13:32 1 հունիսի, 2026Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվեց Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված անվանի ճարտարապետի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը։
Բացմանը ներկա էր նաև Ջիմ Պետրովիչի ուսանողը՝ Իզաբելլա Բարսեղյանը։
Ես նրա ուսանողն եմ եղել, կարելի է ասել վերջին «դիպլոմնիցան»
«Կարծում եմ, որ պատահական չի, որ հենց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում է բացվել այս ցուցադրությունը։ Ջիմ Թորոսյանը շատ մոտ էր վարպետի հետ։ Գիտեք, Ջիմ Պետրովիչը շատ էր պատմում Մարտիրոս Սարյանի մասին։ Համարում էր Մարտիրոս Սարյանի տապանաքարը իր լավագույն գործերից։ Ի դեպ, տապանաքարի հուշասալի համար նա արժանացել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալի»։
Ջիմ Թորոսյանը մեծ ճարտարապետ էր ու մեծ ուսուցիչ: Ես նրա ուսանողն եմ եղել, կարելի է ասել վերջին «դիպլոմնիցան»։ Ջիմ Պետրովիչը մեծ լումա է ունեցել իմ հետագա ուղու վրա։ Նման ուսուցիչ ունենալով, հնարավոր չի որևէ հաջողություն չունենալ։
Մեր զրույցների ժամանակ նա շատ էր պատմում Իտալիայի մասին։ Ասում էր, պետք է Իտալիա գնալ և ոչ մեկ, ոչ տաս անգամ։ Պետք է որոշ ժամանակ այնտեղ ապրել։ Մտքովս անգամ չէր անցնում, որ տասնհինգ տարի անց կարող է տեղափոխվեմ այնտեղ։ Հիմա ես Ֆլորենցիայում եմ ապրում։ Այսօր քայլում եմ ցուցասրահում, նայում իմ ուսուցչի այս հրաշալի էսքիզներին, որոնց մասին գիտեի, բայց չէի տեսել, հիանում ու հիշում մեր զրույցները։ Սա հիշողությունների հիանալի առիթ է ինձ համար։ Չնայած, կա, թերևս մեկ գործ, որի կրկնօրինակը հայրիկիս էր նվիրել և կախված է մեր տանը։ Ինչ խոսք, նա փայլուն նկարիչ էր՝ բնածին նուրբ ճաշակով, սակայն սա ճարտարապետի նկարներ են՝ մասշտաբային ու հեռանկարային։ Իտալիայում ապրելով, ես հասկացա, թե իրականում, որքան մեծ ազդեցություն է թողել Ջիմ Պետրովիչի վրա Վերածննդի ճարտարապետությունը։ Այո այդ գլուխգործոցները տեսնելով, նկարելով և իրենը սարքելով նա ստեղծեց այն, ինչ ստեղծեց։ Ջիմ Թորոսյանը թողել է իր անգնահատելի հետքը։ Նրա նախագծերով կառուցվել են եկեղեցիներ, գերատեսչական շինություններ, հրապարակներ և հուշակոթողներ։ Նրա կառուցած ճարտարապետական կառույցները մեր այցեքարտ են դարձել, ինչպես և իր ուսուցիչների՝ Ալեքսանդր Թամանյանի, Ռաֆո Իսրայելյանի, Մարկ Գրիգորյանի և մեր մյուս մեծ ճարտարապետների կառույցները։
Եթե Ջիմ Պետրովիչը ապրեր մի այլ երկրում նրա անունը, հավատացեք, կլիներ մի հարյուր անգամ բարձր։ Եվ ինձ հետ համաձայն են իմ կոլեգաները, նույնիսկ նրանք ովքեր չեն եղել Հայաստանում, բայց հատուկ եկել են նրա կառույցները տեսնելու։ Դա միայն լավ որակի ճարտարապետություն չէ, դա հաջողված նախագծեր չեն, դա տենդերում շահել չէ։ Դա Աստծուց տրված շնորհ է։ Ես վստահ եմ, որ ինչքան ժամանակ անցնի նրա թողած ժառանգությունն էլ ավելի կգնահատվի։
Քաղաքն անվերջ պատմություն է
Ես համարում եմ, որ քաղաքը կենդանի օրգանիզմ է, քաղաքն անվերջ պատմություն է։ Քաղաքը պետք է լինի ակտիվ, քաղաքում պետք է ծնվեն տվյալ ժամանակում ապրող ստեղծագործողներ և իրենք էլ իրենց խոսքը պետք է ասեն։ Ջիմ Պետրովիչը նույնպես շարունակել է իր ուսուցիչների խոսքը։ Սա բնության օրենքն է։
Ջիմ Թորոսյանի նման ճարտարապետները ծնվում են հարյուր տարի մեկ։ Միգուցե, մենք ինչ-որ ժամանակ անց կունենանք արժանի մեկը, ով կկարողանա տալ Կասկադին արժանի ավարտ։ Ի դեպ, Ջիմ Պետրովիչը չէր ընդունում այն ժամանակակից քանդակները, որոնք այսօր կան Կասկադի տարածքում։ Միգուցե կգա ժամանակ, երբ նրանք կփոխարինվեն այլ քանդակներով։ Հիշու՞մ եք հին Կասկադի համալիրի առաջին հարթակի ջրվեժի ջնարակապատ ձեռագործ սալերով խճանկարը, որը պահպանվել է միայն լուսանկարներում։ Քաղաքաշինությունը միշտ էլ ինչ որ զոհողությունների գնում է, բայց, եթե մենք չիմանայինք ինչ է եղել առաջ, առանց երկմտանքի կընդունեինք այն ինչ կա այսօր։
Ես շատ երկրներում եմ եղել և հասկացել եմ, որ Կասկադի նման գլուխգործոց ոչ մի տեղ չկա։ Մենք այդքան չենք գնահատում, քանի որ ամեն օր ենք տեսնում։ Բայց հավատացնում եմ, որ անընդհատ այստեղ կարելի է գտնել մի դետալ, որին մինչ այդ ուշադրություն չէինք դարձրել։ Եվ սա ոչ թե ճարտարապետը միայն կարող է նկատել, այլ ով ունակություն ունի նկատել, քանի որ սա էմոցիաներ են։
Ես հասկացել եմ, որ ոնց անցյալ դարի 60-70-ականները «Դոլչե վիտա» էին նաև Երևանի համար
Ժամանակները տարբեր են։ Հայրիկս պատմել է ինձ այն տարիների մասին, երբ Ջիմ Թորոսյանը Երևանի գլխավոր ճարտարապետն էր։ Անցյալ դարի 60-70-ականները «Դոլչե վիտա» էին, «քաղցր տարիներ» ամբողջ աշխարհում։ Դրանք ծաղկուն տարիներ էին արվեստի համար։ Մենք էլ աշխարհի մի մասն էինք։ Եվ այն արվեստագետները, ճարտարապետները որոնք գործել են այդ ժամանակ, այլ հնարավորություններ են ունեցել։ Ինչ վերաբերում է գլխավոր ճարտարապետի պաշտոնին, որ Ջիմ Պետրովիչը զբաղեցրեց տաս տարի, ապա դա քաղաքի զարգացման լավագույն տարիներն էին։ Երկիրն այլ կերպ էր կառավարվում և գլխավոր ճարտարապետն էլ ուներ որոշակի իշխանություն։ Հիմա նման պաշտոնը, իմ կարծիքով, ավելի շատ «ամբիցիա» է, պատվախնդրություն։ Այնպես որ միգուցե և ճիշտ է, որ լինի հանրային խորհուրդ, երբ ինչպես ինքը, Ջիմ Պետրովիչն էր ասում, ճարտարապետությունը տեղը զիջել է շինարարությանը, միգուցե կոլեկտիվ որոշումը մեր ժամանակների համար ավելի արդար է, քան դիկտատուրան։