«ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ». ճապոնական 900-ամյա խեցեգործական ավանդույթը ներկայացվեց Հայաստանում

13:45   20 հունիսի, 2026

Հայաստանի պատմության թանգարանը հունիսի 19-ին հյուրընկալեց ճապոնական մշակույթին նվիրված բացառիկ ցուցահանդես՝ «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով։ «Ճապոնիա հիմնադրամի» շրջիկ ժամանակավոր ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության համագործակցությամբ՝ նպատակ ունենալով հայ հանրությանը ներկայացնել Ճապոնիայի խեցեգործական արվեստի կարևորագույն ավանդույթներից մեկը։

db8b83ef-668d-4c6f-acdb-532454505b63.jpeg (44 KB)

Ցուցահանդեսը բացվեց պաշտոնական արարողությամբ, որին մասնակցեցին Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական։

0686baae-96b3-4202-8584-4cecb8fe463a.jpeg (39 KB)

Ցուցադրությունը ներկայացնում է Յակիշիմե կերամիկայի պատմությունն ու զարգացումը՝ դրա սկզբնավորումից մինչև մեր օրերը։ Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու ճապոնական գեղագիտությանը թեյի արարողությունների պարագաների, սեղանի սպասքի և ժամանակակից կերամիկական ստեղծագործությունների միջոցով, ինչպես նաև դրանց ձևավորման հիմքում ընկած մշակութային ավանդույթներին։

5b72da00-5044-4a5b-a92f-3bce2efda6cc.jpeg (39 KB)

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորեց նախաձեռնության նշանակությունը՝ ընդգծելով, որ սա թանգարանում ներկայացվող առաջին ճապոնական ցուցահանդեսն է։

«Այսօր շատ ուրախ ենք Հայաստանի պատմության թանգարանում ազդարարել մի շատ կարևոր նախաձեռնության մասին, որի շնորհիվ այստեղ ներկայացված է առաջին ճապոնական ցուցահանդեսը։ «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ Հայաստան են տեղափոխվել ավելի քան 60 կերամիկական նմուշներ՝ պատրաստված ճապոնական ավանդական տեխնիկայով»,- նշեց նա։

b84ab8e1-d3ab-48b1-b236-8a3c24bb2a0f.jpeg (42 KB)

Պողոսյանի խոսքով՝ ցուցահանդեսը կառուցված է մի քանի թեմատիկ բաժինների շուրջ։ Առաջինը պատմում է Յակիշիմեի ծագման մասին, երկրորդը ներկայացնում է դրա ավանդական և կիրառական նշանակությունը, իսկ երրորդը՝ Յակիշիմեն որպես արվեստի ինքնուրույն ձև։ Թանգարանի տնօրենը նաև ընդգծեց, որ ճապոնական խեցեգործության ներկայացումը Հայաստանի պատմության թանգարանում հետաքրքիր հնարավորություն է ստեղծում տարբեր մշակույթների խեցեգործական ավանդույթների համեմատական ուսումնասիրության համար։

cbd7a1ba-84ec-4abd-acba-53ef0383709a.jpeg (48 KB)

Ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվելու է նաև հատուկ վավերագրական ֆիլմ, որի հայերեն թարգմանված տեքստերը հնարավորություն կտան այցելուներին առավել խորությամբ ճանաչել ճապոնական մշակույթն ու արվեստը։

Դավիթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային, ում նախաձեռնությամբ հնարավոր դարձավ ցուցահանդեսի կազմակերպումը։

ae608e13-6681-4053-b6c6-a55926402548.jpeg (43 KB)

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իր հերթին, նկատեց, որ վերջին շրջանում Հայաստանում աճում է հետաքրքրությունը ճապոնական մշակույթի նկատմամբ։

«Վերջին ժամանակներն ինձ շատ ուրախացնում են, որովհետև բազմաթիվ միջոցառումներ ենք տեսնում՝ կապված Ճապոնիայի մշակույթի հետ, և դա, միանշանակ, նշանակում է, որ ճապոնական մշակույթը Հայաստանում պահանջարկ ունի։ Կարծում եմ՝ մենք պետք է խրախուսենք մեր թանգարաններին և գործընկերներին ավելի շատ նման նախաձեռնություններ իրականացնել ոչ միայն Հայաստանում, այլև Ճապոնիայում, որտեղ հայկական մշակույթը նույնպես կարող է հետաքրքիր լինել հանրության համար»,- ասաց փոխնախարարը՝ հավաստիացնելով, որ նախարարությունը կաջակցի նման մշակութային համագործակցություններին։

6180e983-e49a-4ae4-9907-0a4bc2bb0cb7.jpeg (42 KB)

Ցուցահանդեսի բացման ընթացքում ելույթ ունեցավ նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական՝ նշելով, որ «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» ցուցահանդեսը իրականացվում է Ճապոնիայի հիմնադրամի արվեստի և մշակութային փոխանակման ծրագրի շրջանակում։

«Աշխարհի բազմաթիվ երկրներում մեծ հաջողություն գրանցելուց հետո մենք ուրախ ենք առաջին անգամ այս ցուցահանդեսը ներկայացնել Հայաստանում։ Յակիշիմե խեցեգործությունը սկիզբ է առել մոտավորապես 12-րդ դարում։ Յակիշիմե բառը ճապոներենից բառացի նշանակում է «թրծված և կարծրացած», քանի որ թրծման ընթացքում կավը դառնում է խիտ և ամուր միաձուլված»,- նշեց դեսպանը։

9e4fef55-fea4-485f-8bff-3830a9dea057.jpeg (44 KB)

Նրա խոսքով՝ ցուցահանդեսում ներկայացված խեցեղենը պարզապես կենցաղային օգտագործման առարկաներ չեն, այլ դարերի ընթացքում ձևավորված և սերնդեսերունդ փոխանցված մշակութային ժառանգության կարևոր մաս։

«Այս առիթով մենք ուրախ ենք Հայաստանում ներկայացնել խեցեղեն, որն ունի շուրջ 900 տարվա պատմություն»,- ընդգծեց Աոկի Յուտական։

7ceed528-aa1b-4edd-b584-0216c755689f.jpeg (46 KB)

«ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» ցուցահանդեսն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ճապոնիա հիմնադրամի աջակցությամբ։

cebec10d-25eb-483f-b808-c1b2e56c123f.jpeg (45 KB)

Ցուցահանդեսը Հայաստանի պատմության թանգարանում կգործի մինչև հուլիսի 10-ը՝ հնարավորություն ընձեռելով այցելուներին բացահայտելու ճապոնական խեցեգործության բազմադարյա ավանդույթներն ու դրանց արտացոլումը ժամանակակից արվեստում։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE