14:00 16 մայիսի, 2026«Եվրատեսիլ» երգի մրցույթը «ապաքաղաքական է», բայց «դա այնքան մեծ իրադարձություն է, որ ունի քաղաքական ազդեցություն», - POLITICO-ին ասել է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) գլխավոր տնօրենի տեղակալ Ժան-Ֆիլիպ Դե Տենդերը, որը ներկայացնում է 56 երկրների 113 հանրային հեռարձակողներին։
Նա նաև հավելել է, որ կազմակերպիչները «պատրաստ են» շաբաթ երեկոյան եզրափակչի ժամանակ հնարավոր հետագա միջադեպերին։
Այս տարվա «Եվրատեսիլ»-ի մեծ եզրափակիչը տեղի է ունենում Իսրայելի մասնակցության շուրջ լարվածության աճի ֆոնին, որը հանգեցրել է 2026 թվականի մրցույթում հինգ երկրների պատմական բոյկոտին։
«EBU-ն ո՛չ Եվրամիությունն է, ո՛չ էլ Եվրահանձնաժողովը։ Մենք ՄԱԿ-ը չենք, ուստի մեզ անհրաժեշտ չէ քաղաքական որոշումներ կայացնել»,-ասել է Ժան-Ֆիլիպ Դե Տենդերը։
Երկրները, որոնք դուրս եկան մրցույթից դրա 70-ամյակի տարում (Իսպանիա, Իռլանդիա, Նիդեռլանդներ, Սլովենիա և Իսլանդիա), որպես իրենց որոշման պատճառ նշել են Իսրայելի պատերազմը Գազայում։
Դե Տենդերը նշել է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) «համագործակցում է» այս երկրների հետ և «լսում» նրանց՝ փորձելով վերականգնել դրանք հաջորդ տարի։ Սակայն, նա ասել է, որ, վերջին հաշվով, հենց այդ երկրների հանրային հեռարձակողներն են, որոնք պետք է հաշվի առնեն իրենց լսարանի կարծիքը և ինքնուրույն որոշումներ կայացնեն մասնակցության վերաբերյալ։
Իսրայելի՝ մրցույթից հեռացման կոչ անողները մատնանշում են Ռուսաստանի հեռացումը 2022 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթից, որը տեղի ունեցավ անմիջապես Ուկրաինայում պատերազմից հետո։
Մեկ օր առաջ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նշել էր, որ Ռուսաստանի և Իսրայելի մասնակցության հարցում «երկակի չափանիշներ» չեն կարող լինել։
«Մենք այս տարի «Եվրատեսիլ»-ում չենք լինի, բայց դա անում ենք այն համոզմամբ, որ պատմության ճիշտ կողմում ենք։ Հետևողականության, պատասխանատվության և մարդկայնության համար»,-նշել է նա։ «Անօրինական պատերազմի, ինչպես նաև ցեղասպանության առջև լռությունը տարբերակ չէ»,-հավելել է վարչապետը։
Դե Թենդերը POLITICO-ին ասել է, որ Ռուսաստանի և Իսրայելի միջև տարբերությունն այն է, որ ռուսական հանրային հեռարձակողը չի համարվում պետությունից անկախ, այդ իսկ պատճառով նրա անդամակցությունը EBU-ին կասեցվել է, և այն չի կարող մասնակցել «Եվրատեսիլին»։
Ռուսաստանի՝ 2022 թվականին մրցույթից բացառելու մասին իր հայտարարության մեջ կազմակերպությունը բացատրել է, որ դա արել է՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով մրցույթի վարկաբեկումը կանխելու համար։
Հարցին, թե ինչու է ռուսական հեռարձակողին բացառելու որոշումը համընկել պատերազմի սկսվելու հետ, Դե Թենդերը պատասխանել է, որ «ամեն ինչ ավելի ակնհայտ է դառնում, երբ երկիրը ներգրավված է հակամարտության մեջ»։ «Նման պայմաններում ավելի պարզ է դառնում՝ անկախ լրագրություն ունե՞ք, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանի դեպքում դա այդպես չէր»,-ասել է նա։
Իսրայելի հետ կապված իրավիճակը, ըստ Դե Թենդերի, «բոլորովին այլ է», քանի որ իսրայելական հանրային հեռարձակող KAN-ը համարվում է բավականաչափ անկախ և մնում է EBU-ի լիիրավ անդամ՝ իրավունք ունենալով մասնակցելու մրցույթին։
Չորեքշաբթի օրը «երկակի ստանդարտների» մասին նույն մեղադրանքները մեկնաբանելով՝ «Եվրատեսիլի» տնօրեն Մարտին Գրինը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է «տեսականորեն» վերադառնալ մրցույթ, եթե իր հեռարձակողը համապատասխանի անկախության պահանջներին։
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) նաև վերանայեց այս տարվա «Եվրատեսիլի» քվեարկության համակարգը՝ այն մեղադրանքներից հետո, որ Իսրայելի կառավարությունը կարող է անարդարացիորեն ազդել անցյալ տարվա արդյունքների վրա զանգվածային քվեարկության արշավների միջոցով։
Իսրայելի հանրային հեռարձակող KAN-ը հայտարարեց, որ «չի մասնակցել մրցույթի արդյունքների վրա ազդելուն ուղղված որևէ արգելված արշավի» և կտրականապես մերժեց 2026 թվականի մրցույթից իր հեռացման կամ դուրս գալու կոչերը։
Շաբաթ օրը Վիեննայի փողոցներում Իսրայելի մրցույթին մասնակցության դեմ սպասվող բողոքի ցույցերի ֆոնին, միջոցառման վայրում կձեռնարկվեն նաև անվտանգության ուժեղացված միջոցառումներ։
Երեքշաբթի օրը կիսաեզրափակչում Իսրայելի ելույթի ժամանակ հանդիսատեսի անդամներից մեկը «բարձրաձայն արտահայտեց իր կարծիքը» և հետագայում հեռացվեց հանդիսատեսից (երեք այլ անձանց հետ միասին) «խաղաղությունը խախտելու» համար, հաստատեցին EBU-ն և ավստրիական ORF հեռարձակողը համատեղ հայտարարությամբ։
Դե Թենդերը նշել է, որ հանդիսատեսի քաղաքականությունը նույնը կմնա շաբաթ օրը կայանալիք եզրափակչի համար։ «Մենք չենք թաքցնի որևէ սուլոց… Ձայնի մակարդակը կմնա նույնը ողջ շոուի ընթացքում և բոլոր արտիստների համար»։ Նա հավելեց, որ կազմակերպիչները «պատրաստ» են, եթե նմանատիպ բան տեղի ունենա հեռարձակման ժամանակ։