14:39 1 հունիսի, 202610 տարուց ավելի ոլորտում, մոտ 400 հազար հետևորդներ սոցիալական ցանցերում. Սյունե և Գոհար Ավագյաններն այսօր մատնահարդարման ոլորտում ամենահայտնի ու պահանջված դեմքերից են: Նրանց ճանաչում են ոչ միայն «Syune Nail Studio»-ի հաճախորդները, այլև սոցիալական ցանցերի օգտատերերը:
Համացանցում քույրերը հայտնի դարձան՝ ինչպես իրենց պրոֆեսիոնալիզմով, այնպես էլ մարդկային անմիջականությամբ ու անկեղծ կոնտենտով, հաղորդումներով ու սեփական բրենդի մատնահարդարման նյութերի ստեղծմամբ: Մատնահարդարները «ժլատ չեն» փորձի փոխանակման հարցում: Նրանք հերթական սեմինարն էին կազմակերպել, որի ընթացքում մասնակիցների հետ կիսվեցին տարիների իրենց փորձով ու խորհուրդներով: «Մասնակիցներն իմ հետևորդներն ու աշակերտներն են. ընդամենը մեկ տեսանյութ էինք տեղադրել, ու այսքան մարդ հավաքվեց, ինչի համար անչափ շնորհակալ եմ: Ես այսօր կիսվեցի իմ գիտելիքներով: Առհասարակ, այն աղջիկները, ովքեր այսօր գալիս են ինձ մոտ, ես նրանց ինձ եմ նմանեցնում, ու հասկանում եմ, որ եթե գալիս են քեզ մոտ, ուրեմն՝ ունեն քո կարիքը: Պետք է ազնիվ լինես ու ազնվորեն տաս այն ամենը, ինչը ունես քո սրտի խորքում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Սյունեն:
Գոհարը հավելում է՝ թեև շատ են կազմակերպում սեմինարներ, այն էմոցիաները, որոնք ապրեցին հերթական անգամ, աննկարագրելի են: Մասնակիցները ոչ միայն լսում էին, այլև կիսվում կարծիքներով ու ջերմ խոսքերով, որոնք, մատնահարդարների խոսքով, հաճելի են ու պարտավորեցնող: «Մենք շատ ենք կազմակերպում այսպիսի սեմինարներ, բայց այնքան ջերմություն ստացանք օրվա ընթացքում՝ ժպիտներ, ծափահարություններ… աննկարագրելի զգացողություններ էին»,-կիսվում է Գոհարը: Տարիներ առաջ Սյունե Ավագյանի մասին շատերը լսեցին TikTok-ից, բայց քչերը գիտեն, որ սոցիալական հարթակում տեսանյութեր տեղադրելը նրա քրոջ՝ Գոհարի գաղափարն էր: Նա վստահ էր, որ յուրահատուկ անուն ունեցող քույրը կկարողանա հանրությանը գրավել թե պրոֆեսիոնալիզմով, թե իր անհատականությամբ: Սյունեն իր կարիերան սկսել է ոչ որպես մատնահարդար, պրոֆեսիոնալ նվաճումներին հասել է ինքնուրույն՝ սեփական հետաքրքրության արդյունքում, որը գալիս է մանկությունից: Հիշում է՝ ինչպես էր դպրոցում մատնահարդարում համադասարանցիներին, ու դա անում էր 90-ականների զվարճալի ոճով: Որքան էլ քույրերը տարբեր են, ասում են՝ գործում դա ոչ միայն իրենց չի խանգարում, այլև լրացնում է։
Սյունեն փաստում է՝ ինքնուրույն մասնագիտական հմտություններ ձեռք բերելը դժվար է, բայց կարևոր է չհանձնվել ու գնալ նպատակի հետևից: Այսօր նա ունի աշակերտներ՝ աշխարհի տարբեր երկրներից. նրանց ու սեմինարի մասնակիցների հետ մատնահարդարները կիսվում են ոլորտում գոյատևելու ու առաջ գնալու ամենակարևոր խորհուրդներով. «Ես միշտ ասում եմ, որ գիտելիքի դեմ ամեն ինչ ծնկի է գալիս, մենք պետք է շատ սովորենք, ձգտում ունենանք, չկոտրվենք: Եվ եթե գիշերը գլուխը դրել ենք բարձին ու լավ եղել, առավոտյան պետք է սառը ջրով ցնցուղ ընդունենք ու շարունակենք ապրել»,-ասում է Սյունեն: Սեմինարին ներկա էին նաև Սյունեի ու Գոհարի ընկերները, ովքեր շեշտում են ոչ միայն նրանց մասնագիտական մակարդակը, այլև մարդկային արժեքները:
Իսկ մասնակիցները խոստովանում են՝ մատնահարդարների հետ անձնամբ շփվելն ու նրանց խորհուրդներին ծանոթանալը մասնագիտական ձեռքբերում ու մեծ ոգևորություն էր:
Սեմինարն ավարտվեց բարձր տրամադրությամբ՝ դիջեյ, պարեր ու խաղարկություն. մանրամասները՝ NEWS.am STYLE-ի պատրաստած ռեպորտաժում: Հավելենք, որ «Syune Nail Studio»-ի ծառայություններից կարող եք օգտվել Կոմիտաս 1 հասցեում գործող սրահում:
Սյունե Առաքելյան