Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշեց 20-ամյակը՝ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի մասնակցությամբ

18:30   15 ապրիլի, 2026

Ապրիլի 14-ի երեկոն Երևանում այն հազվադեպ պահերից էր, երբ մարդը պարզապես չի «գնահատում» համերգը, այլ ներսից է զգում՝ ինչ-որ մեծ, ինչ-որ գրեթե անբացատրելի բան է տեղի ունենում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակը չէր միայն։ Դա հիշողության, հպարտության, պայքարի ու երազանքի մի ամբողջ ճանապարհ էր՝ սեղմված մի երեկոյի մեջ, որտեղ ամեն նոտա կարծես ասում էր․ «մենք այստեղ ենք, և սա մեր ձայնն է»։

Երբ Լանգ Լանգը բեմ բարձրացավ, դահլիճում մի տեսակ լռություն իջավ, այն լռությունը, որը լինում է միայն մեծ սպասումից առաջ։ Եվ հետո սկսվեց Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը՝ ոչ թե պարզապես կատարմամբ, այլ ապրումով, որ կարծես լցնում էր ամբողջ տարածքը։

Դա այն պահերից էր, երբ չես մտածում տեխնիկայի մասին, չես վերլուծում ոչինչ․ ուղղակի նստած ես ու զգում ես, թե ինչպես երաժշտությունը դառնում է շնչառություն։ Նվագախումբը և մենակատարը պարզապես միասին չէին նվագում՝ նրանք խոսում էին մի լեզվով, որը բառեր չունի, բայց հասկանում են բոլորը։

Իսկ հետո՝ ծափահարություններ։ Երկար, անկեղծ, գրեթե ցավոտ ուժեղ։ Այնպիսի ծափահարություններ, որոնց մեջ կա շնորհակալություն՝ պարզապես լինելու համար։

Համերգի երկրորդ մասում հնչած Արամ Խաչատրյանի «Անդանտինոն» կարծես վերադարձ էր տուն։ Մեծ աշխարհից՝ դեպի հայկական հողի ջերմությունը։ Մի տեսակ հանգիստ շունչ, որ ասում էր՝ «սա էլ ենք մենք»։

Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը համերգը նկարագրում է՝ ընդգծելով մշակութային նրբությունների, չափի զգացողության և բեմադրական մոտեցումների կարևորությունը։ Նրա խոսքով՝ համերգային ծրագրում փորձ է արվել պահպանել ակադեմիական ստեղծագործությունների ամբողջ կշիռն ու արժանապատվությունը՝ միաժամանակ ներդաշնակորեն ներառելով էստրադային գործեր՝ առանց անցնելու ճաշակի և չափի սահմանները։ Նա նաև նշում է, որ բեմադրական լուծումները կառուցվել են այնպես, որ երկու տարբեր երաժշտական հատվածների համար ապահովվեն առանձին, նպատակային բեմական միջավայրեր՝ պահպանելով ընդհանուր գեղարվեստական ամբողջականությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ընդգծում է, որ համերգի գաղափարական հիմքում եղել է այն տեսլականը, որ 20-ամյակին նվիրված գալա համերգը պետք է դառնա նորանկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային դասական համերգային ծրագիրը։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով ընտրվել է երկրի ամենամեծ դահլիճը՝ ցույց տալու համար, որ դասական երաժշտությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մատուցմամբ այլևս չի սահմանափակվում փոքր դահլիճային ձևաչափերով։

Նա նաև նշում է, որ նախագծի ձևավորման ընթացքում կարևոր շեշտադրում է եղել նվագախմբի բազմաժանրությունը՝ ցույց տալու, որ պետական կոլեկտիվը, լինելով դասական երաժշտության կրող, միաժամանակ կարող է ներկայանալ նաև ժամանակակից երաժշտական տարբեր ուղղություններով։ Վիրաբյանը հիշեցնում է, որ դեռ տարիներ առաջ նվագախումբը Հայաստանում ներդրեց ոչ դասական համագործակցությունների մշակույթը՝ կինոերաժշտությունից մինչև էստրադային և միջազգային նախագծեր, ինչը ժամանակին ընդունվում էր քննադատությամբ, սակայն այսօր արդեն դարձել է լայնորեն կիրառվող պրակտիկա։

