17:15 1 մարտի, 2014Մարտի 2-ին Լոս Անջելեսում կկայանա «Օսկար» կինոմրցանակաբաշխության 86-րդ արարողությունը, որի ժամանակ կորոշվեն կինոաշխարհի` 2013 թվականի լավագույնները: Մինչ մրցանակների հանձնման արարողության մեկնարկը, կինոգետները, կինոքննադատները, լրագրողները եւ պարզապես կինոսերները փորձում են գուշակել, թե ում բաժին կհասնեն ոսկե արձանիկները: Առաջադրված ֆիլմերի պրեմիերաներն արդեն կայացել են եւ հասցրել ձեռք բերել երկրպագուներ, ուստի դժվար չէ կռահել, թե որոնք են «Օսկարի»` այս տարվա գլխավոր ֆավորիտները:

Ամենամեծ շանսերը Դեւվիդ Օ. Ռասելի «Խաբեություն ամերիկյան ձեւով» ֆիլմն է, որն առաջադրված է 10 անվանակարգում` «լավագույն ֆիլմ», «լավագույն կանացի եւ տղամարդու դեր», երկրորդ պլանի լավագույն դերասան ու դերասանուհի» եւ այլն:
«Օսկարի» հավակնող եւս մեկ ֆավորիտ` «Ձգողականություն»: Ալֆոնսո Քուարոնի թրիլլերը` նկարահանված 3D ձեւաչափով, նույնպես առաջադրված է 10 անվանակարգում, այդ թվում` լավագույն ֆիլմի եւ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար:
Երրորդ ֆավորիտը «Ստրկության 12 տարի» ֆիլմն է, որի ռեժիսորն է Սթիվ Մակքուինը: Ֆիլմն առաջադրված է միանգամից 9 անվանակարգում: Այն արդեն արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի` որպես լավագույն դրամա:
Հաջորդը Ալեքսանդր Փեյնի «Նեբրասկա» ֆիլմն է, որը հավակնում է 6 «Օսկար» ստանալ: Նույնքան անվանակարգում առաջադրվել է նաեւ Ժան Մարկ Վալեի «Գնորդների դալլասյան ակումբը» դրաման:
Մարտին Սկորսեզեի`մեծ աղմուկ հանած «Ուոլ Սթրիթի գայլը» առաջադրվել է «Օսկարի» 5 անվանակարգում, այդ թվում եւ լավագույն ֆիլմի:

«Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում ֆավորիտ է համարվում Սպայկ Ջոնսի «Նա» ֆիլմը: