«Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է»․ Գարի Քյոսայան

16:04   27 ապրիլի, 2026

Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ դահլիճում տեղի ունեցավ լեգենդար ջազմեն Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը՝ «60 տարի բեմում» խորագրով։ Երաժշտական երեկոն անցկացվեց  «Jazz for Peace» նախագծի շրջանակում և դարձավ մշակութային կյանքի վառ իրադարձություն։

att.68QT9wvC4oFDirUbPgFwDUBNOAkupkV4mvf4TIrLjjw.jpeg (243 KB)

Համերգը մեկ բեմում համախմբեց համաշխարհային ջազի նշանավոր ներկայացուցիչների։ Ծրագրին մասնակցեցին ջազային վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար և վոկալիստ Ջոնի Բրիտը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը և հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։ Մաեստրոյի հետ միասին նրանք ներկայացրին հագեցած և բազմաշերտ ծրագիր, որը միավորեց ջազային երաժշտության տարբեր դարաշրջաններ և ոճեր։

att.H3G-anpZhs-a-PD0R1y5Ei7lCP7h5ggY1VrKYJOIsow.jpeg (202 KB)

Երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես աշխարհահռչակ ջազային և բլյուզային ստեղծագործություններ, որոնք դարձել են ժանրի դասականներ, այնպես էլ Գարի Քյոսայան՝ կոմպոզիտորի, դաշնակահարի և ժամանակակից ջազային ասպարեզի առանցքային ներկայացուցիչներից մեկի հեղինակային գործերը։

att.j66DS1joPeOKarmb7HZ8_D8On714JBUGvQpG_6uR5vU.jpeg (279 KB)

Համերգին առանձնահատուկ նշանակություն հաղորդեց դրա մարդասիրական առաքելությունը։ «Jazz for Peace» նախագիծը միտված էր երաժշտության լեզվով խաղաղության, սիրո և փոխըմբռնման գաղափարների տարածմանը։ Միջոցառումը համախմբեց պետական կառույցների, դիվանագիտական կորպուսի, բիզնեսի ներկայացուցիչներին և լայն հասարակությանը՝ դառնալով մշակութային երկխոսության և միջազգային համագործակցության հարթակ:

att.oQhFSe4y-HhRTgvNIsukmbP1swaesr3uq3a8xIhwEYY.jpeg (338 KB)

Երեկոյին հատուկ հուզական խորություն հաղորդեցին մաեստրո Գարի Քյոսայանի
խոսքերը, որոնցում արտացոլվեց նրա ստեղծագործական փիլիսոփայությունն ու վերաբերմունքը հանդիսատեսի նկատմամբ․

att.qRGO5tr1cF47yBNx4IjMKcBVKzQoIg973COgmD-5KKM.jpeg (238 KB)

«Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է։ Ես անսահման երախտապարտ եմ իմ հանդիսատեսին, որը ոգեշնչում է ինձ իր բարությամբ և էներգիայով։ Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում նաև իմ հովանավորներին, որոնք գնահատում և աջակցում են իմ արվեստը»։

att.yntkuyiwKOowthx9R91CzuY_SczVh8dHnDvVf9KIXEs.jpeg (160 KB)

Այս անկեղծ խոսքերը դարձան ողջ համերգի լեյտմոտիվը՝ ընդգծելով ոչ միայն ծրագրի բարձր գեղարվեստական մակարդակը, այլև նախագծի խոր հումանիստական առաքելությունը։ Դահլիճում տիրող միասնության, փոխադարձ հարգանքի և հոգևոր մտերմության մթնոլորտը ևս մեկ անգամ հաստատեց՝ մաեստրո Քյոսայանի երաժշտությունը պարզապես արվեստ չէ, այլ կենդանի երկխոսություն լսարանի հետ՝ լի լույսով և իմաստով։
Համերգն անցկացվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և «ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ-ի աջակցությամբ։



© NEWS.am STYLE