«Մեր սերը ձևավորվեց ոչ թե հեշտության մեջ, այլ փորձությունների». Անիտա Ավետիսյանը՝ ամուսնության ու իր ընտրյալի մասին

15:05   18 մարտի, 2026

Դերասանուհի Անիտա Ավետիսյանի կյանքում նոր ու գեղեցիկ փուլ է սկսվել․ նա ամուսնացել է իր ընտրյալի՝ Նարեկի հետ։ Զույգի հարսանիքը տեղի է ունեցել Լաս Վեգասում՝ մի վայրում, որն արդեն իսկ առանձնահատուկ նշանակություն ուներ նրանց սիրո պատմության մեջ։

Անիտան, ով սովորաբար նախընտրում է անձնականը պահել ավելի փակ, այս անգամ բացառություն է արել և NEWS.am STYLE-ի հետ կիսվել է իրենց հարաբերության ամենաջերմ ու անկեղծ դրվագներով՝ պահպանելով իր զգացմունքների ամբողջ խորությունը։

43FE8DF7-B786-416F-97B7-122DBE0BD998.jpeg (250 KB)

«Մեր պատմությունը սկսվեց շատ անսպասելի, բայց հենց սկզբից ինչ-որ առանձնահատուկ զգացում կար։ Ամենաբարդը հեռավորությունն էր։ Կիլոմետրերով հեռու լինելը, կարոտը, սպասելը… բայց հենց դա էլ մեզ ավելի ուժեղ դարձրեց։ Մենք սովորեցինք գնահատել ամեն խոսք, ամեն զանգ, ամեն փոքր ուշադրություն։

Կարող եմ ասել՝ մեր սերը ձևավորվեց ոչ թե հեշտության մեջ, այլ փորձությունների։ Եվ հենց այդ ճանապարհն է, որ մեզ հասցրեց այստեղ՝ միասին, արդեն որպես ընտանիք։ Երբ նայում եմ հետ, հասկանում եմ՝ եթե սերը իրական է, նույնիսկ հեռավորությունը չի կարող խանգարել»,-ասում է նա:

AFAEE719-0A6A-4A49-B1EB-29186B5BAD16.jpeg (380 KB)

Խոսելով Նարեկի մասին՝ դերասանուհին առանձնահատուկ շեշտում է նրա դերը իր կյանքում․

«Ես միշտ փորձել եմ անձնականը մի փոքր ինձ մոտ պահել, բայց կարող եմ ասել՝ Նարեկը այն մարդն է, ով ոչ միայն իմ ամուսինն է, այլ նաև իմ ամենամոտ ընկերը և ամենամեծ աջակցությունը»։

Հարսանիքի վայրը պատահական չէր ընտրված․ այն ուղիղ կապված է նրանց սիրո պատմության հետ։

«Կյանքը մեզ բերեց Լաս Վեգաս՝ հենց այնտեղ, որտեղ մեր սիրո նոր փուլը սկսվել էր։ Հարսանիքը Լաս Վեգասում անցավ՝ լի սիրով ու ջերմությամբ, մեր ամենամոտ մարդկանց շրջապատում՝ դարձնելով մեր օրն, իսկապես, անմոռանալի»։

350E96BD-77DF-4B17-9AD6-D0BAD741D472.jpeg (215 KB)

Անիտայի համար ընտանիքը և միասնականությունը ունեն շատ խորը իմաստ․

«Ինձ համար տունը այնտեղ է, որտեղ մենք միասին ենք, որտեղ սիրտը լցված է սիրով, և որտեղ ամեն պահը կարծես հավերժություն է»։

F620DDDE-D15D-4AA7-9641-C259EACD4F5E.jpeg (362 KB)

Զուգահեռաբար դերասանուհին շարունակում է իր ստեղծագործական ճանապարհը՝ նշելով, որ այժմ առավել կենտրոնացած է Հայաստանում գործող իր արվեստի կենտրոնի գործունեության վրա։

«Ես երկար ժամանակ զբաղվել եմ թե՛ դերասանությամբ, թե՛ պարով, թե՛ նկարչությամբ, բայց հիմա կենտրոնացած եմ իմ արվեստի կենտրոնի վրա՝ Հայաստանում գործող արվեստի կենտրոնի։ Շատ նոր ու հետաքրքիր բաներ են սպասվում առջևում, և ես վստահ եմ, որ նկարահանումներին վերադարձը ինձ կտանի ավելի հեռու՝ իմ նպատակների ու երազանքների հետագա ճանապարհին»,-հավելում է նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Անիտա Ավետիսյանը



© NEWS.am STYLE