Բարձր նորաձևություն՝ 15 հազար մետր բարձրության վրա. Elie Saab-ն ու Bombardier-ը ներկայացրել են «հոթ կուտյուր» ոճով բիզնես-ջեթի սրահ

23:01   8 հունիսի, 2026

Երկու պաշտամունքային ընկերություններ ներկայացրել են Global 8000 առաջատար մասնավոր ինքնաթիռի ուղևորասրահի էքսկլյուզիվ դիզայնը, գրում է WWD-ն։

Կանադական «Bombardier» ավիաշինական ընկերությունը և լիբանանյան «Elie Saab» նորաձևության տունը միավորել են ջանքերը և ստեղծել մի եզակի նախագիծ, որն իրենք կնքել են «հոթ կուտյուրն ավիացիայում» (couture aviation) անվանումով: Ուրբաթ օրը Մոնակոյում կայացած փակ միջոցառման ժամանակ գործընկերները պաշտոնապես ներկայացրել են Global 8000 գերհեռահար բիզնես-ջեթի ուղևորասրահի ինտերիերը։

Ինտերիերի առաջին կադրերում երևում են շքեղ փափուկ կահույքն ու դեկորի տարրերը, որոնք ոգեշնչված են վայրի բնությամբ։ Առանցքային մոտիվ են դարձել թռչող թռչունների ուրվագծերը, որոնք ներդաշնակորեն համադրված են բնական երանգների հանգստացնող գունապնակի հետ։ Շնորհանդեսը տեղի է ունեցել Մոնակոյում՝ Bombardier’s Aviator Lounge ֆիրմային շոուրումում կայացած Ֆորմուլա-1-ի Գրան պրիի ուիքենդի ժամանակ։

Ձայնի արագությամբ բիզնես-ջեթ

Ինտերիերի նոր դիզայնը հասանելի կլինի որպես Global 8000-ի գնորդների համար նախտեսված էքսկլյուզիվ ընտրանք։ «Elie Saab» բրենդի համար այս նախագիծը կարևոր քայլ էր սեփական տիեզերքն ավիացիայի ոլորտ ընդլայնելու ուղղությամբ, ինչը հաստատում է, որ նորաձևության տունը ձգտում է ուղեկցել իր բարձրակարգ հաճախորդներին նրանց կյանքի բոլոր ասպեկտներում, այդ թվում՝ թռիչքների ընթացքում։

Ինքնին «Bombardier Global 8000» ինքնաթիռը նշանակալի օբյեկտ է համաշխարհային ավիացիայի համար։ Արտադրողը հայտարարում է, որ այն «ամենաարագ քաղաքացիական ինքնաթիռն է աշխարհում՝ լեգենդար Կոնկորդից (Concorde) ի հետո»։ Հեռահար բիզնես-ջեթը կարող է զարգացնել մինչև 0,95 Մախ առավելագույն արագություն։ Global 8000-ի տարածքը բաժանված է չորս լիարժեք բնակելի գոտիների.

Բացի այդ, ինքնաթիռը կարող է հպարտանալ իր դասում ամենաընդարձակ խոհանոցով և շքեղորեն կահավորված լոգասենյակով։

«Haute Couture»-ի փիլիսոփայությունը երկնքում

«Elie Saab» նորաձևության տան գլխավոր տնօրեն Էլի Սաաբ-կրտսերի համար այս նախագիծը հնարավորություն է ստեղծել բրենդի փիլիսոփայությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար.

«Bombardier-ի հետ միասին մենք այս համագործակցությանը մոտեցրինք հոթ կուտյուրի վարպետների մտածելակերպին։ Մենք յուրաքանչյուր նյութ և յուրաքանչյուր դետալ բարձրացրել ենք մանրակրկիտ կշռադատված շքեղության, ճշգրտության և դիզայներական գերազանցության մանիֆեստի մակարդակի։ Այս նախագիծն արտացոլում է մեր ցանկությունը՝ լինելու մեր հաճախորդների կողքին նրանց ամենօրյա կյանքում, որտեղ էլ որ նրանք գտնվեն՝ Elie Saab-ի գեղագիտությունը ներդնելով նրանց ճանապարհորդության ամեն մի ակնթարթում»։

Երբ 2025 թվականի նոյեմբերին ընկերություններն առաջին անգամ հայտարարեցին իրենց գործընկերության մասին, դա նախադեպը չունեցող իրադարձություն դարձավ. Bombardier-ն իր պատմության մեջ առաջին անգամ ինտերիերի մշակման համար ներգրավեց բարձր նորաձևության պրեմիում դասի տուն։ Bombardier-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Էրիկ Մարտելը նշել է, որ այս համագործակցությունն ընդլայնել է արդյունաբերության սովորական սահմանները.

«Սա մեզ թույլ տվեց դուրս գալ ստանդարտ հայեցակարգերի շրջանակից և ինքնաթիռի սրահը վերաիմաստավորել որպես իսկական բնակելի տարածք՝ միաժամանակ լիովին հաշվի առնելով ավիացիայի խիստ թռիչքատեխնիկական և շահագործման իրողությունները»։

Elie Saab-ի էքսպանսիան. հյուրանոցներից մինչև սուպերնավեր

1982 թվականին Լիբանանում հիմնադրված «Elie Saab» նորաձևության տունը վերջին շրջանում ֆենոմենալ ակտիվություն է ցուցաբերում ոչ միայն պոդիումներում, այլև դրանցից դուրս։ Բրենդն ակտիվորեն նվաճում է էլիտար անշարժ գույքի և ինտերիերի դիզայնի շուկան, և ավիացիոն ոլորտ մուտք գործելը նրա համար դարձավ գագաթնակետային քայլ։



© NEWS.am STYLE