Ծաղիկներ, ծափեր ու «ես քեզ սիրում եմ» բացականչություններ. Ինչպես անցավ Լարա Ֆաբիանի համերգը Երևանում

15:05   9 հունիսի, 2026

15 տարի անց ֆրանսիացի լեգենդար երգչուհի Լարա Ֆաբիանը վերադարձավ Երևան՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմ. երեկ՝ հունիսի 8-ին, համալիրի լեփ-լեցուն դահլիճում կայացավ երգչուհու երևանյան մեծ մենահամերգը:

Ֆաբիանը կատարեց իր երգացանկի ամենահայտնի ու սիրելի երգերը՝ հանդիսատեսին պատմելով դրանց ստեղծման ու իր կյանքում այդ երգերի կարևորության մասին: Երգչուհու հզոր ձայնի յուրաքանչյուր հնչյուն փշաքաղեցնող էր ու արձագանքում էր հանդիսատեսի մարմնով: Նրա կատարումներն ուղեկցվում էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Նվագախմբի նվագակցությունն էլ ավելի կենդանի ու ապրեցնող էր դարձնում յուրաքանչյուր նոտա:

Երգչուհու հանդիսատեսը լուռ ու ուշադիր լսում էր նրա կատարումները, ամեն երգից առաջ և հետո ոգևորում բուռն ծափողջույններով, «ես քեզ սիրում եմ» արտահայտություններով ու ծաղկեփնջերով: Ավելի բախտավորներին հաջողվեց հենց բեմի մոտ լուսանկարվել սիրելի արտիստի հետ, իսկ վերջինը ժպտում էր ու փորձում հետաքրքիր կեցվածք ընդունել գեղեցիկ լուսանկարների համար:

«Ուրախ եմ լինել Հայաստանում և հանդիպել այսքան բարեհամբույր մարդկանց, ովքեր ստիպում են քեզ տանը զգալ»,-կիսվեց նա:

Ֆաբիանը համերգին ընտրել էր հայ դիզայների զգեստ, որի մասին կպատմենք ավելի ուշ:

Համերգը եզրափակվեց ամենասպասված հիթերով՝ Je Suis Malade, Je t’aime և Adagio, որոնք տարիներ շարունակ համարվում են երգչուհու այցեքարտը:

Համերգը կազմակերպել էին Mezzo Production-ը և Eventpro ընկերությունը:

Հավելենք, որ Լարա Ֆաբիանը Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ելույթ էր ունեցել նաև 2011 թ-ին՝ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում:

Սյունե Առաքելյան, Լիանա Աղաջանյան

Լուսանկարը՝ Ղևոնդ Գալուստյանի



© NEWS.am STYLE