«Երբ մի դուռ փակվում է, ավելի մեծն է բացվում». հետ-եվրատեսիլյան ամփոփում Սիմոնի հետ

12:08   22 հունիսի, 2026

«Եվրատեսիլ 2026»-ն արդեն մեկ ամիս է, ինչ պատմություն է դարձել, սակայն մրցույթի հույզերը դեռ արթուն են Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնի սրտում. երգիչը Վիեննայում կայացած մրցույթում հանդես եկավ Paloma Rumba երգով, ու թեև չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը, վստահեցնում է՝ իր համար այս ճանապարհն արդեն մեծ հաղթանակ էր։

Երգիչը NEWS.am STYLE-ի հետ խոսել է իր ապրումների, չանցնելու պատճառները վերլուծելու ցանկության բացակայության, սոցիալական ցանցերում տեղի ունեցած անսպասելի միջադեպի և առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Simon (@simooonofficial)

«Եվրատեսիլյան հիշողությունները մնացին իմ կյանքի լավագույն պահերի շարքում»

Սիմոնը խոստովանում է, որ մրցույթի ավարտից հետո իր հետ Հայաստան են վերադարձել ոչ միայն հիշողությունները, այլև բացառիկ զգացողությունները։

««Եվրատեսիլ»-ն ավարտվեց, բայց եվրատեսիլյան հիշողությունները, զգացմունքները, ապրումները՝ բոլոր գույներով, տեղ գտան իմ կյանքում երբևիցե տեղի ունեցած լավագույն պահերի շարքում։ Լինել «Եվրատեսիլի» բեմում, հայտնվել գերտաղանդավոր մարդկանց միջավայրում, լինել նրանցից մեկը՝ ինձ համար իմ կյանքի մեծագույն ձեռքբերումներից է»։

«Չեմ փորձել գտնել պատասխաններ, թե ինչու չանցանք եզրափակիչ»

Չնայած բազմաթիվ երկրպագուներ և մասնագետներ բարձր են գնահատել Հայաստանի ելույթը, Սիմոնը չի փորձել հասկանալ, թե ինչու չհաջողվեց հայտնվել եզրափակչում։

Նրա խոսքով՝ ամենակարևորը կատարված աշխատանքի հանդեպ հպարտությունն է։

«Երբեք չեմ փորձել գտնել պատասխաններ, թե ինչու այսպես կամ այնպես եղավ, որովհետև միայն այն փաստը, որ դու երբեք չես ամաչի միացնել քո ելույթը, դիտել այն ու հիանալ այն ահռելի մեծ աշխատանքով, որը կատարել ենք մենք Հանրայինի ամբողջ թիմի հետ միասին, արդեն հերիք է։ Շատերը պարզապես չեն պատկերացնում այդ երեք րոպեի ետևում թաքնված մեծ ու դժվար աշխատանքը՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Ես անկեղծորեն հիանում եմ այն աշխատանքով, որը մենք կատարել ենք»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Simon (@simooonofficial)

«Սա ևս ընդունում եմ որպես ճանապարհ դեպի ավելի մեծ ձեռքբերումներ»

Երգիչը չի թաքցնում, որ իր կյանքում բազմաթիվ իրավիճակներ են եղել, որոնք առաջին հայացքից ցանկալի արդյունք չեն ունեցել, սակայն հետագայում վերածվել են նոր հնարավորությունների։

«Իմ կյանքում երբեք ոչինչ չի եղել հենց այնպես։ Երբ եղել են պահեր, երբ իմ ուզածով չի ստացվել, դա միայն նշանակել է, որ քեզ ավելի մեծ ձեռքբերումներ են սպասվում։ Ես սա էլ եմ այդպես ընդունում ու վստահ եմ, որ ինձ ավելի մեծ բան է սպասվում։ Միշտ այդ հավատով եմ ապրում, և կյանքի փորձը ցույց է տալիս, որ երբ մի դուռ փակվում է, երկրորդը՝ ավելի մեծն է բացվում քո առաջ»։

«Ամենամեծ ձեռքբերումը բեմական փորձն էր»

Սիմոնի համոզմամբ՝ «Եվրատեսիլ»-ի գլխավոր նվերը փորձն էր, որը հնարավոր չէ ստանալ որևէ այլ հարթակում։

«Լինել մեծ բեմում, գիտակցել, որ քեզ նայում են հազարավոր մարդիկ ոչ միայն դահլիճում, այլև միլիոնավոր հեռուստադիտողներ, և կարողանալ տիրապետել ինքդ քեզ՝ շարժումներին, հայացքներին, հույզերին, կարծում եմ՝ ամենամեծ ձեռքբերումն է, որը կարող էի վերցնել «Եվրատեսիլ»-ից»։

Սիմոնի ֆավորիտը՝ Ավստրալիայի ներկայացուցիչը

Թեև մրցույթում բազմաթիվ ուժեղ մասնակիցներ կային, երգիչը առանձնացնում է Ավստրալիայի ներկայացուցչին։

«Ֆավորիտներ շատ կային, բայց կառանձնացնեմ Ավստրալիայի ներկայացուցչին, որն ինձ համար ուներ տարբերվող էներգետիկա և ահռելի հզոր ձայն։ Բայց չեմ կարող չասել, որ բոլորն էլ տարբերվող էին ու ֆավորիտ՝ իրենց ոճում»։

Ինչպե՞ս է կոտրվել Instagram-ի էջը

Մրցույթի ավարտից հետո Սիմոնի Instagram-ի էջը ժամանակավորապես անհասանելի էր դարձել, ինչը մեծ անհանգստություն էր առաջացրել երկրպագուների շրջանում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Simon (@simooonofficial)

«Դա անսպասելի էր, հատկապես այդ ակտիվ շրջանում, երբ, եթե չեմ սխալվում, օրական մոտ 5 միլիոն մարդ էր այցելում իմ էջ։ Այդ պահին արգելափակվելը անհավատալի բան էր, որովհետև երբեք նման դեպք չէր եղել ինձ հետ։ Բայց դա էլ ընդունեցի որպես կյանքի հերթական փորձություն, որին պետք էր դիմակայել ու առաջ շարժվել»։

Երգիչը հատուկ շնորհակալություն է հայտնում Հանրային հեռուստաընկերության թիմին, որի աջակցությամբ հաջողվել է վերականգնել էջը։

Նոր երգ և տեսահոլովակ՝ արդեն ճանապարհին

Եվրատեսիլյան շրջանն ավարտված է, սակայն Սիմոնը չի պատրաստվում երկար դադար վերցնել։ Նա արդեն աշխատում է նոր ստեղծագործության վրա։

«Հիմա ակտիվորեն զբաղվում եմ նոր երգով, որպեսզի ներկայացնեմ նոր տեսահոլովակ։ Փորձում եմ երկար չսպասեցնել իմ երկրպագուներին, որոնց թվում արդեն կան նաև նոր մարդիկ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատում են ինձ և գնահատում են իմ արվեստը»։

Թեև «Եվրատեսիլ 2026»-ը Սիմոնի համար արդեն պատմություն է, նա վստահ է՝ սա ոչ թե վերջնակետ է, այլ նոր ու ավելի մեծ հնարավորությունների սկիզբ։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE