13:30 27 փետրվարի, 2014Թուխ վարսերը շիկահեր դարձնելու գործընթացը բարդ է, երբեմն անգամ պրոֆեսիոնալներին չի հաջողվում միանգամից ցանկալի արդյունք ստանալ: Ինչպե՞ս տնային պայմաններում ազատվել մուգ վարսերից:

Նախքան շիկահեր դառնալը, արժե այդ գույնի կեղծամ փորձել: Հնարավոր է` շեկ վարսերը գեղեցիկ չդիտվեն սեւ հոնքերի հետ կամ ընդհանրապես ձեզ չսազեն: Եթե, այնուամենայնիվ, համոզված եք ձեր որոշման մեջ, ուրեմն պետք է անցնել գործի:

Ցանկալի գույնը ստանալու ամենաարդյունավետ եւ արագ միջոցը վարսերի գունաթափումն է, բայց դա այդքան էլ անվնաս չէ: Ներկայում կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերություններն առաջարկում են նաեւ քիչ թե շատ անվնաս գունաթափող միջոցներ, որոնք թեեւ մատչելի չեն, բայց չեն վնասում վարսերը:
Գունաթափող ներկը պետք է քսել վարսերին այնպես, ինչպես սովորականը` արմատներից մինչեւ ծայրերը, որոշ ժամանակ թողնել, այնուհետեւ լվանալ:

Պետք է հիշել, որ գունաթափումից միայն 2-3 շաբաթ անց է խորհուրդ տրվում ներկել վարսերը, այնպես որ` ստիպված եք մի քիչ սպասել, որպեսզի դրանք վերականգնվեն: Ի դեպ, այդ ընթացքում կարող եք վերականգնող բալզամներ եւ դիմակներ օգտագործել, որպեսզի գործընթացը լիարժեք եւ արագ կատարվի: