակական գործողության կողմնակից. քաղաքացիական համակեցության հիմքերին մարտահրավեր»։
Անցած շաբաթվա ընթացքում իտալացի եպիսկոպոսների կազմակերպությանը պատկանող «Avvenire» թերթը մի քանի հոդված է հրապարակել՝ զգուշացնելով Թիլի տեսլականից բխող սպառնալիքի մասին: Մեկում նրան անվանել են «ամերիկյան լիբերալ ժողովրդավարության իր սեփական մոդելով մոդելավորված մի տեսակ մեղմ ավտոկրատիայի դանդաղ վերափոխման վճռորոշ մասնակից»: Մեկ այլում՝ նրան անվանել «քաոսի գործակալ»:
Բողոքի ցույց են անցկացրել նաև աշխարհիկ խմբերը: Կիրակի օրը «No Kings» շարժման իտալական մասնաճյուղի՝ Թրամփի դեմ պայքարի խմբի անդամները հավաքվել են Իտալիայի պաշտպանության նախարարության դիմաց՝ երկլեզու ցուցանակով. «Պիտեր Թիլը՝ Հռոմից դուրս: Պատերազմի տեխնոօլիգարխները՝ Հռոմից դուրս»:
Թիլը հայտարարել է, որ իր քրիստոնեական հավատքը գտնվում է իր աշխարհայացքի կենտրոնում: Նա մեծացել է ավետարանչական քրիստոնյա ընտանիքում և իր հավատքը բնութագրել է որպես «մի փոքր այլասերված»:
Երբ «New York Times»-ի սյունակագիր Ռոս Դութաթը անցյալ տարի Թիլին հարցրել է Հակաքրիստոսի մասին, միլիարդատերը պատասխանել է. «Որքա՞ն ժամանակ ունենք»: Այնուհետև նա մտավախություն է հայտնել, որ գոյաբանական ռիսկերի վրա կենտրոնանալը կհանգեցնի այնպիսի կարգավորումների, որոնք կստեղծեն տոտալիտար համաշխարհային պետություն:
Հռոմում դասախոսությունները մասամբ կազմակերպվել էին Վինչենցո Ջոբերտիի մշակութային ասոցիացիայի կողմից, որը Հյուսիսային Իտալիայի պահպանողական կաթոլիկ կազմակերպություն է: Մասնակցությունը հրավերով էր, իսկ վայրը՝ քաղաքի կենտրոնում գտնվող Պալացցո Օրսինի Տավերնան, գաղտնի էր պահվում մինչև կիրակի օրվա շարքի մեկնարկը։
Երեքշաբթի օրը, դասախոսությունների սկսվելուց հետո, տասնյակ հյուրեր վազեցին պալատի գլխավոր մուտքով՝ անտեսելով մոտ մեկ տասնյակ լրագրողների, որոնց անվտանգության աշխատակիցները պահում էին ցանկապատի ետևում։
Որոշ հյուրեր կրում էին ««Աստվածաշնչյան հակաքրիստոս» համաժողովի հյուր» գրությամբ կրծքանշաններ: Ոչ ոք չի պատասխանել լրագրողների հարցերին: