Նյու Յորք. աշխարհի լավագույն քաղաքը (մաս I)

19:14   1 մարտի, 2014

Նյու Յորքն աշխարհի լավագույն քաղաքն է: Այս խոսքերը ես լսել եմ բոլոր նրանցից, ովքեր երբեւէ եղել են այնտեղ: Բայց միշտ թերահավատությամբ են վերաբերվել մինչեւ այն պահը, երբ անձամբ եղա այս հիանալի մեգապոլիսում, որը նման չէ աշխարհում ոչ մի քաղաքի: Նյու Յորքը միակ քաղաքն է, որն ուղեղ ունի:


Երբ կանգնում ես Թայմ Սքուերում, ազատության, ուժի զգացողությունն արբեցնում է: Երկնաքերերը, մեծ էկրանները, ամեն ինչ լուսավոր է, փայլում է, թռչկոտում, անհավատալի վալս պարում: Մարդիկ՝ բոլոր ազգերից, ռասսայից, աշխարհի հայտնի ու անհայտ անկյուններից: Այստեղ կարելի է լսել բոլոր լեզուները: Այնպիսի տպավորություն է, որ հենց այստեղ է Աստված որոշել խառնել Բաբելոնյան աշտարակը կառուցող շինարարների ծրագրերը: Սակայն հենց այստեղ՝ Թայմ Սքուերի մեջտեղում, գիտակցում ես, թե ինչ կարող ես անել աշխարհում: Դու կարող ես սարեր շուռ տալ, կարող ես աշխարհի տիրակալը լինել, կարող ես գրավել այս անհավատալի քաղաքը, պետք է միայն ցանկանալ: Սա, իհարկե, պատրանք է, բայց այնքան իրական է թվում, այնքան հասանելի, որ խենթացնում է:

Թայմ Սքուերը Նյու Յորքի սիրտն է, որը տեղաբնակները, մեծաթիվ զբոսաշրջիկների ու խցանումների պատճառով, այնքան էլ չեն սիրում: Ամեն դեպքում, անձամբ ես այդտեղից չէի ուզում հեռանալ: Այդ հրապարակն ապշեցնում ու ձգում է: Այստեղ կարող ես հանդիպել կենսախինդ մերկ կովբոյի, միջնադարյան ասպետների, ովքեր աշխարհի վերջի մասին են տեղեկացնում, Օբամայի հակառակորդներին ու կողմնակիցներին, բաց կրծքով ու բիկինիով տատիկի, մուրացկանների, ովքեր «անկեղծորեն» խոստովանում են, որ մարիխուանա գնելու համար ընդամենը չորս դոլար է պակասում: Մի խոսքով՝ սա իսկական բրոդվեյան շոու է, լավ է՝ Բրոդվեյն էլ հեռու չէ, երկու քայլի վրա…

Նյու Յորքին անհնար է չսիրահարվել: Այս քաղաքը հիանալի էներգետիկա ունի: Նյու Յորքը երբեք չի քնում, այն միշտ աշխույժ է: Այն զարմանալիորեն հարմարավետ քաղաք է՝ չնայած մասշտաբներին: Ժամանակակից ճարտարապետությունը ներդաշնակորեն հարեւանություն է անում դարերի պատմություն ունեցող շենքերի հետ: Երկնաքերերի մեջտեղում գտնվող գոթական տաճարն աչք չի ծակում, հակառակը՝ տարօրինակ կլիներ, եթե այն այդտեղ չլիներ:

Ամեն մանրուք մտածված է, ամեն ինչ մարդու համար է ստեղծված, նրա հարմարավետության: Նույնիսկ ինձ համար այստեղ դյուրին էր կողմնորոշվելը, չնայած իմ կանացի ուղեղը երբեք քարտեզից ոչինչ չի հասկացել: Այստեղ բոլոր փողոցները զուգահեռ եւ ուղղահայաց են, այնպես որ՝ անհնար է մոլորվել: Այդ պատճառով, ավելի լավ է ոտքով քայլել: Ստիպված եք երկար քայլել, սակայն արժե, որպեսզի այս քաղաքի մթնոլորտը զգաք մարմնի յուրաքանչյուր ծակոտիով: Բացի այդ, Մանհեթենով քայլելը պարզապես հաճույք է: Հատկապես Կենտրոնական զբոսայգին, որը Նյու Յորքի բնակիչները քաղաքի թոքերն են անվանում: Այն մեծ վայրի այգի է քաղաքի հենց կենտրոնում: Այստեղ կարելի է մի ամբողջ օր անցկացնել՝ մոռանալով, որ հսկա մեգապոլիսում ես: Ի դեպ, այգում ծխելը խստիվ արգելվում է:

Քաղաքի բոլոր շրջանները կտրուկ տարբեր են միմյանցից: Ազնվական ու աղմկոտ Մանհեթենից հետո, հայտնվելով Քվինզում կամ Բրոնքսում, միանգամայն այլ երկրում եք զգում ձեզ: Խաղաղ փողոցներ, ոչ ոք ոչ մի տեղ չի վազում, ամեն ինչ հանգիստ է ու խաղաղ:

Նյու Յորքի բնակիչները շատ բարեհոգի ու բաց մարդիկ են: Այստեղ բոլորը ժպտում են, իսկ շփման մեջ անմիջական են ու պարզ: Կարող են անծանոթի հետ զրույց սկսել, օգնության հասնել, ուղղորդել: Հավասարության ու բարեկամության զգացումն այստեղ չի լքում: Նյու Յորքում թվում է, որ բոլորը եղբայրներ են՝ անկախ մաշկի գույնից, ազգությունից ու կրոնից: Ամեն դեպքում, այդպիսին է զբոսաշրջիկի տպավորությունը: Հավանաբար, սա պատրանքի մի մասն է, սակայն զգացողությունը չափազանց հաճելի է:

Շարունակությունը՝  հաջորդիվ…

Յուլիա Վարդանյան



© NEWS.am STYLE