21:30 8 հունիսի, 2026Դուբայի հնգաստղանի հյուրանոցները, որոնք նախկինում հասանելի էին միայն հարուստ օտարերկրացի ճանապարհորդներին, այսօր ստիպված են ապավինել գրեթե բացառապես տեղի բնակիչներին: Ինչպես հաղորդում է AFP-ն, Իրանի դեմ պատերազմի պատճառով արտասահմանյան զբոսաշրջիկների հոսքը կտրուկ դադարել է, և հաճախորդներ ներգրավելու գլխավոր գործիք են դարձել «սթեյքեյշնի» (առանց քաղաքից դուրս գալու հանգստի) համար առաջարկվող գլխապտույտ զեղչերը:
Դուբայական շքեղության խորհրդանիշ դարձած հանրահայտ Պալմա Ջումեյրա արհեստական կղզու հնգաստղանի հանգստավայրերը հանգստյան և տոն օրերին դարձյալ լեցուն են, բայց այս անգամ՝ տեղի բնակիչների շնորհիվ: «Միայն տեղացիների համար» հատուկ առաջարկներն իսկական փրկօղակ են դարձել էմիրության պրեմիում դասի զբոսաշրջային սեկտորի համար:
Տարեկան 19,5 միլիոն զբոսաշրջային հոսք ունեցող Դուբայը երկար ժամանակ համարվում էր Մերձավոր Արևելքի գլխավոր ուղղություններից մեկը և հարուստների ու հայտնիների սիրելի վայրը: Ըստ Henley & Partners-ի՝ աշխարհի ամենահարուստ քաղաքների մասին զեկույցի, Դուբայն իր տարածքում բնակվող միլիոնատերերի թվով մոլորակում զբաղեցնում է 18-րդ տեղը:
«Ես նախկինում երբեք չեմ հանգստացել Պալմայի հյուրանոցներում, որովհետև գները պարզապես աստղաբաշխական էին»,- պատմում է 60-ն անց բժիշկ Ֆադի Իսկանդարանին, ով առաջին անգամ է հանգստյան օրերն անցկացրել Պալմայի շքեղ հանգստավայրերից մեկում:
Ազգությամբ լիբանանցի բժիշկը, ով արդեն հինգ տարի է՝ ապրում է Դուբայում, նման որոշում է կայացրել միայն այն բանից հետո, երբ տեսել է, որ կղզու էլիտար հյուրանոցներից մեկը չորս անգամ նվազեցրել է կեցության արժեքը: Նրա խոսքով՝ հյուրանոցն ամբողջությամբ լցված չէր, իսկ որոշ հարկեր հաճախորդների պակասի պատճառով նույնիսկ փակ էին: Այդուհանդերձ, լողավազանի մոտ բազմաթիվ մարդիկ կային, որոնք եկել էին Պալմա՝ վայելելու այն շքեղությունը, որը երկար ժամանակ անհասանելի էր իրենց համար։
«Դուբայում լյուքս դասի հանգիստը հասանելի է դարձել սովորական բնակիչների համար: Նախկինում սա միայն հարուստների, չափազանց մեծահարուստ մարդկանց վայելքն էր»,- նշում է Իսկանդարանին:
Մինչ ճգնաժամի սկսվելը Դուբայի 827 հյուրանոցները, այդ թվում՝ 173 հնգաստղանի առաջատար համալիրները, կարող էին հպարտանալ ավելի քան 80% միջին զբաղվածությամբ: Սակայն փետրվարի 28-ին՝ Իրանին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո բռնկված ռազմական հակամարտությունը խաթարեց Պարսից ծոցի՝ որպես կայունության խաղաղ նավահանգստի կարգավիճակը:
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնվեցին իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի թիրախում, որոնք հարվածեցին հյուրանոցներին, այդ թվում՝ Պալմա կղզում գտնվող համալիրներին և լեգենդար «Burj Al Arab» հանգստավայրին:
