Երևանում արդեն 6-րդ անգամ ընթանում է «Հնդկական ժամանակակից ֆիլմերի փառատոնը»

14:22   29 մարտի, 2026

Կնոմոսկվայում հնդկական տրամադրություն է։ 3 տարվա մեջ արդեն 6-րդ անգամ Հնդկաստանի դեսպանատունը Երևանում մեկնարկել է «Հնդկակական ժամանակակից ֆիլմերի փառատոն – 2026»-ը։

Փառատոնի մեկնարկը տրվեց ուրբաթ օրը՝ մարտի 27-ին, Dangal» ֆիլմով, սակայն պաշտոնական բացման արարողությունը կայացավ երեկ՝ մարտի 28-ին։ Այդ օրը ուղերձով հանդես եկավ նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհան։

Դեսպանը ջերմորեն ողջունեց փառատոնի հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով նրանց միջոցառմանը ներկա գտնվելու համար:

IMG_8513-1.jpeg (5.03 MB)

«Սա Հնդկաստանի դեսպանատան կողմից վերջին 3 տարիների ընթացքում կազմակերպվող 6-րդ փառատոնն է: Ժամանակակից հնդկական կինոյի շարքերում մենք փորձում ենք իրատեսական ֆիլմեր ներկայացնել հայ հանդիսատեսին: Մեր նախորդ կինոփառատոնը տեղի ունեցավ 2025 թ-ի դեկտեմբերին և հաջողություն գրանցեց ձեր շնորհիվ, ինչի համար շատ շնորհակալ ենք»,-իր խոսքում նշեց նա:

Տիկին Նիլակշի Սահա Սինհան հավելեց՝ ժամանակակից հնդկական կինոյի ամենացայտուն տարբերակիչներից մեկը դրա բազմազանությունն է: «Մենք այլևս չենք ապրում մի ժամանակաշրջաբում, երբ միայն Բոլիվուդն է սահմանում հնդկական ֆիլմերը: Ժամանակակից հնդկական ֆիլմերի բովանդակությունը փոփոխվել է, իսկ տեխնիկապես այն հասել է համաշխարհային չափանիշների, հնդկական պատմությունները գովաբանվում են միջազգային մակարդակով՝ կինոփառատոններից մինչև խոշոր մրցանակաբաշխություններ»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը ողջունելով ներկաներին՝ կարևորեց կինոյի լեզվով երկխոսությունը, որը, նրա խոսքով, մեծ դեր ունի երկու ժողովուրդների փոխճանաչման և մշակութային կապերի ամրապնդման գործում։

Պաշտոնական արարողությունից հետո Կինոմոսկվայի կապույտ դահլիճում ցուցադրվեց  «Mrs. Chatterjee vs Norway» ֆիլմը։

IMG_8511-1.jpeg (3.96 MB)

Եթե բաց եք թողել հնդկական ֆիլմերի ցուցադրման առաջին և երկրորդ օրերը, հոգ չէ, ևս մեկ ֆիլմ կհասցնեք դիտել այսօր՝ փառատոնի վերջին օրը։ Կինոմոսկվայում կցուցարվի «Andhadhun» ֆիլմը։ Այս ժապավենը մի դաշնակահարի մասին է, ով կույր է ձևանում, սակայն նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նա պատահաբար ներքաշվում է մի սպանության պատմության մեջ:

Փառատոնի շրջանակում բոլոր ֆիլմերը ցուցադրվում են հինդի լեզվով՝ անգլերեն և հայերեն ենթագրերով։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE