Հայուհիները՝ անհաջող ժամադրությունների մասին

22:04   27 փետրվարի, 2014

Որքան էլ տարօրինակ է՝ անհաջող հանդիպումներն ավելի լավ են հիշվում: Ժամանակի ընթացքում, երբ անցնում է սպասելիքներից հիասթափությունը, այս կամ այն հավանական թեկնածուի հետ հանդիպումից տհաճ տպավորությունը, այդ հանդիպումը զվարճալի պատմություն է դառնում, որը կարելի է պատմել ընկերներին: Ընթերցողներին որոշեցինք ներկայացնել այդպիսի «անհաջող-զվարճալի» հանդիպումների մասին:

«Անհաջող ժամադրությունների իմ վարկանիշային աղյուսակում Արթուրն առաջին պատվավոր հորիզոնականում է»,- պատմում է բանկի 28-ամյա աշխատակից Լիլիթը: Ինչպես հիմա հաճախ է պատահում՝ ծանոթությունը սկսվել է համացանցում: «Նա հետաքրքիր զրուցակից էր, լավ հումորի զգացումով: Մեկ շաբաթվա վիրտուալ ակտիվ շփումից հետո որոշեցինք իրականում ծանոթանալ»:

Լիլիթի հասակակից Արթուրը նիհար, բավական հաստ ապակիներով ակնոցով տղա էր:

«Իհարկե՝ ես մի փոքր հիասթափված էի, սակայն աշխատանքային ծանր օրվա ավարտին որոշեցի նրան հնարավորություն տալ իր ինտելեկտով ու գրավչությամբ զարմացնել ինձ: Երեկոն սկսվեց սրճարան այցելությամբ եւ քաղաքում զբոսանքով: Հետո նա ինձ իր գրասենյակ հրավիրեց: Բնականաբար՝ գուշակեցի, թե ինչ նպատակով: Բայց ինձ համար զվարճալի ու հետաքրքիր էր տեսնելը, թե առաջին հայացքից այս ձանձրալի գիրք կրծողն ինչպես է իրեն «մաչո» երեւակայելու ու գայթակղելու ինձ»:

Նախքան հիմնական ճաշացանկին անցնելը՝ Արթուրը որոշեց աղջկան պելմեններ հյուրասիրել:

«Հետո նա ռոմանտիկ երաժշտություն միացրեց ու ինձ պարի հրավիրեց՝ միաժամանակ ակնոցի տակից կրքոտ հայացքներ ուղղելով, զվարճալի խաղացնելով հոնքերը: Ես հրաժարվեցի՝ հազիվ զսպելով ծիծաղս»: Այդ ժամանակ «նենգ գայթակղողը» գործի դրեց ծանր հրետանին:

«Նա որոշեց ինձ մերկապարով գերել,- ծիծաղով հիշում է Լիլիթը,- այն դեպքում, երբ նրա մարմինն այնքան հեռու էր կատարյալ լինելուց, որքան շարժվելու կարողությունը»:

Բայց հնարավոր սեքսի գայթակղությունը «հերոս-սիրեկանին» դրդում էր մտահղացումն ավարտին հասցնել:

«Ակնոցն այդպես էլ մնաց նրա՝ գրգռվածությունից կարմրած դեմքին: Այդ մերկապարի ծրագրերում չկար: Արդյունքում նա մնաց ակնոցով, կիսավարտիքով ու գուլպաներով: Ինձ թվում էր, թե մոլորվելու է երկար ու նիհար ոտքերի մեջ՝ կատարելով բոլոր այդ պարային քայլերը»,- ծիծաղից արտասվելով՝ պատմում է աղջիկը:

«Բնականաբար, այդ առաջին հանդիպումը վերջինը դարձավ: Գլխացավի սուր նոպայով ես սենյակից դուրս վազեցի, նախքան նա կհասցներ հագնվել»:

«Նախքան 40-ամյա Արամին հանդիպելը, ես վստահ էի, որ մայրիկի բալիկների մասին բոլոր պատմությունները չափազանցված են: Բայց այդ տղամարդը ոչ միայն համոզեց ինձ, այլեւ ստիպեց սարսափից դողալ»,- հիշում է 30-ամյա Նաիրան:

«Նա ուզում էր ամուսնանալ եւ չէր թաքցնում: Նրան անհապաղ կին էր հարկավոր, քանի որ, իր իսկ խոստովանությամբ, մայրն արդեն չէր կարողանում տնային գործերից գլուխ հանել: Այդ արտահայտությունը, իհարկե, ինձ փոքր-ինչ անհանգստացրեց: Բոլորը չեն, որ առաջին հանդիպմանը կհամարձակվեն այդպիսի անկեղծության: Դրա հետ մեկտեղ, նա վստահեցնում էր, որ «պատմական խեղճ հայրենիքում» ապրող յուրաքանչյուր հայուհու համար ինքը հիանալի թեկնածու է: Արամն ապրում է Կրասնոդարում, իսկ Երեւան եկել էր՝ ինչ-որ մեկին «երջանկացնելու»:

Շփումից 20 րոպե անց ես իմացա, որ նրա մայրը պարզապես սուրբ կին է, ով նրան թույլ չի տվել մինչեւ 40 տարեկանն ամուսնանալ ինչ-որ «անբարո լրբերի» հետ եւ հանձնվել է միայն այն ժամանակ, երբ հիվանդացել է:

Հետո հանկարծ նա լռեց: Ինձ նույնիսկ թվաց, որ խորհրդավոր նայեց ինձ ու հարցրեց. «Դու կարողանո՞ւմ ես տորթի վրա կրեմով վարդեր պատրաստել»: Քիչ էր մնում՝ աթոռից ընկնեի: Բայց նա շարունակեց ու սկսեց ինձ կրեմով վարդեր ու զամբյուղներ պատրաստելու գաղտնիքները պատմել: Պարզվեց, որ մանկությունից մայրն է նրան սովորեցրել: Եվ նրանք եղբոր հետ մրցել են, թե ով կարող է տորթի վրա վարդ պատրաստել: Թեեւ Արամը մորը Կրասնոդարում էր թողել, բայց ամբողջ հանդիպման ընթացքում նա ներկա էր: Ի դեպ՝ այդ այնքան ակնհայտ էր զգացվում, որ թե ով էր երրորդ ավելորդը՝ կասկած չէր հարուցում»:

Յուլիա Վարդանյան



© NEWS.am STYLE