Կարմիր գորգի կանոնը՝ Նազենի Հովհաննիսյանի ձեռագրով․ անթերի ու կայուն ոճի օրինակ  

12:03   19 ապրիլի, 2026

Հայկական կարմիր գորգը հազվադեպ է մեզ հիացնում իսկապես ոճային, համապատասխան և նույնիսկ հետաքրքիր կերպարներով։ Այդ հազվադեպ բացառություններից մեկը Նազենի Հովհաննիսյանի ելույթներն են։ Յուրաքանչյուր կերպար էլեգանտության մարմնավորում է՝ հստակ ուրվագծերով և դիզայներական անթերի մաքրությամբ։

Եվ սա նաև այն կերպարների մասին է, որոնք չեն մրցակցում արտաքինի հետ, այլ ընդհակառակը, ընդգծում են այն. ընդգծված գոտկատեղով զգեստներ, երկարացված ուրվագիծ, շեշտադրում ուսերի ու իրանի վրա, գործվածքի մեղմ, բայց հստակ հոսք՝ մարմնի վրայով։ Սա միշտ ուղղահայացության, ձգվածության և վեհ կեցվածքի մասին է։ Նույնիսկ ամենապարզ կտրվածք ունեցող կերպարներում կա բեմականության զգացողություն՝ ոչ վուլգար կամ ծիծաղելի, այլ դասական ու նրբաճաշակ։

Lady in red

назени.jpg (65 KB)

«Անահիտ» կինոմրցանակաբաշխության կերպարը՝ այն դեպքը, երբ դասականը ոչ թե ձանձրալի է, այլ ժամանակակից ու արդիական։ Առջևից՝ մեղմ ծալքավորում, ուսերի հստակ գիծ և երկարացված ուրվագիծ։

Հետևից՝ բաց մեջք, որը կերպարին տալիս է զգայականություն, բայց չի դարձնում այն բացահայտ․ հստակ ողնաշարի գիծ, բարձր գոտկատեղ և գործվածքի նուրբ անցում դեպի թեթև։

назени1.jpg (75 KB)

Այս ամենը տեսողականորեն երկարացնում է մարմինը և կերպարին տալիս գրեթե քանդակային ուրվագիծ։

Այս զգեստից ուղղակի հիշեցնում է հին Հոլիվուդի տրամադրությունը՝ այն հանգիստ, բայց դրամատիկ ոճը, որտեղ ամեն ինչ կառուցված է գծերի ու գույների վրա, ոչ թե դեկորի։ Այն զգացվում է Versace-ի ավելի զուսպ երեկոյան հավաքածուների կամ նույնիսկ Tom Ford-ի էսթետիկայի մեջ՝ մարմնի հետ աշխատանքի և զսպված սեքսուալության նույն մոտեցմամբ։

Liquid gold

«Խազեր» մրցանակաբաշխության ժամանակ Նազենին ներկայացավ մի կերպարով, որը կառուցված էր մեղմ ոսկեգույն երանգի վրա։ Այն չի կուրացնում և չի փորձում ամբողջ ուշադրությունը իր վրա վերցնել․ հակառակը՝ գործում է հանգիստ, ստեղծում է խորություն և նուրբ փայլ։

назени2.jpg (119 KB)

Գործվածքը որսում է լույսը և շարժվում է դրա հետ միասին, ինչի շնորհիվ նույնիսկ պարզ ուրվագիծը չի թվում անշարժ կամ ձանձրալի։ Այստեղ ուշադրության կենտրոնում ոչ թե բարդ կտրվածքն ու մանրամասներն են, այլ հենց նյութի գեղեցկությունն ու հյուսվածքը։

Զգեստը բառացիորեն կենդանանում է շարժման մեջ և հենց դա էլ բավարար է, որպեսզի կերպարը ընկալվի ամբողջական, ներդաշնակ ու ավարտուն։

Ուրվագիծը մնում է ծանոթ՝ ընդգծված գոտկատեղով և երկարացված ձևով, առանց ավելորդ դետալների։ Ուշադրությունը չի ցրվում․ կերպարը միանգամից ընկալվում է ամբողջական տեսքով։

Տրամադրությամբ այն որոշ չափով հիշեցնում է Elie Saab-ի մոտեցումը՝ փայլի և երեկոյան նրբության ընկալման առումով, սակայն առանց ծանրաբեռնվածության ու բարդ շերտավորումների։ Այստեղ ամեն ինչ ավելի հանգիստ է, պարզ և մաքուր։

Մաքուր կոդ․ միագույն

назени3.jpg (41 KB)

Իր տարբեր կերպարներում Նազենին գրեթե միշտ հավատարիմ է մնում հետևյալ գունային սխեմային՝ սև, կարմիր, նյուդ կամ ոսկեգույն։ Առանց նախշերի և բարդ համադրությունների, որոնք կարող էին խաթարել ուրվագիծը։

Սա կերպարը դարձնում է անմիջապես ընթեռնելի: Գույնը չի շեղում և չի հակադրվում ձևին, այլ հակառակը՝ ընդգծում է այն։ Աչքը չի կանգնում ավելորդ մանրամասների վրա՝ ամեն ինչ թվում է հավաքված, պարզ ու հստակ ընկալելի։

Տեսախցիկի առաջ նման լուծումները գրեթե միշտ ավելի «թանկ» ու նրբաճաշակ են թվում հենց իրենց պարզության շնորհիվ։ Ստեղծվում է ամբողջական պատկեր, երբ ուշադրությունը կենտրոնացած է ոչ թե մանրամասների, այլ գծերի ու կերպարի վրա։ Այս մոտեցումը որոշ չափով հիշեցնում է Saint Laurent-ի էսթետիկան՝ նույն պարզությունն ու հստակ ոճային լեզուն, բայց ավելի մեղմ և հանգիստ տարբերակով։

Նման նորաձև ռազմավարությունը տալիս է կայուն արդյունք և գրեթե բացառում է սխալները։ Իհարկե, կա նաև հակառակ կողմը՝ ժամանակի ընթացքում նվազում է անսպասելիության զգացումը, իսկ հենց դա է հաճախ նորաձևությունը դարձնում իսկապես հետաքրքիր և ազդեցիկ։

Ուրվագիծը՝ որպես սցենար

назени4.jpg (69 KB)

Միջոցառումների ժամանակ, լուսարձակների ներքո, Նազենին գրեթե միշտ աշխատում է նույն ուրվագծով՝ պարզապես տարբեր մոտեցումներով։ Շեշտադրումը մնում է գոտկատեղի վրա, ձևը երկարացվում է կտրվածքի շնորհիվ, իսկ բաց ուսերը կամ մեջքը կրկնվում են կերպարների մեծամասնությունում։ Հենց այդ պատճառով նրա ոճը հեշտությամբ ճանաչելի է։

назени5.jpg (103 KB)

Նույնիսկ եթե դուք արդեն մոտավորապես պատկերացում ունեք, թե ինչպես է կառուցվելու Նազենիի հաջորդ կերպարը, դա այն չի դարձնում պակաս հաջողված։ Ամեն ինչ այնքան ճշգրիտ է դասավորված, որ անակնկալների բացակայությունը չի հիասթափեցնում։

Հատկապես այն աստղերի ֆոնին, որոնք քաոսային կերպով փորձում են տարբեր ոճեր՝ ոչ միշտ մտածելով՝ արդյոք դրանք իրենց սազում են, Նազենիի մոտեցումը շատ ավելի վստահելի է թվում։ Նա գրեթե միշտ տեղին և ներդաշնակ է երևում ցանկացած ձևաչափում և տեսախցիկի առաջ պահում է վստահ ներկայություն։

Զսպված շքեղությունն ու ընդգծված նրբագեղությունը հենց այն է, ինչ առանձնապես լավ է ընկալվում հայկական հանրության կողմից և հենց այդ պատճառով նրա յուրաքանչյուր կերպար մշտապես առաջացնում է հիացմունքի մեծ արձագանք։

 



© NEWS.am STYLE