«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմն առաջին անգամ Երևանում կցուցադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարման ուղեկցությամբ

13:45   19 մայիսի, 2026

Հունիսի 3-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմի ցուցադրությունը, բայց՝ յուրահատուկ ձևաչափով: Ֆիլմի դիտման ընթացքում երաժշտությունը հանդիսատեսը կվայելի կենդանի հնչողությամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մատուցմամբ: Սա մի յուրահատուկ փորձառություն է, որը հայ հանդիսատեսը Հայաստանում կվայելի առաջին անգամ, թեև նվագախումբն արտերկրում բազմիցս ներկայացել է նման ծրագրով: 

Ինչպե՞ս այս ֆորմատը հնարավոր դարձավ իրականացնել Երևանում, արդյոք հե՞շտ է կատարել կինոերաժշտությունը հենց ֆիլմի ցուցադրման ընթացքում: NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ զրուցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի հետ:

7628343b-895d-42cc-a20d-cba8932623a4.jpeg (81 KB)

Պարոն Բալբաբյան, ի՞նչ ձևաչափով է անցկացվելու «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» կինոդիտում-համերգը։

«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» համերգ-կինոդիտումն անցկացվելու է աշխարհում մեծ տարածում գտած բացառիկ «In Concert» ձևաչափով: Այն իրենից ենթադրում է, որ մեր ունկնդիրը գալիս է ֆիլմի ամբողջական դիտման, բայց էկրանին զուգահեռ՝ ֆիլմի ողջ երաժշտությունը լսում է նվագախմբի կենդանի կատարմամբ: Այսինքն՝ ֆիլմի հերոսների խոսքերը, ձայներն ու երկխոսությունները լսվում են ֆիլմից, իսկ սաունդթրեքն ամբողջությամբ հնչում է կենդանի:

Սա աշխարհում միակ պաշտոնական լիցենզիոն տարբերակն է, որտեղ պահպանված են բոլոր հեղինակային իրավունքները: Այս ձևաչափն աշխարհի լավագույն նվագախմբերի կողմից լայնորեն կիրառվում է և հանդիսանում է երիտասարդներին դեպի դասական երաժշտություն բերելու ամենաազդեցիկ քայլերից մեկը:

ca507270-3fda-4880-89d9-7b104a4afabc.jpeg (67 KB)

Տարբեր տարիներ բազմաթիվ երկրներում ներկայացրել եք այս ձևաչափը, ինչպե՞ս հաջողվեց այն բերել Հայաստան։

Այս ֆորմատով նախագծեր մենք բազմիցս ներկայացրել ենք տարբեր երկրներում: Հայաստանի հանդիսատեսն այս ամենին մինչ այժմ կարողացել է հետևել միայն սոցցանցերի մեր էջերով՝ սթորիներով ու ռիլսերով:

Այս մասշտաբի նախագիծ Հայաստան բերելը հեշտ չէր. դա տևական, երկար տարիների բանակցությունների արդյունք է: Ի վերջո, մեզ հաջողվեց այս ամենն իրականություն դարձնել շնորհիվ մեր հիանալի գործընկերների՝ Վիզայի (Visa) և «Ամերիաբանկի», որոնց աջակցությամբ այս մեծամասշտաբ մշակութային իրադարձությունը կյանքի կկոչվի նաև մեր երկրում:

45ce199c-2243-4371-875a-6e6ae61c6b3d.jpeg (86 KB)

Ի՞նչ հատուկ չափանիշների պետք է բավարարի նվագախումբը, որպեսզի կարողանա ներկայանալ այս ձևաչափով ու նվագի Ջոն Ուիլյամսի հայտնի ստեղծագործությունը։

Ջոն Ուիլյամսի երաժշտությունը պահանջում է հսկայական կազմ։ Բեմում միաժամանակ պետք է լինի 80-ից ավելի, նույնիսկ 90 երաժիշտ։ Այն ներառում է չափազանց ընդլայնված նվագախմբային կազմ՝ մի քանի տասնյակի հասնող հարվածային գործիքներ, էլեկտրոնային ձայներ և հատուկ էֆեկտներ։ Նվագախմբից պահանջվում է բարձրագույն պրոֆեսիոնալիզմ և տեխնիկական հագեցվածություն, քանի որ սա սովորական դասական համերգ չէ։

Ի դեպ, արդյո՞ք հեշտ է կատարել այս կինոերաժշտությունը՝ երաժշտական տեսանկյունից։

Թվում է, թե կինոերաժշտությունը պետք է ավելի հեշտ լինի, բայց իրականում այն անհավանական բարդ է։ Իր ծավալով ու բարդությամբ այս մեկ համերգը հավասարազոր է մեկ երեկոյի ընթացքում երկու-երեք ամբողջական սիմֆոնիա կատարելուն։

Ի տարբերություն ավանդական համերգների, որտեղ կան առանձին մասեր, դադարներ՝ շունչ քաշելու համար, իսկ բաժինները տևում են առավելագույնը 40-50 րոպե, այստեղ որևէ դադարի հնարավորություն չկա։ Ֆիլմի ընթացքում՝ ավելի քան 1 ժամ 20 րոպե, նվագախումբն անընդհատ, առանց կանգառի գտնվում է առավելագույն լարվածության մեջ։ Ամբողջ երաժշտությունը պետք է միլիվարկյանների ճշգրտությամբ սինխրոնանա էկրանին կատարվող գործողությունների հետ։ Սա ահռելի, բարդագույն աշխատանք է ինչպես երաժիշտների, այնպես էլ հատկապես դիրիժորի համար։

Ի՞նչ սպասի հանդիսատեսն այս ձևաչափից, որո՞նք են նաև Ձեր ակնկալիքները։

Սա մի բացառիկ փորձառություն է՝ հենց «երբեք չտեսնված» (never seen before) շարքից։ Այն ունի հզոր իմերսիվ էֆեկտ. հանդիսատեսն այնքան է ընկղմվում ֆիլմի ու կենդանի երաժշտության համադրության մեջ, որ նույնիսկ չի նկատում, թե ինչպես է թռչում ժամանակը։ Ոչ մի սովորական կինոդիտում կամ էկրանային այլ նախագիծ չի կարող փոխանցել այն զգացողությունները, ինչ ստանալու են մեր ունկնդիրները։

Իմ ակնկալիքն է, որ դահլիճում գտնվող յուրաքանչյուր մարդ կհեռանա այնպիսի տպավորություններով, որոնք երբեք չի ունեցել որևէ այլ համերգի ժամանակ։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE