14:01 29 մայիսի, 2026Կինոմոսկվայում մայիսի 27-ին կայացավ ռեժիսոր Նադի Իսպիրյանի նոր՝ «Խոսրովի սիրտը» ֆիլմի պրեմիերան։ Մինչ ցուցադրությունը կարմիր գորգով քայլեցին ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորող դերասանները, հյուրերը, որոնք կիսվեցին դրական էմոցիաներով ու լուսանկարվեցին՝ ինչպես միմյանց, այնպես էլ կինոթատրոնի առաջ հավաքված հանդիսատեսի հետ։
Посмотреть эту публикацию в Instagram

Հուզմունք, անհամբերություն ու էմոցիաներ․․․ Այս ամենի կիզակետում, հատկապես, գտնվում էր ռեժիսորը՝ Նադի Իսպիրյանը, որը նաև ֆիլմի սցենարիստն ու պրոդյուսերն է։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Նադին նշեց, որ այս ֆիլմով ցանկացել էր պատմել ոչ միայն հերոսների պատմությունը, այլև ներկայացնել Հայաստանի գեղեցիկ ու գողտրիկ անկյուններից մեկը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Խոսրովի անտառում, որին այս ժապավենում առանձնահատուկ տեղ է հատկացված։ Ֆիլմի առաջին 15 րոպեները յուրահատուկ էքսկուրսիա են անտառով, որի «գաղտնիքները» հանդիսատեսին ու հերոսներին պատմում է կերպարներից մեկը։ Սակայն խորհրդավոր անտառում այս զբոսանքը վերածվում է վտանգավոր արկածի՝ միաձուլված պատմության ակնարկի ու ներկայի միջև։

«Խոսրովի սիրտը» սկսվում է պատմական էքսկուրսով, այնուհետև գալիս մեր ժամանակներ, որտեղ հերոսները բախվում են անցյալում կատարված դաժան իրողության ներկայիս հետքերին։ Կհաջողվի՞, արդյոք, գտնել ելք ու ճիշտ լուծում։ Կհասկանաք՝ դիտելով ժապավենը։

Ֆիլմն իր մեջ ամփոփում է մի քանի ժանր՝ ֆենթեզի, դետեկտիվ, սարսափ, դրամա, թրիլեր։ Այն նկարահանված է հատուկ էֆեկտների կիրառմամբ։ Գլխավոր հերոսներին մարմնավորում են Սեպուհ Ապիկյանը, Արմեն Թովմասյանը, Աննա Գևորգյանը, Սուրեն Պողոսյանը, Արա Սահակյանը, Մոնթե Պողոսյանը, Սյուզաննա Հովհաննիսյանը, Անգելինա Արոյանը, Լիլիթ Ավդալյանը, Ցողիկ Մարտիրոսյանը, Անդրանիկ Աբրահամյանը։ Նադի Իսպիրյանի խոսքով՝ պատմությունը կունենա նաև շարունակություն։




Սյունե Առաքելյան