«Դուք, պարզսպես, միանգամյա օգտագործման համար եք»․ ինչպես են հայ «տղամարդիկ» բացատրում իրենց «սերը» սլավոն կանանց նկատմամբ  

22:12   29 ապրիլի, 2026

Հավանաբար դուք էլ եք հանդիպել տեսանյութերի, որտեղ սլավոնական աղջիկները՝ կիսահեգնաբար կամ գուցե նաև լիովին լուրջ տոնով, խոսում են ռուս և ուկրաինուհիների նկատմամբ «հայ տղամարդկանց հատուկ սիրո» մասին։ Չեմ փորձում պնդել, թե դա դիտելիս ինչ զգացողություններ եք ունենում, բայց վստահ եմ, որ մեկնաբանությունների բաժինը բացելուց հետո այդ զգացողությանը փոխարինում է մի շատ կոնկրետ զգացում՝ ամոթ։

Առաջինը, ինչ աչքի է ընկնում այդ մեկնաբանություններում, դրանց կոպտությունը և չզտված լինելը չէ։ Սոցցանցերի համար սա արդեն սովորական խոսելու ձև է, որը վաղուց ոչ մեկին չի զարմացնում։ Ավելի շատ հետաքրքրություն է առաջացնում բովանդակությունը, որովհետև նրանք, ովքեր իրենց տղամարդ են համարում, հանգիստ ձևակերպում են այն, ինչ իրենք նորմալ են համարում։ «Մենք սիրում ենք ուկրաինուհիներին, բայց միայն անկողնում» կամ «Ձեզ օգտագործում են, այլ ոչ թե սիրում» արտահայտությունները հնչում են առանց կասկածի, ավելին՝ դրանք ակտիվ հավանումների են արժանանում և ուղեկցվում են հավանության բացականչություններով։

Միաժամանակ շրջանառվում են նաև ավելի «խելացի» բացատրություններ։ Կան վեճեր «տարբեր մտածելակերպերի», «ազատության», այն մասին, թե ինչպես են որոշ կանայք «ավելի հեշտ»: Բայց այս ամբողջ կեղծ վերլուծությունը փլուզվում է այն պահին, երբ ինչ-որ մեկը գրում է կարճ՝ «Պարզապես դուք տալիս եք»։ Դրանից հետո մշակութային տարբերությունների մասին ցանկացած խոսակցություն կորցնում է իմաստը, որովհետև մնում է միայն մեկ՝ չափազանց պարզեցված տրամաբանություն։

Եվ այստեղ ուզում ես ուղղել մի պարզ հարց․ որտեղ է այս կառուցվածքի մեջ այն նույն «կանանց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը», որով այդքան սիրում են հպարտանալ։ Քանի որ իրականում ստացվում է բավական պարզ սխեմա․ կանանց մի կատեգորիան պահվում է կարգավիճակի և ընտանիքի համար, մյուսը՝ օգտագործվում է մնացած ամեն ինչի համար։ Հարգանքը՝ ըստ ժամանակացույցի, արժեքները՝ ըստ իրավիճակի։

«Հայերը սիրում են հայ կանանց… իսկ դուք պարզապես այդպես եք»; «Եթե չեն գտնում իրենց ճաշակով հայի, ապա ուկրաինուհիները հայերի երկրորդ ընտրությունն են» - կարդում ես նման մեկնաբանություններ ու չես հասկանում՝ ինչպես արձագանքել։

Եվ այստեղ հարց է առաջանում՝ դուք, այդ գրողները, իսկապես կարծում եք, որ հայ աղջիկը սա կկարդա ու հպարտությո՞ւն կզգա։ Որ նա պետք է ժպտա ու ասի՝ «այո, մեզ սիրում են, մյուսներին՝ ոչ այնքան»։ Լո՞ւրջ։ Սա պիտի հնչի որպես հաճոյախո՞սություն։ Իրականում սա ոչ թե հպարտություն է առաջացնում, այլ հակառակը՝ շատ ավելի անհարմար ու բացասական զգացողություններ։

«Դուք մեզ համար միանգամյա օգտագործման կապվածություն եք» - արտահայտություն, որից հետո արդեն վերլուծելու շատ բան չի մնում․ «հպարտ, սկզբունքային, ընտանեկան տղամարդու» կերպարը սկսում է ճաք տալ, տղամարդիկ իրենք իրենց են բացահայտում։ Նրանց ոչ ոք չի «բացահայտում» կամ հակասությունների մեջ չի բռնում։ Նրանք պարզապես հանգիստ գրում են՝ «100% արա ախպեր ջան, սիրում ենք, բայց ամուսնության համար չէ» - ու նույնիսկ չեն նկատում, թե ինչպես այս նախադասության մեջ փլուզվում է պատվի, ավանդույթի և հարգանքի մասին ամբողջ գեղեցիկ հռետորաբանությունը։

Հնարավոր է նրանք սա ընկալում են որպես «իրական տղամարդ դառնալու» փորձառություն կամ սովորական վարք՝ մտածելով, թե դա է տղամարդկային արժեքը ցույց տալիս։ Այս մոտեցումը հիշեցնում է այն խոսույթը, որտեղ հարաբերությունները ներկայացվում են որպես գերակայություն և անձնական շահ։

Բայց իրականում նման մտածելակերպը իրականությունից դուրս արդեն վաղուց չի ընդունվում որպես ուժ կամ արժանապատվություն․ այն ավելի շատ առաջացնում է հոգնածություն ու մերժում։

Եվ երբ մեկնաբանություններում հայտնվում է պարզ հարցը՝ եթե դուք այդքան «սիրում եք նրանց», ինչո՞ւ չեք ամուսնանում, այն գրեթե ծաղրի պես է հնչում։ Որովհետև այդ հարցի պատասխանը արդեն վաղուց տրվել է հենց նույն մարդկանց կողմից՝ պարզապես այլ բառերով։ Նրանց մոտ «սերը» ավարտվում է հենց այնտեղ, որտեղ սկսվում է պատասխանատվությունը։



© NEWS.am STYLE