Իվետա Մուկուչյանը՝ լավագույն փոփ երգչուհի, Արամ Mp3-ն՝ լավագույն երգիչ․ «Խազեր» մրցանակաբաշխության հաղթողները, ամենաինտրիգային ու «սուր» դրվագները

10:00   30 մարտի, 2026

Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի «Խազեր» մրցանակաբաշխությունը, որն այս տարի անցկացվեց երկրորդ անգամ, դարձավ տարեսկզբի ամենաքննարկվող իրադարձություններից մեկը․ այն սկսվեց սկանդալային բոյկոտներով, իսկ երեկ՝ մարտի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ի վերջո, ամփոփեց արդյունքները, որով, կարծես, միայն զարկ տվեց նոր քննարկումների․․․

Հարկ է նշել, որ այս տարի արարողությունն անցկացվեց ավելի վառ ու մասշտաբային։ Մրցանակաբաշխության ծրագիրն ավելի խաղարկային էր, դինամիկ, հագեցած տպավորիչ ելույթներով, լուսային ու լեդ էկրանների էֆեկտներով և, իհարկե, հումորով՝ ընդ որում՝ տեղ-տեղ բավականին սուր ու ինքնահեգնական ակնարկներով։

Անխոս, մրցանակաբաշխության կազմակերպիչները չէին շրջանցել «Խազերի» շուրջ բռնկված խոսակցությունները՝ արտիստներից մի քանիսի՝ մասնակցությունից հրաժարվելը և նրանց պարզաբանումները։ Այդ ամենը հումորային մինի-ստենդափով ներկայացրեց Արսեն G-ն՝ այդպիսով կատարելով մրցանակաբաշխության բացումը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от @armenianmusicacademy

Այս տարի «Խազերն» ունեցավ 18 անվանակարգ՝ յուրաքանչյուրում, ավանդաբար, երեքական թեկնածու։ Ինչպես իր ելույթում կատակեց Արսենը՝ 18 արտիստ ուրախ գնացին տուն, մինչդեռ 36-ը մյուս տարի, հավանաբար, կհրաժարվի մասնակցել «Խազեր»-ին։ 

Կազմակերպիչները, սակայն, չէին նեղացել այն արտիստներից, ովքեր հրաժարվել էին այս տարվա մասնակցությունից։ Որպես օրինակ՝ Իվետա Մուկուչյանն ու Բրյունետը ստացան իրենց՝ իսկապես արժանի մրցանակները։ 

Ստորև ներկայացնում ենք բոլոր անվանակարգերի հաղթողներին։ 

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան նաև Սոնա Ռուբենյանը, որի համարը հարգանքի տուրք էր Վարդուհի Վարդանյանին, Էրիկը՝ կատարելով Արթուր Գրիգորյանի «Դռները» երգը, երկրորդ տարին անընդմեջ Տարվա լավագույն ռոք խմբին արժանացած Nemra-ն, ինչպես նաև՝ «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի դեսպան Սիմոնը, որը ներկայացրեց իր մրցութային՝ Paloma Rumba երգը։ 

Մրցանակաբաշխության հաղորդավարներն էին Ներսես Ավետիսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը և Արփի Գաբրիելյանը։ 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE