Depeche Mode-ի ֆանտաստիկ, խելագար, շքեղ համերգը. NEWS.am STYLE-ի ռեպորտաժը Մինսկից

16:32   1 մարտի, 2014

Երեկ՝ փետրվարի 28-ին, Մինսկում կայացավ լեգենդար Depeche Mode խմբի համերգը: NEWS.am STYLE-ի թղթակիցը չէր կարող անտարբեր անցնել նման իրադարձության կողքով եւ գնաց միջոցառմանը մասնակցելու (Աստծո սիրուն, նրանք, ովքեր ոչինչ չգիտեն Depeche Mode-ի մասին, մի ծուլացեք, Վիքիպեդիայում կամ Youtube-ում ծանոթացեք):

Շուրջ 15.000 հանդիսատեսի առջեւ «Минск Арена»-ում (մայիսին այստեղ անցկացվելու է հոկեյի աշխարհի առաջնությունը) «ծերուկները» երկու ժամ ելույթ ունեցան Դեյվ Գաանի գլխավորությամբ, ով Բելառուսի մայրաքաղաք էր եկել իր Delta Machine շրջագայության շրջանակում:

Շքեղ շոուն ռիթմիկ երաժշտության եւ տեսաշարերի յուրօրինակ միախառնում էր, որը հանդիսատեսին տարավ խմբի կրքերի խորհրդավոր աշխարհ:

Դեյվը՝ իր գործի իսկական մասնագետը, ոչ միայն ամբողջ համերգի ընթացքում լիարժեք տրվեց հանդիսատեսին, այլ հենց իրեն երաժշտությունը բաց տիեզերք հասցրեց. 51-ամյա «ծերուկն» այնպես էր ելույթ ունենում, այնքան ճկուն էր շարժվում ու պարում, որ ամբողջ երեկոյի ընթացքում չէր լքում զգացողությունը, որ ինքդ էլ նրա հետ բեմում ես: Ինչ-որ պահի նույնիսկ վիրավորանք զգացի հարազատ Երեւանի համար. վերջապես ե՞րբ մեզ մոտ էլ կգան հրաշալի խմբեր, իրենց գործի իսկական մասնագետներ՝ հզոր երաժշտությամբ, հանդիսատեսի հանդեպ հիասքանչ վերաբերմունքով:

Այնպիսի հաճույք է, երբ դասական երաժշտությունը համադրվում է տեխնիկապես հիասքանչ հնչողության հետ, երբ հազարավոր մարդիկ միասնաբար լողում են զգացմունքների օվկիանոսում, իսկ քեզ զգում ես ամբողջության մի մասնիկը, ամբողջություն, որը երկու ժամով մեկ միասնական աշխարհ է դառնում՝ Depeche Mode-ի աշխարհը:

Պատրաստեց՝ Պարույր Սինյավսկին

Լուսանկարները՝ Tut.by-ի



© NEWS.am STYLE