Ապրիլի 8-ին ուժի մեջ մտած փխրուն զինադադարից հետո օտարերկրյա զբոսաշրջիկները սկսեցին աստիճանաբար վերադառնալ, սակայն հյուրանոցները դեռևս գոյատևում են հիմնականում տեղացի հյուրերի հաշվին, պատմում է «Anantara The Palm Dubai Resort» հանգստավայրի գլխավոր տնօրեն Մայքլ Ռոբինսոնը:
Ջրի վրա կառուցված վիլլաներով, արհեստական ծովալճակներով ու թաիլանդական ոճի կահավորմամբ այս շքեղ համալիրում այժմ ակտիվորեն հանգստանում են Դուբայի բնակիչները, որոնց տրամադրվում են հատուկ՝ մինչև 50% զեղչեր: Ռոբինսոնի խոսքով՝ ուրբաթ և շաբաթ օրերին հյուրանոցի զբաղվածությունը պահպանվում է 70-90%-ի սահմաններում: Սակայն աշխատանքային օրերին (կիրակիից հինգշաբթի) այս ցուցանիշը նվազում է՝ հասնելով միջինը 20–30%-ի: Այս նոր լսարանն օգնել է «Anantara The Palm»-ին պահպանել դրական ֆինանսական հաշվեկշիռը և խուսափել աշխատակիցների կրճատումներից:
Չնայած ներկա կայունացմանը՝ «սթեյքեյշն» ձևաչափը չի կարող անվերջ փրկել ոլորտը:
«Տեղական զբոսաշրջությունը մեկ կամ երկու գիշերվա բիզնես է, և վե՛րջ… Մինչդեռ միջազգային շուկան նախկինում մեզ ապահովում էր հաճախորդներով, որոնք գալիս էին առնվազն մեկ շաբաթով»,- բացատրում է Մայքլ Ռոբինսոնը:
Հուլիսին, դպրոցական արձակուրդների սկսվելուն պես, բազմաթիվ արտասահմանցի ընտանիքներ ամռանը մեկնելու են իրենց հայրենիք: Եթե մինչ այդ դրսից նոր հյուրեր չգան, ապա հյուրանոցներին նոր ճգնաժամ է սպասվում, քանի որ տեղացիներից քչերը կցանկանան հանգստանալ քաղաքում։
Որոշ հանրահայտ հյուրանոցներ, այդ թվում՝ «Burj Al Arab»-ը, ստեղծված դադարի ֆոնին ժամանակավորապես փակվել են վերանորոգման համար: Մյուսները ստիպված են եղել կրճատել աշխատակազմը կամ նվազեցնել աշխատավարձերը. հատկապես տուժել են Դուբայի կենտրոնում (Դաունթաունում) գտնվող հյուրանոցները, որոնք հիմնականում մասնագիտացած են բիզնես-զբոսաշրջության մեջ:
Դուբայի հյուրանոցներից մեկի աշխատակիցն անանունության պայմանով պատմել է, որ ռազմական գործողությունների ժամանակ և դրանից անմիջապես հետո իր աշխատավարձը կրճատվել էր 40%-ով, և իրավիճակը կարգավորվել է միայն վերջին շաբաթներին: Հարևան Աբու Դաբիում գտնվող մեկ այլ աշխատակից էլ հայտնել է, որ իրեն երկու ամսով ուղարկել էին չվճարվող արձակուրդ, սակայն այժմ նա վերադառնում է աշխատանքի՝ աշխատավարձի ամբողջական վերականգնմամբ:
Հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները ձգձգվում են, իսկ Ծոցի տարածաշրջանում երբեմն-երբեմն տեղի ունեցող հարվածները շարունակում են ճնշում գործադրել զբոսաշրջության վրա: Այդուհանդերձ, Ռոբինսոնը պահպանում է լավատեսությունը. «Եթե առաջիկա ամսում վերջնական քաղաքական կարգավորում տեսնենք, զբոսաշրջիկները շատ ավելի արագ կվերադառնան, քան բոլորն այժմ կարծում են»։