22:22 25 փետրվարի, 2014Համարվում է, որ բազմաթիվ հայ տղամարդիկ, աշխատելու նպատակով մեկնելով արտերկիր, ընկնում են օտար, մասնավորապես, ռուս ջրահարսերի թակարդը՝ մոռանալով իրենց սիրելիների եւ կանանց մասին, ովքեր նախնիների հայրենիքում կարոտով սպասում են նրանց: Անկասկած, այդ աքսիոմ չէ: Ամեն դեպքում, հաճախ հայ տղամարդը կա՛մ երկրորդ ընտանիքն է կազմում, կա՛մ ընդհանրապես հեռանում է ուրիշ կնոջ մոտ: Ի՞նչն է նրանց ստիպում մոռանալ իրենց կեսի եւ, այսպես կոչված, «ադաթների» մասին: Ինչո՞վ են այդ կանայք մեզանից լավը…

30-ամյա Արմենն արդեն 5 տարի ամուսնացած է Անյայի հետ: «Մենք ծանոթացանք, երբ ես մեկնեցի Մոսկվա՝ ուսանելու: Պատանի էի, շուրջս այնքան գեղեցկուհիներ կային… Գլուխս պտտվում էր: Ինչ թաքցնեմ, բոլոր հայերին հատուկ ցանկություն առաջացավ մատչելի ռուս կանանց առումով: Միշտ կարծում էի, որ միայն հայուհու հետ եմ ամուսնանալու: Մինչեւ հանդիպեցի Անյային… Նա մյուս աղջիկների նման չէր: Անմիջապես չհաջողվեց նրան նվաճել: Մի խոսքով՝ խենթի պես սիրահարվեցի: Եվ ահա արդեն 5 տարի երջանիկ ամուսիններ ենք: Նա ինձ հետ Երեւան եկավ: Նախ դժվար էր, բայց նա ուժեղ կին է: Հրաշալի հումորի զգացում ունի, հակառակ դեպքում հենց երկրորդ օրը կփախչեր»,- ժպտալով պատմում է Արմենը: «Հիշում եմ, թե ինչպես Արմենն ինձ ծանոթացրեց իր ընկերների ու նրանց կանանց հետ,- ասում է Անյան:- Հիմա զվարճալի է այդ մասին հիշելը, բայց այդ ժամանակ ես սարսափած է այն բանից, թե որքան սառը եւ, մեղմ ասած, անբարյացկամ ընդունեց ինձ կանանց այդ ակումբը»:

«Նրանք պատրաստ էին Անյային կտոր-կտոր անել: Չարացած բորենիների նման ֆշշացնում էին,- հիշում է Արմենը:- Բայց Անյային անհնար է չսիրել: Գիտեք, ինձ միշտ ռուս կանանց մեջ դուր է եկել պարզությունը: Նրանց մոտ այդ սուտ-պահպանողականությունը չկա, ինչպես մեր աղջիկների պարագայում, առիթով եւ անառիթ մուննաթը չկա: Նրանց հետ դյուրին է»,- բացատրում է Արմենը եւ մոտ քաշում Անյային ու համբուրում նրա այտը:
«Իմ Սոֆիան ցանկացած հայուհու կգերազանցի,- համոզված ասում է 40-ամյա Մանվելը, ում կինը՝ Սոֆիան, բուլղարուհի է:- Նա հրաշալի տնտեսուհի է, խելացի, կոմսոմոլուհի, գեղեցկուհի, հիանալի կին եւ մայր: Բայց, ամենակարեւորը, նա երբեք չի նվնվում»:

Մանվելի խոսքով, ծանոթացել են Բուլղարիայում: «Ես այնտեղ գնացի՝ բիզնեսի հեռանկարներին ծանոթանալու համար: Նպատակներս չարդարացան, փոխարենը գտա իմ երկրորդ կեսին: Փորձեցինք ապրել Հայաստանում, բայց, ցավոք, հարազատների հետ հարաբերությունները չստացվեցին, եւ մենք որոշեցինք մեկնել: Հիմա ապրում ենք Սոֆիայում, իսկ Հայաստան ես մենակ եմ այցելում, այն էլ՝ հազվադեպ»: Հարցին, ինչո՞վ են տարբերում բուլղարացի կանայք հայուհիներից, Մանվելը ժպտալով պատասխանեց. «Կինը կին է: Կարեւոր չէ, թե ինչ ազգության է պատկանում: Կարեւորը՝ կարողանո՞ւմ է, արդյոք, սիրել: Դե, բնականաբար, նաեւ կերակուր պատրաստել: Օրինակ, իմ Սոֆիան այնպիսի տոլմա է պատրաստում, մատներդ էլ հետը կուտես»:

Իմ մյուս զրուցակիցն ամուրի Աշոտն էր, ով արդեն 10 տարի ապրում եւ աշխատում է Մոսկվայում: «Ծնողներս իմ ամեն այցելության ժամանակ ինձ համար «հարմար» հարսնացու են գտնում: Այդ բոլոր աղջիկներն այնքան զվարճալի են: Այո՛, լավն են, գեղեցիկ: Բայց ես վստահ չեմ, որ իմ ընտրյալը հայուհի կլինի: Այդ կամակորություն չէ: Բայց մեր կանայք, ինչպես նաեւ շատ տղամարդիկ, կարծես հասուն չեն, իրականությունից կտրված, ապրում են իրենց սահմանափակ աշխարհում՝ ինչ-որ անհեթեթ «հասկացություններով»: Հայուհիներից մեկն ինձ հիվանդի տեղ դրեց, երբ հարցրեցի, արդյո՞ք կարդացել է «Ալիսան հրաշքների աշխարհում»-ը: Ես չեմ պնդում, որ մոսկովյան աղջիկները բարձրագույն մտավոր ունակություններ ունեն… Բայց, ինչպե՞ս բացատրեմ, նրանք պարզ են եւ բարդ միաժամանակ…»:

Բնականաբար, այս բոլոր պատմությունները խիստ անձնական են եւ սուբյեկտիվ տեսակետ են արտահայտում: Բայց բազմաթիվ հայ տղամարդիկ, ում ընտրյալն օտարուհի է, նշում էին, որ իրենց առաջին հերթին գրավել են պարզությունն ու թեթեւությունը: Պարադոքս է, բայց օտար գեղեցկուհիների մեջ մեր տղամարդկանց գրավում են հենց այն հատկությունները, որոնք նրանք չեն ընդունում հայուհիների մեջ: Օրինակ՝ ազատ վերաբերմունքը ինտիմ հարաբերություններին, շփման մեջ պարզությունը, ժպտուն եւ սեթեւեթող բնավորությունը: Ստացվում է, որ կարծրատիպերից, որոնք դարերով մեզ են հասել մոր կաթի հետ միասին, կարելի է ազատվել միայն հայրենիքից հեռու… Կամ էլ, ամեն դեպքում, ժամանակն է դադարել ձեւացնել, ինքներս մեզ խաբել եւ ապրել այնպես, ինչպես ցանկանում ենք՝ չմտածելով հարեւանների մասին եւ ուշադրություն չդարձնելով նախանձոտ հայացքներին:

Յուլիա Վարդանյան