700 միլիոն դոլար, հրթիռ դեպի Լուսին և արքայական հավակնոտ խորհրդանիշ․ Մարոկկոյում բացվում է երկրի ամենաբարձր երկնաքերը

23:01   22 ապրիլի, 2026

Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթի ծայրամասում պաշտոնապես սկսեց գործել երկրի ամենաբարձր երկնաքերը՝ King Mohammed VI Tower-ը, որը դարձավ ժամանակակից Մարոկկոյի ամենաուշագրավ ճարտարապետական և քաղաքական-տնտեսական խորհրդանիշներից մեկը, գրում է Bloomberg-ը։

Մոտ 700 միլիոն դոլար արժողությամբ այս նախագիծը կառուցվել է գրեթե ութ տարի և այժմ գերիշխում է Բու-Ռեգրեգ գետի հովտում, որը բաժանում է Ռաբաթը և Սալե քաղաքը։ Շենքի բարձրությունը 250 մետր է (55 հարկ) և այն պարզապես գրասենյակային համալիր չէ, այլ հավակնոտ բազմաֆունկցիոնալ նախագիծ, որը նպատակ ունի դառնալ երկրի գործարար և մշակութային կյանքի նոր կենտրոնը։

Աշտարակը նախագծվել է մարոկկացի ֆինանսիստ և միլիարդատեր Օթման Բենջելլունի կողմից, որը նախագծի տվյալներով, ոգեշնչվել է Apollo ծրագրում օգտագործված Saturn V հրթիռի ձևից։ Հենց այդ ուրվագիծը՝ ձգված և դեպի վեր նեղացող, դարձել է շենքի ճանաչելի դիզայնի հիմքը, որը ստեղծվել է Rafael de La-Hoz Arquitectos և Hakim Benjelloun ճարտարապետական ընկերությունների կողմից։ Երկնաքերի առաջին հարկերում արդեն բացվել է Waldorf Astoria հյուրանոցը՝ 55 համարներով, որը բրենդի «ամենակոմպակտ» հյուրանոցն է աշխարհում։ Ավելի վերևում տեղակայված են գրասենյակային տարածքներ, արվեստի պատկերասրահ և 30 բնակարաններ, որոնք արդեն վաճառքի են հանվել։ Գրասենյակային տարածքի զգալի մասը զբաղեցնելու են Բենջելլունի հետ կապված ընկերությունները։

Նախագիծն իրականացվում է O Tower կառույցի կողմից, որը վերահսկվում է ձեռնարկատիրոջ հետ կապ ունեցող ֆինանսական ընկերությունների կողմից, այդ թվում Bank of Africa-ն և ապահովագրական RMA խումբը։

Չնայածհարթավայրի նկատմամբ երկնաքերի թվացյալ մեկուսացված դիրքին, իշխանությունները արդեն իսկ պլանավորում են շրջակա տարածքի լայնածավալ զարգացում: 55-րդ հարկում գտնվող դիտահարթակը բացում է պանորամային տեսարան դեպի Ռաբաթ և Սալե՝ ներառյալ նաև խորհրդանշական Թագավորական թատրոնը, որը նախագծել է հանգուցյալ Զահա Հադիդը։ Իշխանությունները այս աշտարակը դիտարկում են որպես ավելի լայն ռազմավարության մաս՝ նպատակ ունենալով մայրաքաղաքը վերածել մշակութային և գործարար կենտրոնի։ Ռաբաթը աստիճանաբար հեռանում է «հանգիստ վարչական մայրաքաղաքի» կերպարից և դառնում է թանգարանների, պատկերասրահների և խոշոր ենթակառուցվածքային նախագծերի քաղաք։ Նախագծի խորհրդանշական նշանակությունն ուժեղանում է երկրի ընդհանուր տնտեսական վերելքի ֆոնին։ Մարոկկոն արդեն Աֆրիկայի ամենաշատ այցելվող պետությունն է․ անցյալ տարի երկիրը այցելել է մոտ 19,8 միլիոն զբոսաշրջիկ։ Ակնկալվում է հետաքրքրության նոր աճ՝ 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին, որը Մարոկկոն կանցկացնի Իսպանիայի և Պորտուգալիայի հետ համատեղ։

Աշտարակի կառուցումն անցել է համաշխարհային ցնցումների միջով՝ COVID-19 համավարակի և Ուկրաինայում պատերազմի հետևանքների պայմաններում, ինչը նախագծի ներկայացուցիչների խոսքով, հանգեցրել է գրեթե 40%-ով ծախսերի աճի սկզբնական բյուջեի համեմատ։

Չնայած դրան, King Mohammed VI Tower-ը արդեն պարզապես երկնաքեր չեն համարում։ Այն Մարոկկոյի համար դարձել է տարածաշրջանում նոր դեր ստանձնելու նշան։ Երկիրը փորձում է մեկ շենքի մեջ միավորել ֆինանսական ուժը, ժամանակակից ճարտարապետությունը և տեխնոլոգիական առաջընթացի գաղափարը։



© NEWS.am STYLE