21:21 20 ապրիլի, 2026H&M-ը պաշտոնապես ներկայացրել է նոր համագործակցությունը Stella McCartney-ի հետ. նախագիծ, որն առաջին անգամ հայտարարվել էր անցյալ տարի Լոնդոնում կայացած Fashion Awards-ի ժամանակ։


Սա դիզայների երկրորդ համագործակցությունն է բրենդի հետ․ առաջինը տեղի էր ունեցել 20 տարի առաջ։ Նոր հավաքածուն շարունակությունն է H&M-ի 25-ամյա ռազմավարության՝ դիզայներական նորաձևությունը ժողովրդականացնելու և այն ավելի հասանելի դարձնելու լայն հանրությանը։


Հավաքածուն ներառում է հագուստ և աքսեսուարներ՝ համադրելով Stella McCartney-ի բնորոշ էսթետիկան արխիվային հղումներով։ Կենտրոնական կտորների շարքում են ազատ, հոսող տրենչ-վերարկուներ, կառուցվածքային և խիստ կարվածքային լուծումներ, օվերսայզ վերնաշապիկներ՝ համալրված փայլուն պրինտերով և դիզայներին բնորոշ կարգախոսներով։


Stella McCartney-ն հավաքածուն նկարագրում է որպես անձնական ճանապարհորդություն իր սեփական նորաձևության պատմության միջով։


«Ես այս հավաքածուն համարում եմ որպես ճանապարհորդություն իմ նորաձևության կենսագրության միջով։ Այն համադրում է ժամանակակից դասական կտորներ և իմ վաղ շրջանի աշխատանքները, որոնք արտացոլում են իմ առաջին քայլերը ոլորտում և իմ ոճի ձևավորումը։ Հավաքածուն խաղային է, ուժեղ, փայլուն, ուրախ և նրբաճաշակ»,- նշել է դիզայները։


Բացի դասական կարվածքային լուծումներից և զարդարված դետալներից, հավաքածուն նաև ներառում է տրիկոտաժե զգեստներ ու գծավոր տոպեր։ Դրանք լրացված են Stella McCartney-ին բնորոշ Falabella շղթայով, որը բրենդի ամենահայտնի աքսեսուարներից մեկի հղումն է։


Հավաքածուն ավարտվում է վեց մոդելից բաղկացած պայուսակների շարքով, վերամշակված մետաղից պատրաստված զարդերով և շղթաներով զարդարված կոշիկներով։