Rolls-Royce Motor Cars-ը ներկայացրել է 3.5 միլիոն ֆունտ արժողությամբ «Nightingale» էլեկտրական կաբրիոլետ. շքեղության նոր սահման միայն ընտրյալների համար  

23:02   15 ապրիլի, 2026

Rolls-Royce Motor Cars–ը ներկայացրել է Nightingale-ը՝ նոր էլեկտրական կաբրիոլետ 3.5 միլիոն ֆունտ արժողությամբ, որը կդառնա ապրանքանիշի պատմության մեջ առաջին բաց տանիքով էլեկտրական մեքենան։

Ընդհանուր առմամբ կթողարկվի ընդամենը 100 օրինակ և յուրաքանչյուրն անհատական պատվերով կստեղծվի բրենդի ամենահարուստ հաճախորդների համար։

ролсрой1.jpg (29 KB)

Nightingale մոդելը բացում է Coachbuild ծրագրի նոր փուլը․ սա պարզապես մեքենա չէ, այլ լիովին անհատականացվող շքեղ առարկա, որի դիզայնը ոգեշնչված է Art Deco-ի էսթետիկայից և 1920–30-ականների ավտոմոբիլային դիզայնի «ոսկե դարաշրջանի» ոճից։ Դիզայներները ոգեշնչվել են Rolls-Royce Motor Cars–ի փորձարարական նախատիպերից և Ֆրանսիական Ռիվիերայի զբոսանավային (յախտային) էսթետիկայից՝ ստեղծելով այնպիսի մեքենայի կերպար, որտեղ գլխավոր դերը ոչ թե արագությունն է, այլ շարժման ու լռության զգացողությունը։

5.76 մետր երկարությամբ և 24 դյույմանոց զանգվածային անիվներով Nightingale-ը հիշեցնում է շարժվող քանդակ՝ անիվների վրա։ Դրա ուրվագիծը կառուցված է երկար կապոտի և թափքի մեջ «խորացված» կոմպակտ երկտեղանի սրահի հակադրության վրա։ Թափքի գծերը հիշեցնում են յախտայի կառուցվածքը․ մեկ շարունակական «հիմնական» գիծ ձգվում է առաջամասից դեպի հետևամաս՝ նույնիսկ անշարժ վիճակում ստեղծելով սահուն սահքի զգացողություն։

ролсрой2.jpg (92 KB)

Մեքենան ամբողջությամբ էլեկտրական է և գրեթե անաղմուկ։

Rolls-Royce Motor Cars–ի ինժեներների խոսքով՝ բաց տանիքով ընթացքի ժամանակ սրահում լսվում է ոչ թե շարժիչի ձայնը, այլ շրջակա աշխարհը՝ ալիքների ձայնը, քամին և նույնիսկ թռչունների երգը։ Հենց այս լռության էֆեկտն էլ դարձել է նախագծի առանցքային գաղափարներից մեկը։ Ինտերիերը ձևավորված է կապույտի և սպիտակի մեղմ երանգներով՝ լրացված վարդագույն ոսկու և մուգ փայտի շեշտադրումներով։

ролсрой3.jpg (47 KB)

Տարածքը ձևավորված է որպես երկու անձի համար նախատեսված մասնավոր հարմարավետ տարածք․ այստեղ չկա ոչ մի ավելորդ բան, իսկ յուրաքանչյուր դետալ՝ սկսած պտտվող կառավարման տարրերից մինչև թաքնված խորշերը, մշակված է որպես իսկական ոսկերչական արվեստի նմուշ։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անհատականացմանը։ 100 մեքենաներից յուրաքանչյուրն ամբողջությամբ կպատրաստվի ձեռքով և կանցնի խորացված անհատական հարմարեցում՝ հաճախորդի հետ համատեղ։

ролсрой4.jpg (30 KB)

Rolls-Royce Motor Cars–ը ընդգծում է, որ Nightingale-ը չի կրկնվի երկու անգամ․ յուրաքանչյուր մեքենա կդառնա իր սեփականատիրոջ ճաշակի եզակի արտահայտությունը։



© NEWS.am STYLE