«Այսօր արդեն պարզ է, որ այն մոտեցումը, որը ժամանակին վիճարկվում էր, իրականում ճիշտ ուղղություն էր՝ երիտասարդացնելու հանդիսատեսին և ընդլայնելու երաժշտական ընկալումը»,— նշում է նա՝ հավելելով, որ երեկվա համերգը վերջնականապես ցույց տվեց՝ Հայաստանում դասական երաժշտության լսարանը ոչ թե փոքր է, այլ բազմահազարանոց։

Վիրաբյանը նաև ընդգծում է, որ համերգը փաստացի փակեց այն կարծրատիպը, թե դասական արվեստը փոքր դահլիճների արվեստ է․ «Մենք ցույց տվեցինք, որ դա մեծ բեմերի արվեստ է, երբ այն մատուցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը»։

Նա նաև առանձնահատուկ գնահատանքով է խոսում ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի մասին՝ նշելով, որ առանց նրա և իր թիմի այս նախագիծը նույն ամբողջականությունը չէր ունենա։ Նրա խոսքով՝ Հայրապետյանը երեք ամիս շարունակ ապրել է այս նախագծով՝ ստեղծելով բեմադրական լուծումներ, որոնք ամբողջացնում էին երաժշտական հոսքը՝ համադրելով դասականից մինչև ժամանակակից, տարբեր ժանրերի և նախագծերի միջև անցումները։

«Ինձ համար զարմանալի և գովելի է, թե ինչպես կարելի է նման մեծածավալ նախագծում այսքան խորությամբ հասկանալ կոլեկտիվի էությունը և այն վերածել ամբողջական բեմական պատմության»,— ընդգծում է Տիգրան Վիրաբյանը։

Բայց այս ամենի մեջ ամենահուզիչը ոչ միայն երաժշտությունն էր, այլ այն մարդկանց խոսքերը, որոնք ապրում են այդ երաժշտության մեջ։

Սերգեյ Սմբատյանի խոսքերն այդ երեկոյից հետո հնչում էին ոչ թե որպես պաշտոնական ամփոփում, այլ որպես անկեղծ ապրում․

«Փայլուն երաժշտություն կատարեցինք, բայց ամեն դեպքում նման ֆորմատով ներկայացնել կոլեկտիվի համար կարևոր համերգ՝ շատ հատկանշական է։ Կարելի է ասել՝ կյանք փոխող ֆորմատ է։ Մենք ապացուցեցինք, որ կարող ենք լինել ոչ միայն ակադեմիական ուղղության կրող, այլ նաև համարձակ՝ երիտասարդ սերնդին նոր բովանդակություն ներկայացնելու մեջ»։

Եվ այդ խոսքերի մեջ կար ոչ թե հպարտության ցուցադրում, այլ՝ ապրած ճանապարհի ծանրությունն ու գեղեցկությունը։

Նա հավելում է․ «20 տարին միջազգային կարիերայի համար գուցե շատ չէ, բայց մենք ստեղծել ենք մեր հնչողությունը։ Եթե ինձ հարցնեիք՝ որն է մեր ամենամեծ ձեռքբերումը, կասեի՝ հենց դա է»։

Ու այստեղ արդեն ամեն ինչ պարզ էր․ սա պարզապես նվագախումբ չէ, սա ինքնություն է, որը տարիներով ձևավորվել է, կոփվել, որոնել ու վերջապես գտել իր ձայնը։

Եվ երբ խոսքը գնում է այն մասին, որ համաշխարհային մեծության մենակատարը ընտրում է հենց այս բեմը, հենց այս օրը, հենց այս երաժիշտների հետ կանգնել կողք կողքի, դա արդեն երաժշտությունից դուրս մի բան է դառնում։ Դա ճանաչում է։ Դա վստահություն է։ Դա հարգանք է։



© NEWS.am STYLE