Ինչո՞ւ է սեքսը դառնում կանխատեսելի. գիտնականները բացատրում են կրքի կենսաբանությունը և նորի հանդեպ ձգտումը

23:01   9 ապրիլի, 2026

Նույնիսկ ամենանվիրված զույգերի մոտ ժամանակի ընթացքում կիրքը մարում է և դրա պատճառը կենսաբանությունն է։ Գիտնականները բացատրում են, որ հորմոնները, «Կուլիջի էֆեկտը» և սթրեսն անմիջականորեն ազդում են սեռական ցանկության վրա։ Սակայն հուզական մտերմությունն ու միմյանց հանդեպ ուշադիր վերաբերմունքն օգնում են վառ պահել հարաբերությունների կրակը։

Սիրահարվածության սկզբնական շրջանում այնպիսի հորմոնները, ինչպիսիք են տեստոստերոնը, էստրոգենը և դոպամինը, էմոցիոնալ «հաճույքի» զգացում են ստեղծում զուգընկերոջ յուրաքանչյուր հայացքից ու հպումից։ Ադրենալինն էլ իր հերթին «թիթեռնիկներ է առաջացնում որովայնում», սերոտոնինն ուժեղացնում է ուշադրությունից ու հաճոյախոսություններից ստացած բերկրանքը, իսկ ֆենիլէթիլամինը (PEA) գործում է գրեթե որպես «սիրահարվածության թմրանյութ»։

Սակայն ժամանակի ընթացքում էմոցիաների ինտենսիվությունը նվազում է։ Ուղեղը սովորում է զուգընկերոջը, և խթանները դառնում են կանխատեսելի. սա հենց այն հայտնի Կուլիջի էֆեկտն է, որը նկատվում է ոչ միայն կենդանիների, այլև մարդկանց մոտ։ «Ուղեղը մշտապես նոր խթաններ է փնտրում դոպամինի մակարդակը բարձրացնելու համար»,- պարզաբանում է կենսաբան Լիաթ Յակիրը։ Էվոլյուցիոն տեսանկյունից սա օգնել է մեր նախնիներին բազմազանեցնել գենետիկական նյութը և ընտրել ամենաուժեղ ու դոմինանտ զուգընկերներոջը։

Սակայն սեռական գրգռվածության նվազումը դեռ դատավճիռ չէ հարաբերությունների համար։ Յակիրն ընդգծում է, որ երկարատև երջանկությունը կառուցվում է էմոցիոնալ անվտանգության վրա՝ այն զգացողության, որ ձեզ տեսնում են, գնահատում և հոգ են տանում ձեր մասին։ Սթրեսը, հատկապես երեխաների դաստիարակության կամ քնի պակասի շրջանում, ընկճում է լիբիդոն (սեռական հակումը)։

Այդ իսկ պատճառով փորձագետները խորհուրդ են տալիս աշխատել էմոցիոնալ կապի վրա. համատեղ հանդարտությունը, ֆիզիկական մտերմությունը, ամենօրյա երախտագիտությունն ու դրական շփումն օգնում են վերականգնել մտերմությունը։ Եվ ինչպես ասում է Յակիրը. «Հարաբերություններում ամեն ինչ հանգում է քիմիային»։



© NEWS.am STYLE