Հայկական ոճ․ ինչպես նոր շունչ տալ բազային զգեստապահարանին ու չերևալ ձանձրալի  

12:14   26 ապրիլի, 2026

Երբեմն թվում է, թե բազային զգեստապահարանը սահմանափակում է․ հագուստ կա, տարբեր համադրություններ էլ կարելի է անել, բայց արդյունքը միևնույն է սովորական ու կանխատեսելի է ստացվում։ Սակայն իրականում բազան նման է կառուցվող հավաքածուի․ այն սկսում է հետաքրքիր աշխատել միայն այն ժամանակ, երբ դուրս ենք գալիս սովորականից՝ ավելացնում ենք անսպասելի համադրություններ, խաղում ենք ձևերի հետ և դասական հագուստը տեղափոխում ենք ավելի ժամանակակից, փողոցային ոճի միջավայր։

Այս նյութում կանդրադառնանք չորս կերպարի, որտեղ բազային հագուստը նոր կերպ է ներկայացվում՝ տարբեր նորաձև ոճերի միջոցով։

Ջինս + կաշի = զսպված համարձակություն

база.jpg (121 KB)

Ձյունիկ Խաչատրյանը ստեղծում է ամենապարզ հագուստի վրա հիմնված կերպար՝ սպիտակ մարզաշապիկ, ջինսե շորտեր և կաշվե բաճկոն: Բանաձևը ծանոթ է, բայց աշխատում է մանրուքների շնորհիվ։ Նախ՝ շորտերի երկարությունն ու չափսը․ դրանք ոչ շատ կարճ են, ոչ էլ շատ ազատ, այլ ճիշտ հաշվարկված՝ փոքր հղումով դեպի 2000-ականները։

база1.jpg (108 KB)

Երկրորդ՝ կովբոյական ոճի երկարաճիտ կոշիկները կերպարին տալիս են բնավորություն և այն դուրս են բերում «պարզապես ամառային» խմբից՝ դարձնելով ավելի ոճավորված։ Այստեղ կաշին հաղորդում է խտություն և ծանրություն, իսկ ջինսը՝ թեթևություն։ Տարբեր նյութերի հակադրությունը կերպարը դարձնում է ավելի կենդանի։ Սա այն դեպքն է, երբ բազան մնում է բազա, բայց արդեն շատ ավելի արտահայտիչ է երևում։

Սպորտային հագուստը որպես նոր քաղաքային շքեղություն

база2.jpg (130 KB)

Մաթևոսյանի կերպարը կառուցված է այնպիսի հագուստներով, որոնք դեռ վերջերս համարվում էին զուտ գործնական՝ սպորտային տաբատ, ազատ բաճկոն և սպորտային կոշիկներ։ Բայց ոճավորման շնորհիվ սա արդեն ոչ թե սպորտային տեսք է, այլ մտածված քաղաքային կերպար։ Հիմնականը չափի ու ծավալի մեջ են։ Ազատ մոխրագույն տաբատը ստեղծում է փափուկ ուրվագիծ, իսկ կարճ բաճկոնը ավելացնում է կառուցվածք։ Սա դասական հնարք է՝ հավասարակշռություն լայն ու ազատ ձևերի և ավելի հավաքված, կոկիկ դետալների միջև։

база3.jpg (135 KB)

Առանձին շեշտադրում են կոշիկներն ու պայուսակը․ հենց դրանք են կերպարը «հարմարավետ»-ից տեղափոխում «ոճային» մակարդակ։ Այստեղ զգացվում է ոչ աշխատանքային էսթետիկայի ազդեցությունը, երբ թվում է, թե մարդը հատուկ չի փորձել, բայց հենց այդ բնական անփութության մեջ էլ թաքնված է հիմնական հաշվարկը։

Բաճկոն՝ ուրվագծի կառուցվածքով

база4.jpg (91 KB)

Իրմա Օհանովան ցույց է տալիս, թե ինչպես մինիմալիզմը կարող է աշխատել ձևի միջոցով։ Ուսերի հստակ գծով և իրանի ընդգծմամբ ժակետը ստեղծում է մի տեսակ «ճարտարապետություն», որի շուրջ կառուցվում է ամբողջ կերպարը։ Ջինսն այստեղ պարզապես բազա չէ, այլ հակադրություն՝ խիստ վերնամասին։ Դրա շնորհիվ ստացվում է «խելացի առօրյա» էֆեկտը, որը նորից ակտիվորեն վերադառնում է նորաձևություն։

база5.jpg (82 KB)

Կարևոր է, որ կերպարը ծանրաբեռնված չէ դետալներով․ ամեն ինչ հիմնված է կտրվածքի, նստեցման և մաքուր գծերի վրա։ Սա արդեն պարզապես բազա չէ՝ դա հասցված է ոճային բանաձևի մակարդակի։

Դասական + փողոցային ոճ = վերահսկվող հակադրություն

база6.jpg (155 KB)

Նանե Ավետիսյանը խաղում է տարբեր ոճերի համադրությամբ։ Մի կողմից կառուցվածքային բաճկոնը ակնարկում է դասական կարի մասին, մինչդեռ մյուս կողմից՝ ազատ, լայն ջինսերը և բանդանան անմիջապես փողոցային ոգեշնչված տրամադրություն են հաղորդում։

Սա այն հնարքն է, որը հիմա ակտիվորեն օգտագործում են ոճաբանները՝ դասականը «կոտրել» փողոցային տարրերով։ Դրա շնորհիվ կերպարը դառնում է ոչ թե խիստ ու պաշտոնական, այլ ավելի կենդանի ու բնական։

база7.jpg (114 KB)

Աքսեսուարներն այստեղ կատարում են վերջնական հպում։ Ակնոցները, փոքր պայուսակը, բաց ձեռքերը՝ ամեն ինչ ավելացնում է թեթևություն և պահպանում հավասարակշռությունը, նույնիսկ հակադիր տարրերի դեպքում։



© NEWS.am STYLE