14:05 10 հունիսի, 2026Հունիսի 15-ին PanArmenian TV-ի YouTube-յան ալիքում կկայանա նոր՝ «Խորհրդավոր ընթրիք» հեռուստասերիալի պրեմիերան։ Ժամանակակից և ինտրիգային ձևաչափով ներկայացվող նախագիծը հանդիսատեսին կտեղափոխի մի պատմության մեջ, որտեղ ընկերությունն ու սուտը, հավատարմությունն ու դավաճանությունը միահյուսվում են անսպասելի կերպով։
Սերիալի սցենարիստ Անահիտ Մխիթարյանի խոսքով՝ նախագծի անվանումը պատահական չէ։ Այն միաժամանակ հղում է թե՛ պատմությանը, թե՛ մարդու ներաշխարհին։
«Աստվածաշնչում վերջին ընթրիքը դարձավ մի պահ, որտեղ նույն սեղանի շուրջ նստած էին հավատարմությունը, սերը, կասկածը և դավաճանությունը։ Այդ պահին ոչ բոլորը գիտեին, թե ինչ է թաքնված մյուսի սրտում, և հենց այդ անտեսանելի ճշմարտություններն էին ընթրիքը դարձնում խորհրդավոր»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց սցենարիստը։

Նրա խոսքով՝ «Խորհրդավոր ընթրիք» անվանումը հիշեցնում է, որ յուրաքանչյուր հանդիպման մեջ կա բացահայտելու բան, իսկ երբեմն ամենամեծ գաղտնիքները ոչ թե ասված խոսքերն են, այլ այն, ինչ մարդը դեռ չի համարձակվել ասել։
Երբ սուտն ու ճշմարտությունը կանգնում են նույն ճանապարհին
Սերիալի առանցքում ընկերության և ստի պատմությունն է՝ երկու հասկացություն, որոնք առաջին հայացքից դժվար է պատկերացնել նույն նախադասության մեջ։
Տարիներ առաջ տեղի ունեցած չգիտակցված դավաճանությունը դառնում է այն թելը, որը կապում է անցյալն ու ներկան՝ հերոսներին ստիպելով անընդհատ վերադառնալ իրենց հիշողություններին և վերաիմաստավորել սեփական ընտրությունները։
«Մենք սովոր ենք սուտն ու ճշմարտությունը բաժանել սևի ու սպիտակի, բայց կյանքը հաճախ ապրում է այդ երկու գույների միջև», – ասում է Անահիտ Մխիթարյանը։
Սերիալը փորձում է պատասխանել մի կարևոր հարցի՝ արդյո՞ք բարի մտադրությամբ ծնված սուտը կարող է փրկել մարդուն։ Երբեմն չասված ճշմարտությունը ժամանակ է տալիս ուժ հավաքելու, ցավը հաղթահարելու կամ նոր հարվածին դիմակայելու համար։ Սակայն նույնիսկ ամենաանկեղծ մտադրությամբ ծնված սուտն ունի իր գինը, քանի որ ճշմարտությունը վաղ թե ուշ պահանջում է իր տեղը։

Սիրված դերասաններ՝ մեկ նախագծում
«Խորհրդավոր ընթրիք»-ում ներգրավված են հայկական հեռուստադաշտի և թատրոնի հայտնի ու սիրված դերասաններ։
Առաջին անգամ նախագծի ստեղծագործական թիմը համագործակցում է դերասան Վահագն Մարգարյանի հետ։ Հատուկ նկարահանումներին մասնակցելու համար Մոսկվայից Երևան է ժամանել նաև հանդիսատեսի սիրելի դերասան Հմայակ Հակոբյանը։

Դերասանական կազմում ընդգրկված են նաև Դավիթ Հարությունյանը, Մարիամ Դավթյանը, Նոնա Սաֆարյանը, Ադրինե Աճեմյանը, Պավել Թադևոսյանը և Էրիկ Կրբաշյանը։
Նախագիծը հետաքրքիր է ոչ միայն իր սյուժեով, այլև ներկայացման ձևաչափով։ «Խորհրդավոր ընթրիք»-ը հեռարձակվելու է բացառապես YouTube հարթակում՝ 12 րոպեանոց սերիաներով։

Սա համեմատաբար նոր մոտեցում է հայկական մեդիատիրույթում, որը նախատեսված է ժամանակակից դիտողի պահանջներին համապատասխանելու համար։ Կարճ, դինամիկ և բովանդակային հագեցած սերիաները հնարավորություն կտան հանդիսատեսին արագ ներգրավվել պատմության մեջ և հետևել իրադարձությունների զարգացմանը ցանկացած վայրից։
Սյունե Առաքելյան