«Երևանն այս պահին յասամանի բույրն ունի». աշխարհահռչակ պարֆյումեր Ֆրենսիս Քուրքջյանի հարցազրույցը՝ NEWS.am STYLE-ին

17:30   2 մայիսի, 2026

Աշխարհահռչակ պարֆյումեր, Francis Kurkdjian օծանելիքի տան հիմնադիր Ֆրենսիս Քուրքջյանը Երևանում օրերս մասնակցեց EliseCare-ի կազմակերպած բարեգործական գալա-ընթրիքին, որը կրում էր Light & Hope խորագիրը և ուղղված էր հայ երեխաներին: Հայազգի պարֆյումերը միջոցառման դեսպանն էր:

Քուրքջյանը պատասխանել է NEWS.am STYLE-ի հարցերին՝ խոսելով բարեգործական նախաձեռնության կարևորության, իր տեսած փորձառության և այն մասին, թե ինչ փոփոխություններ է կրել Երևանը՝ տասը տարի առաջ իր այցից հետո, և ինչպես է բուրում:

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ՝ Երևանի «Մարիոթ» հյուրանոցում, այս գալա ընթրիքին՝ աջակցելու EliseCare-ին և ամբողջ նախագծին, որպեսզի հավաքենք անհրաժեշտ գումարը Երևանից դուրս՝ փոքր քաղաքներում, առողջության խնամքի միջոցներ մատակարարելու համար, քանի որ Երևանում կան անհրաժեշտ միջոցներ, բայց երբ դուրս ես գալիս Երևանից՝ մոտ մեկ ժամ հեռավորության վրա, հասկանում ես, որ անհրաժեշտ է  բուժօգնության միջոցներ տրամադրել երեխաներին, երիտասարդներին, մեծահասակներին: Շատ կարևոր է աջակցել EliseCare-ին, և ես ուրախ եմ, որ այսօր պատվավոր հյուր եմ»,-նշեց Քուրքջյանը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Հայազգի օծանելիքագործը հայրենիքում վերջին անգամ եղել էր 10 տարի առաջ․ նա ուրախությամբ է նշում, որ Երևանը դրական փոփոխություններ է կրել․ այս անգամ Քուրքջյանն ավելի շատ այցելել է մայրաքաղաքից դուրս գտնվող բնակավայրեր, եղել է նաև Գյումրիում, տեսել երեխներին ու բժիշկների՝ անձամբ պարզելու, թե ինչի կարիք կա փոքր քաղաքներում ու գյուղերում։

«Ի՞նչ եմ ես տեսել...»,-հարցիս պատասխանելով կրկնում է նա,-«Տեսել եմ ցանկություն օգնելու, տեսել եմ էներգիա, տեսել եմ մարդկանց, ովքեր, անկախ ամեն ինչից, ցանկանում են փոփոխություն կատարել ու Հայաստանը դարձնել էլ ավելի գեղեցիկ երկիր: Ես շատ տպավորված եմ, թե որքան է փոխվել Երևանը: Նախորդ անգամ, երբ եկել էի, 10 տարի առաջ էր, և այս տարիների ընթացքում շատ փոփոխություններ են եղել, ինչը շատ ոգեշնչող է: Ես, իհարկե, կվերադառնամ»։

Հանրահայտ օծանելիքագործը Երևանից հետո մեկնել է Փարիզ, այնուհետև՝ Միացյալ Նահանգներ, բայց վերադառնալու է Ֆրանսիայի պատվիրակության հետ՝ նախագահ Մակրոնի հայաստանյան այցի շրջանակում։ 

«Այստեղ կմնամ ևս 2 օր, դա շատ կարճ այց կլինի, բայց ես դեռ կվերադառնամ»,-խոստանում է նա։

Հարցին, թե ինչ բույր ունի Երևանը բույրերի մասնագետի համար, նա պատասխանեց․ «…Օհ, շատ բարդ հարց է: Այս պահին, զարմանալիորեն, Երևանում հաճախ եմ զգում յասամանի բույրը, յասամանի ծառերը ծաղկում են, և որտեղով էլ , որ զբոսնում ես, զգում ես յասամանի բույրը»։

Լրագրող՝ Սյունե Առաքելյան
Նկարեց՝ Լիանա Աղաջանյանը



© NEWS.am STYLE