16:57 17 հունիսի, 2026Այս տարվա սեպտեմբերի 3-ին հեղինակավոր Greek Theatre-ի բեմում կրկին կհնչի հայոց պատմության և մշակույթի ձայնը։ «Նախնիների կանչը 2. Հերոսներ և սրբեր» (Echoes of Our Ancestors 2. Heroes and Saints) նախագիծը հանդիսատեսին կներկայանա ամբողջովին նորացված ծրագրով։ Այդ մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել է նախագծի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արման Նշանյանը, որն այս օրերին Հայաստանում է։

Նշանյանի խոսքով՝ նախորդ տարվա հաջողությունը ոչ միայն ոգեշնչող էր, այլև պարտավորեցնող։
«Նախորդ տարի մենք համախմբել էինք արտիստների, որոնք միմյանց հետ որևէ ստեղծագործական առնչություն չունեին։ Նրանք տարբեր էին ամեն ինչով՝ երաժշտական ժանրից մինչև աշխարհայացք ու ստեղծագործական մոտեցումներ։ Սակայն այդ տարբերությունները չխանգարեցին, որ նրանք կանգնեն նույն բեմում և ծառայեն մեկ գաղափարի։

Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այսօր նախագծի հիմքում հայ ազգի միասնությունն է, մեր պատմությամբ և նախնիներով հպարտանալը։ Չկա սև, չկա սպիտակ, չկա «ես» և «դու»։ Կա՝ մենք։ Մենք եղբայրներ և քույրեր ենք։ Մեր նախնիները բոլորինս են եղել, և վաղը մենք ենք լինելու մեր երեխաների ու թոռների նախնիները։ Այսօր առավել քան երբևէ պետք է գիտակցենք, որ միայն համախմբված լինելով կարող ենք առաջ շարժվել»,– նշեց նա։

Անդրադառնալով նոր ներկայացմանը՝ Արման Նշանյանն ընդգծեց, որ այն նախորդի շարունակությունը չէ, այլ ամբողջովին նոր բեմադրություն։

«Սա սովորական համերգ չէ, այլ թատերական շոու։ Այո՛, հանդիսատեսը կրկին կտեսնի նախորդ տարվա որոշ մասնակիցների, սակայն ամբողջ ներկայացումն ամբողջովին նոր է։ Մասնակիցների ցանկն արդեն հրապարակվել է, բայց դեռևս բազմաթիվ անակնկալներ կան։
Ինչպես առաջին նախագծում, այնպես էլ այս անգամ բեմում կհամադրվեն սիմֆոնիկ և ազգային նվագախմբերի կենդանի կատարումները, LED էկրանների միջոցով ստեղծված տեսողական աշխարհը, ավանդական և ժամանակակից պարային բեմադրությունները։ Տարբեր ժանրերի արտիստները ոչ միայն երաժշտական կատարումներ կներկայացնեն, այլև կկենդանացնեն պատմական ժամանակաշրջաններ, ազգային խորհրդանիշներ և արժեքներ։

Այս անգամ ներկայացումը կունենա նաև պատմող ձայն, որպեսզի հանդիսատեսը կարողանա ամբողջությամբ ընկալել բեմում ներկայացվող պատմությունը։ Թեև պատմում ենք հայոց պատմությունը, այն հետաքրքիր է նաև օտար հանդիսատեսի համար։ Նախորդ տարի հենց Greek Theatre-ի աշխատակիցներն էին ինձ ասում, թե որքան մեծ հետաքրքրությամբ էին հետևում ներկայացմանը»,– պատմեց ռեժիսորը։
Խոսելով նախագծի երկարաժամկետ ծրագրերի մասին՝ Նշանյանը նշեց, որ «Նախնիների կանչը» շարունակական նախաձեռնություն է, սակայն հաջորդ ներկայացումը նախատեսված չէ հաջորդ տարի։

«Առաջիկայում նախատեսվում են մեծածավալ ֆիլմի նկարահանումներ, ուստի հաջորդ նախագիծը կկայանա 2028 կամ 2029 թվականին՝ արդեն շուրջ չորս անգամ ավելի մեծ դահլիճում։ Մեզ համար սա երբեք բիզնես կամ եկամուտ ստանալու միջոց չի եղել։ Մենք ներդրում ենք անում, որպեսզի մեր երիտասարդությանը և ամբողջ ժողովրդին հիշեցնենք, որ նրանք կարող են հպարտանալ իրենց ինքնությամբ, իրենց պատմությամբ և իրենց ազգով»,– ասաց նա։
Թեև նախորդ տարի հայտարարվել էր, որ նախագիծը կարող է ընդլայնել իր աշխարհագրությունը, այս անգամ կազմակերպիչները որոշել են պահպանել ներկայացման ավանդական վայրը։

«Մենք չենք ցանկանում, որ շոուն «ճանապարհորդի»՝ կորցնելով իր ամբողջականությունը։ Այն ստեղծված է հենց այս բեմի համար, և այլ քաղաքում նույն որակն ու ազդեցությունն ապահովելը չափազանց դժվար կլինի։ Ինչպես մարդիկ հատուկ մեկնում են Լաս Վեգաս՝ այնտեղի հայտնի շոուները դիտելու համար, նույն վերաբերմունքը կցանկանայինք ձևավորվեր նաև մեր նախագծի նկատմամբ»,– ասաց Արման Նշանյանը։
Այս տարվա մասնակիցների ցանկում ընդգրկված են Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Սեբուն («Capital Cities» խմբից), Ինգա և Անուշ Արշակյանները, Իզաբել Բայրաքդարյանը, Գևորգ Հակոբյանը, Մաշա Մնջոյանը, R-Mean-ը, «Կաթիլ»-ը, DJ Սերջոն և Վահագն Մ-ն, Գառնիկ Սարգիսյանը, Սուրեն Առուստամյանը, Ալբերտ Արմենակյանը, ինչպես նաև «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մասնակիցը և այլ արտիստներ։ Նախագծին կմիանան նաև պարող Լյուդվիգ Իսպիրյանը, «Զվարթնոց» պարի համույթը, ինչպես նաև «Հայկյան» և «Sound of Children» երգչախմբերը։
Գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան: Պրոդյուսեր՝ Ասկո Հակոբյան:
Նախագծի իրականացման գործում անգնահատելի է եղել University of Southern California-ի Armenian Studies Institute-ի և նրա Leadership Council-ի աջակցությունը։

«Խորին շնորհակալություն ենք հայտնում նաև People of Ar Cultural Foundation-ի հոգաբարձուների խորհրդին՝ ինչպես նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր բազմաթիվ բարերարներին ու աջակիցներին, ովքեր հավատացել են այս առաքելությանը և կանգնել են մեր կողքին։ Նրանց աջակցությամբ հնարավոր է դարձել ստեղծել մի նախաձեռնություն, որը միավորում է հայերին՝ անկախ տարիքից, աշխարհագրությունից, կենսակերպից, մտածողությունից կամ քաղաքական հայացքներից։ Այսօր մենք հավաքվում ենք մեկ երկնքի տակ՝ լսելու մեր նախնիների արձագանքները, վերագտնելու մեր ընդհանուր հիշողությունը և հարգանքի տուրք մատուցելու այն հսկայական ժառանգությանը, որի շնորհիվ ունենք մեր Հայաստանը, մեր մշակույթը և մեր ազգային ինքնությունը։ Այս միջոցառումը վկայությունն է այն բանի, թե ինչի կարող է հասնել միասնական հայությունը, երբ առաջնորդվում է ոչ թե բաժանարար գծերով, այլ ընդհանուր արժեքներով, հիշողությամբ և ապագայի հանդեպ պատասխանատվությամբ»,-եզրափակեց Արման Նշանյանը:

